Ի՞նչ են որոշել Մոսկվան և Բաքուն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների վերաբերյալ
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հարցին։ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հիշեցրել է, որ Փաշինյանի, Ալիևի ու Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը մինչև 2025 թվականն է։
Հաջիզադեն ասել է, որ Ադրբեջանի կողմից իրականացված սեպտեմբերյան միջոցառումներից հետո խաղաղապահ զորախմբի ամենօրյա գործունեության և նրանց տարբեր կարիքների վերաբերյալ պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն է առաջացել։ Միևնույն ժամանակ նա մեղադրել է, որ վերջին 3 տարիների ընթացքում հայկական զինված ուժերը իբրև թե խաղաղապահների տեղակայման գոտիներում լայնածավալ ականապատում են իրականացրել, ասելով, որ անհրաժեշտություն կա իբրև թե այդ սպառնալիքների վերացմանն ուղղված համատեղ ջանքերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնել։
Նշենք, որ Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլի ժամկետը գտնվում է ԱԳՆ-ի հետ համաձայնեցման փուլում։
«Հակաահաբեկչական գործողության ավարտից հետո, ռուս խաղաղապահները, ադրբեջանական ուժերի հետ միասին, պարեկություն են իրականացնում տարածքում՝ պաշտպանելով շենքերն ու մշակութային կառույցները։ Մեր խաղաղապահ կոնտինգենտի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները ներկայումս համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ, նրա մնալու ժամկետը լրանում է 2025 թվականին»,- ասել էր Եվդոկիմովը՝ սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած արյունալի գործողությունը անվանելով հակաահաբեկչական գործողություն, ինչպես Բաքուն է նշում։
Առավել ուշագրավ էր օրերս ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հարցազրույցը, որում նա նշել էր, որ խաղաղապահների տեղակայման ժամկետները կհամաձայնեցվեն միմիայն Բաքվի հետ։ Սակայն սրան զուգահեռ՝ նա նաև ասել էր․ «Ցավոք, Ղարաբաղի հայերի մեծ մասը հեռացել է տարածաշրջանից։ Դա նրանց ծանր, բայց ինքնակամ ընտրությունն էր։ Այս առնչությամբ կարևոր է ստեղծել պայմաններ նրանց վերադարձի համար, ովքեր կցանկանան անել դա՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման դեպքում»։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Մոսկվան և Բաքուն կքննարկեն, թե ստեղծված այս նոր միջավայրում ինչով պետք է զբաղվեն ռուս խաղաղապահները։
Ըստ նրա, կարծես ադրբեջանական կողմն արդեն պատկերացում ունի, թե մինչև 2025 թվականը ինչպես կփաթեթավորվի խաղաղապահ կոնտինգենտի ներկայությունը Ղարաբաղում։
«Ինչո՞ւ է Ադրբեջանի համար կարևոր փաթեթավորումը, քանի որ 2020 թվականի պատերազմից և նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից, խաղաղապահների տեղակայումից կարճ ժամանակ անց ադրբեջանական քարոզչությունն ուղղված է եղել խաղաղապահների դեմ, որպեսզի կոնտինգենտն օր առաջ լքի Ղարաբաղը։ Սակայն այս երեք տարիների ընթացքում ակտիվ ու բուռն աշխարհաքաղաքական իրադարձություններ տեղի ունեցան այս հակամարտության շուրջ։
Փաստորեն ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող է բարձրացնել խաղաղապահների՝ ռեգիոնը լքելու թեման ու հասնել իր վերջնական նպատակին, սակայն դա չի անում գոնե մինչև 20225 թվականը։
Սա նշանակում է, որ Ադրբեջանը մտավախություններ ունի և չի շտապում Ղարաբաղից դուրս բերել խաղաղապահներին։ Ադրբեջանը սեպտեմբերի օպերացիայից հետո իր ազդեցությունը սահմանեց ողջ Ղարաբաղի վրա, սակայն հենց այստեղ մտահոգություններ կան Ադրբեջանի իշխանությունների մոտ»,- ասաց Եվսեևը։
Նրա խոսքով, Ռուսաստանն էլ իր հերթին՝ ղարաբաղահայերի համար է փորձում հնարավորություն ստեղծել։
«Ես հասկանում եմ, որ այստեղ խոսքը շատ բարդ հարցերի մասին է՝ հատկապես սեպտեմբերից հետո։ Բայց սա քաղաքականություն է, որի հետևանքով լուրջ հարցեր են որոշվում, ռեգիոնների ճակատագրեր։ Ես ևս կարծում եմ, որ վերադարձի համար լուրջ պայմաններ պետք է ստեղծվեն։ Մարդիկ պետք է այդ հնարավորությունն ունենան»,- ասաց նա։
Անդրադառնալով Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի մոտ տեղի ունեցած զինված ողբերգական միջադեպին, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր՝ Եվսեևը ցավով նշեց, որ նման միջադեպերը դեռ բացառված չեն կողմերի միջև։
«Պատճառների մասին մենք բազմիցս ենք խոսել, դա և կողմերի միջև թշնամական մթնոլորտն է, և տարաձայնություններն են, և ռազմական բալանսի բացակայությունը։ Կարծում եմ՝ Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններից հետո էլ բոլոր խնդիրներն էլ ավելի սուր են զգացվելու տարածաշրջանում»,- ասաց վերլուծաբանը։