Փաշինյանի առաջարկած նոր Սահմանադրությունը պլաստիկ, կոսմետիկ փոփոխություն չէ, դա սեռափոխություն է. պետք է կասեցնել՝ «Огонь из всех пушек…»
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններով ուղղակիորեն իր բարձր վարկանիշով իր վարքաբանությունը լեգիտիմացրեց։ Դրա մասին են խոսում նրան հղված շնորհավորանքները՝ Արևմուտքից, Եվրոպայից, Ռուսաստանից և այլն։ Հօդս է ցնդում այն իրողությունը, որ Ադրբեջանը Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացված իր ռազմաքաղաքական քաղաքականության հետևանքով կարող է իզոլյացվել ու հայտնվել պատժամիջոցների տակ։ Այս հարցը մեկընդմիշտ փակվեց։
- Ես վերջին մի ամսվա մեջ հետևում եմ, թե ի՞նչ է անում Փաշինյանը «լեգիտիմություն» քաղաքագիտական երևույթի հետ։ Լեգիտիմությունն ու լեգալությունը պետք չէ խառնել։ Լեգիտիմությունն իշխանություն պահելու իրավունք չէ։ Եվրոպական ժողովրդավարության բաստիոններում լեգիտիմության կորուստն ուղեկցվում է իշխանության կորստով։ Օրինական ձևով ընտրված յուրաքանչյուր անձ լեգիտիմ է ընտրության պահին, սակայն մեկ ամիս հետո որևէ ընտրված անձ կարող է այնպիսի բան անել, որ այլևս լեգիտիմ չլինի։
- Իշխանություննե՛ր, եթե դուք անընդհատ խոսում եք լեգիտիմության մասին, ապա դուք այլևս լեգիտիմ չեք, որովհետև ձեր կուսակցության և ձեր կառավարության ծրագրում որևէ աղերս չկա ձեր խոստումների և այսօր իրականացվող ձեր քաղաքականության հետ։
- Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, Արցախը՝ հանձնված, հայոց բանակի մասին ով ինչ ուզում՝ ասում է, այդքան հայորդիներ հանձնվեցին հողին, ու այդքանից հետո որևէ հայ մարդ պետք է մտածի, որ դրանում Սահմանադրությո՞ւնն է մեղավոր։
- Երրորդ Հանրապետությունն իր ռեսուրսները չի սպառել։ Եթե խոսում են 4-րդ Հանրապետության մասին, ի՞նչ իրավահաջորդության մասին է խոսքը։ Սահմանադրությունը հայ մարդու՝ իր հողի վրա ապրելու, արարելու վերջին, ամուր հովանոցն է։ Սահմանադրության մեջ կարելի է կոսմետիկ փոփոխություններ անել՝ օրինակ, կառավարման մոդել փոխել, և այլն: Բայց իրենց առաջարկածը պլաստիկ, կոսմետիկ փոփոխություն չէ, սեռափոխություն է։ Պարզ է, որ դա անում են Սահմանադրության Նախաբանը փոխելու համար։
- Ցավոք սրտի, մենք այն աստիճանի ենք տարածաշրջանային առումով հասել սնանկության, որ մեր ներքաղաքական կյանքի վրա ազդում է միայն Ադրբեջանը, արդեն Թուրքիան չի էլ խառնվում, թողել է, որ Ադրբեջանը զբաղվի:
- Սա նոնսենսների նոնսենսն է․ ստացվում է՝ հայ ժողովրդի մի մասը Նիկոլ Փաշինյանին կարգել է միապետ, որից ներքև ամեն ինչ կարելի է փոխել, բացի միապետի՞ց։ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է այս Սահմանադրության ու այս օրենքների տրամաբանության շրջանակում։ Եթե նա ձախողում է ամբողջը, ապա նա պետք է հեռանա, այլ ոչ թե նստի ու իր ձախողումները բարդի բոլորի վրա, բացի իրենից։
- Դուք հասկանո՞ւմ եք, խոսքը նրա մասին է, որ պետության ղեկավարն ուզում է լուծարել իր ղեկավարած պետությունը։ Խորհրդարանական երկրի վարչապետը նման իրավունք չունի, նա իրեն պահում է միապետի պես: Դուք դրա բարոյական, լեգիտիմ, իրավական իրավունքը չունե՛ք:
- Բոլորս սպասում էինք, չէ՞, որ Փաշինյանի կողմից կարգված մեղավորների զինանոցը մի օր սպառվելու է, ու վերջում ժողովրդին է հռչակելու մեղավոր։ Իրականում Փաշինյանի բոլոր օրակարգերն ամբողջությամբ սպառված են։ Նոր Սահմանադրության օրակարգը ոչ թե նոր Սահմանադրություն ընդունելու համար է, այլ խորհրդարանական ընտրությունների գնալու։
- Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանը կհստակեցնի իր արտաքին քաղաքական վեկտորները։ Հայաստանի հետ կսկսեն խոսել բացեիբաց, առանց վերապահումների։ Ռուսները երբեք չեն մոռանում նրանց, ովքեր իրենց համար բարդ իրավիճակներում իրենց չեն պահում որպես գործընկեր։ Նրանք դա չեն մոռանալու: Ռուսները հիմա կտրուկ քայլերի չեն գնա․ կսպասեն, որ Փաշինյանը կտրուկ քայլ անի։ Այսինքն՝ Փաշինյանը քայլեր կատարի և բացեիբաց խոսի Ռուսաստանի հետ անվտանգային հարթակներից, ռուսական ռազմաբազան հանելու, ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին…
- Գաղափարախոսություն չունեցող կուսակցությունը՝ ՔՊ-ն, ի՞նչ գաղափարաբանական հարցեր է քննարկում իր ժողովների ժամանակ, եթե իրենք հայտարարել են, որ «իզմ»-եր չունեն, այսինքն՝ չունեն ոչ գաղափարախոսություն, ոչ սկզբունքներ…
- Երկրի ղեկավարը պետք է քիչ խոսի իր ընկալումների ու պատկերացումների մասին։ Սա ազգային անվտանգության հարց է։
- Պետությունը քանդող հեղափոխականներն այսօր խոսում են պետականության, պետության մասին:
- Երբ ձեզ բարձր մարտունակության մակարդակի բանակ էին փոխանցել, դուք ազգայնական էիք, այն ժամանակ, երբ դա պետք է շարունակեիք զարգացնել և օգտագործեիք պատերազմի ժամանակ՝ դուք ձախողեցիք, ու այսօր ձեր ձախողման մեղավոր նշանակում եք բոլորին։ Բոլոր իրավիճակների համար ունեն մեղավորներ։
- Փաշինյանի քաղաքականության ֆիասկոն ռեալ, ռեալ հողի վրա՝ ահավոր խորն է, որից տուժում է Հայաստանի Հանրապետությունը:
- Փաշինյանի քաղաքական վարքն անվտանգային խնդիր է առաջացնում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի և այլ երկրների համար: Անկանխատեսելիությունը, հատկապես հարևանների անկանխատեսելիությունն անվտանգային ոլորտում, երբ հստակություն չկա, պետության ղեկավարը ոչ թե խոսում է հստակ, սկզբունքային կետերի մատնանշմամբ, և արտաքին քաղաքական գործընկերները կարողանում են կանխատեսել, թե տվյալ պետության ղեկավարի վարքաբանությունից ինչ կարելի է սպասել այս կամ այն անվտանգային իրավիճակում: Նրանք ևս լսում են Փաշինյանին և գիտակցում են, որ նա պոտենցիալ անվտանգային ռիսկ է իրենց երկրների համար: Իրանն ու Ռուսաստանը, վստահ եմ, ևս Փաշինյանի հայտարարություններից և վարքից նման հետևություններ են անում և ունեն նման մտավախություններ:
- Նոր Սահմանադրությունը միջոց է Փաշինյանի համար, որ պահի իր իշխանությունը։ Երրորդ Հանրապետության սնանկացման գենպլանն իրականացնելու համար իշխանություններն օգտագործում են իրենց ունեցած ողջ գունապնակը։ Դա կասեցնել է պետք բոլոր հնարավոր միջոցներով, առանց խտրության, ինչպես ասում են՝ «Огонь из всех пушек…» (Կրակ բացել բոլոր հրանոթներից):
- Ես ձեզ երաշխավորում եմ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային կարգավիճակը, անվտանգային, սոցիալական, բարոյահոգեբանական, հասարակական առողջության կարգավիճակը կլինի կատարելապես այլ, երբ Փաշինյանը Հայաստանում դադարի լինել քաղաքական գործոն։ Դա կտևի 5 րոպե։ Վստահեցնում եմ:
- Ընդդիմությունը պետք է հստակ այլընտրանքային առաջարկ ներկայացնի հասարակությանը: Ոչ թե պետք է վազել շոգեքարշի հետևից՝ նրա առաջարկած կեղծ «պրոդուկտը» քննարկելով, այլ, որպես ընդդիմություն՝ դու պետք է դառնաս, պատկերավոր ասած, այդ շոգեքարշը, որ չկարողանա վազել և շնչահեղձ լինի: Պետք է դադարենք քննարկել նրա քարոզչական թեզերը: Սա է մեր թիվ մեկ խնդիրը՝ պետք է դառնալ շոգեքարշ՝ ներկայացնելով մեր առաջարկները հանրությանը: Մարդիկ ամեն ինչ այլևս հասկանում են:
- Իր քաղաքական գործունեության մեջ Փաշինյանն օգտագործում է աղանդավորական քարոզի գործիքներ, մեթոդներ։ Փաշինյանը դեռևս իշխանություն ունի, որովհետև նրան փոխարինողը քաղաքական, հասարակական առումով դեռ առաջարկված չէ։
- Եկեղեցուց սկսած՝ մինչև Գիտությունների ազգային ակադեմիա, պրոֆմիություններից մինչև այլ կազմակերպություններ, մասնագիտական կազմակերպություններ, պետք է ըմբոստանան։ Ըմբոստությունը պետք է ինստիտուցիոնալ տեսք ստանա։ Այդ կառույցների հետ պետք է հստակ աշխատել:
- Քաղաքական, քաղաքագիտական բոլոր գործիքներով պետք է խափանել Փաշինյանի ծրագրերը:
- Պետության շարունակականությունը, պետության ամրությունը պատի և արժանապատվության գաղափարաբանության մեջ է, այլ ոչ թե ստի, կեղծիքի, մաղձի, իրար դեմ հանելու և դրա միջից սեփական իշխանությունը պահպանելու ռեսուրսը հայթայթելու մեջ:
- Փաշինյանը ծայրաստիճան հյուծված է քաղաքական տեսանկյունից։ Երբ տեսնում ենք՝ նա ձեռքն ինչ օրակարգերի է գցում, որ իրեն փրկի, պարզ է դառնում՝ ֆիասկոն ինչ աստիճանի է։
- Որևէ կասկած չունեմ՝ որքան էլ գաղափարաբանական թույնի մեջ մեր ժողովրդին մտցնեն, մեր ժողովուրդն այս թույնը թոթափելու է, մեր պետության՝ հողի վրա վտանգի դեպքում մեր ժողովուրդը մի վայրկյանում ոտքի է կանգնելու։ Մենք այսօր ժամանակավոր մաղձի մեջ ենք։ Ու մենք դրանից անպայման դուրս ենք գալու։ Երևույթները տանում են դրան։