Իմ՝ Ալիսա Գևորգյանի, վճարած հարկերի հաշվին է նաև, որ Նիկոլ Փաշինյանն իմ որդուն տարավ Եռաբլուր, որ իր 4 երեխաները հովանոց բռնող, դուռ բացող ունենան ու ապրեն կառավարական ամառանոցում

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը  Հանրային ռադիոյի լրագրող, 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրն է՝ Ալիսա Գևորգյանը։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ամիսներ առաջ, երբ 44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն ակցիա էին իրականացնում Բաղրամյան պողոտայում, 2018թ․ որպես ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկ ներկայացած կեղծ անձը եկավ, ծնողներին վիրավորեց ու գնաց։ Այսինքն՝ այդ կեղծ պապիկը մինչև հիմա հաստիքով աշխատում է ՔՊ-ի մոտ։ Ես միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, ովքեր Աբաջյանի կեղծ պապիկի դրվագից հետո, երբ կեղծիքը շատ արագ բացահայտվեց, շարունակեցին հավատալ Նիկոլ Փաշինյանին։

Կարդացեք նաև

  • 2018թ., երբ Հրապարակում մեր ժողովուրդը Հրագ ու Նիկոլ Փաշինյան էր լսում, ես սարսափով եմ ընկալել այդ ամենը։ 2018թ․ ապրիլին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, կանգնած էի կանգառում, չկար տրանսպորտ, տաքսիներ, մետրոն, և այդ ժամանակ «Սասունցի Դավիթ» կայարանի կողմից մեքենաներ եկան՝ մեջը երիտասարդ տղաներ, աղմուկ-աղաղակով… Ես այդ օրը սարսափ ապրեցի։ Նույն տեսարանը տարիներ առաջ Կարինում էի տեսել, և այն ժամանակ ինձ թվացել էր՝ թուրքերը հայերին հենց այդպես են ցեղասպանել։ 2018թ․Հայաստանում հեղափոխություն կոչվածի այդ օրը ես սարսուռ ապրեցի․ ինձ թվաց՝ թուրքերը մտան Հայաստան, այդ օրերից Հայաստանում հաստատվեց կիսալուսնի իշխանությունը։
  • Ոչ մի պատահականություն չկա․ այս կինը՝ Աննա Հակոբյանը, ամեն ինչ անում է մտածված։ 

 

  • Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ինչ-որ հասարակության սոցիալական որևէ խմբից, ինձ մոտ տպավորություն է, որ այդ մարդիկ կամ ապրում են մի ուրիշ մոլորակում, կամ երկրի հակառակ կողմում, որի մասին գաղափար ունեն միայն ինքն ու իր ՔՊ-ն։ 

  • Ես՝ Ալիսա Գևորգյանս, աշխատում եմ, և իմ վճարած հարկերի հաշվին է նաև, որ Նիկոլ Փաշինյանն իմ որդուն տարավ Եռաբլուր, որ իր 4 երեխաները հովանոց բռնող, դուռ բացող ունենան ու ապրեն կառավարական ամառանոցում։ Արդյո՞ք Գարիկ Գալեյանը հպարտ, հերոս հարկատուների շարքում չի տեղավորվում, որի որդուն ինքը տարավ պայմանավորված պատերազմի, իսկ նրա հորը հիմա թույլ չի տալիս այցելել իր որդու շիրմին։ Ես շարքային հարկատու եմ։ Հարկ չվճարելը հանցագործություն է, իսկ հարկ վճարելը հերոսություն չէ՛։ Գյո՞ւտ էր արել Նիկոլ Փաշինյանը։ Ո՞վ չգիտի՝ պետությունը հարկերով է գոյատևում։ Նա գզիրի տպավորություն էր թողնում։ 

  • Ես կարող եմ, չէ՞, ասել՝ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, մենք այսքան մեծ Եռաբլուր չէինք ունենա ու Արցախ կունենայինք։ Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, այսօրվա հարցազրույցն էլ չէր լինի։ 

  • Հասարակությունն առողջ չի, բայց նույնիսկ դա է օբյեկտիվ, որովհետև վերջին 5 տարում այնպիսի ներանձնային ատելություն է տարածվել, այնպիսի արժեզրկումներ են եղել, որ այլ կերպ հնարավոր չէ։ Մեր հասարակությունը չի բուժվելու, քանի դեռ հիվանդության վարակը կա։ Վիրուսն էլ է պետք բուժել։ Քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանը, այլ կերպ չի լինելու։ Ինքն անընդհատ հակադրելու է ներկաները՝ նախկիններին, սևերը՝ սպիտակներին… Ինքը նույնիսկ իր թիմում է հակադրություններ ստեղծում։ Նրա համար սովորական բան է՝ կլինես զոհվածի մա՞յր, տարեց կի՞ն, թե՞ կերակրող մայր, կարող է հանգիստ կալանքի տանել, ծեծի ենթարկել, բռնության ենթարկել… Նիկոլ Փաշինյանի համար կարմիր գծեր չկան։ 

  • Հայ ժողովրդի, Հայաստանի չգոյության մասին են Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները։ Եթե 4-րդ Հանրապետություն ասվածն իրականություն դառնա, կհաստատվի կիսալուսնի իշխանությունը Հայաստանում, տվյալ դեպքում՝ չհայաստանում։ 

  • Մարդիկ, ցավոք, առևտրականի հոգեբանությամբ են առաջնորդվում։ Մեր հասարակության զգալի հատված հենց այդպիսի հոգեբանություն ունի։ 
  • Ես համաձայն եմ՝ Ցեղասպանության ճանաչման հարցը խանգարում է Սուքիասյանների բիզնեսին։ 

Այսօր տեսակի կռիվ է։ Կա Սուքիասյանների, Փաշինյանի տեսակը, և կա Գագիկ Գինոսյանի տեսակը, որի ամբողջ կյանքը նվիրված էր հային հայ կրթելուն, հայրենիքին տեր լինելու գաղափարի իրագործմանը։ Կա Կարեն Վարդանյանի, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, Արմեն Գրիգորյանի տեսակը և կա Խաչատուր Սուքիասյանի տեսակը, որի ուղեղում կա միայն՝ փող, փող, փող, և եթե դրան խանգարում է  Արցախը, ապա պետք է հանձնել այն, եթե խանգարում է կարմիր շորը, պետք է հանել կարմիր շորը… 

  • Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիո գալու օրը ես Ռադիոյի շենք չեմ մտել։ Ես չէի կարող նույն տարածքում գտնվել մի մարդու հետ, որի ձեռքերին ու դեմքին իմ որդու արյունն է։ Ես այդ օրը Զինվորի տանը նկարահանման էի։ 
  • Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն այդ օրը Հանրային ռադիոյի շենքում ամենուր են եղել։ Հավանաբար նրանք էլ հանել են Արցախի դրոշը, որի մասին տեղեկացվել է Հայաստանի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը ու հրահանգել դրոշը դնել իր տեղում։ 
  • Հայաստանի Հանրային ռադիոն բոլոր նախագահների օրոք էլ և հիմա էլ միշտ ներքին ազատություն է ունեցել։ Ի պատիվ Գարեգին Խումարյանի՝ ինքը շատ չեզոք է։ Մինչ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ես չեմ իմացել՝ քաղաքական ինչ հայացքներ ունի Գարեգին Խումարյանը։ Նա ինձ համար պրոֆեսիոնալ լրագրողի օրինակ է։

  • Լրագրող լինելուց առաջ մենք հայ ենք, մարդ, որի հայրենիքն ու պետությունն իր աչքի առաջ կործանվում է։ Մենք իրավունք չունենք չեզոք վերաբերմունք ունենալ այդ փաստի վերաբերյալ։ 
  • Այն տաղավարում, որտեղից հնչող հաղորդումներով նույնիսկ քուրդ ժողովուրդը մշտապես իր ազգային ինքնությունն է պահել, Նիկոլ Փաշինյանը տառացիորեն գաղափարական տեռորի ենթարկեց իր իսկ հայրենակիցներին։ 
  • Նիկոլ Փաշինյանն իր բառախաղերով լեզվի ակրոբատիկայով է զբաղվում:
  • Ադրբեջանը մեզ չի հաղթել։ Մեզ հաղթել են թուրքական բայրաքթարները, սիրիացի ահաբեկիչները և հայ դավաճանները։ Նույն Ալիևը, ով տարիներ շարունակ կարկուտը խփած դդումի դեմքով նստում էր բանակցությունների սեղանին, հիմա հերոս է։ Ես չեմ հավատում, որ սա անկարողության, տգիտության հետևանք է։ Եթե տգետ եք, հեռացեք։ 
  • Կրկնում եմ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ասածը՝ գնա՛, որ էլ մարդ չմեռնի, բայց գիտեմ, որ դու գնացողը չես։ 
  • Հիմա կարևոր չէ, թե ով է բերել Նիկոլին, ավելի կարևոր է՝ ով է տանելու Նիկոլին։ Պետք է համախմբվեն բոլորը՝ Հայաստանի երեք նախագահներն ու կուսակցությունները։ Փորձե՛ք թուրքին կանգնեցնել, մնացած հարցերը հետո կպարզեք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս