Նիկոլ Փաշինյան մանիպուլյատորը. ՀԴՄ կտրոն պահանջողի հերոսացումից՝ մինչև հարկ վճարողի հերոսացում
Փետրվարի 7-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ իր հերոսը հարկ վճարողն է, և եթե հարկ վճարողը չլինի, չի լինի բանակը:
«Բոլոր այդ մարդիկ՝ պետական բյուջեից աշխատավարձ ստացող քաղաքացիները, ասում են՝ էս ինչ ա, էս երկրի հերոսը հարկ վճարող քաղաքացին է, էս ինչ խայտառակություն է: Ես այդ մարդկանց անկեղծությանը կհավատամ, եթե մինչև հիմա իրենց ստացած բոլոր աշխատավարձերը, որ ձևավորվել է հարկ վճարող քաղաքացիների հաշվին, վերադարձնեն պետական բյուջե: Ակնարկն այն է, որ բա բանա՞կը, բա զինված ուժե՞րը. Բանակը, զինված ուժերը սնում է հարկ վճարող քաղաքացին: Կա՛ հարկ վճարող քաղաքացի՝ կա՛ բանակ, չկա՛ հարկ վճարող քաղաքացի՝ չկա՛ բանակ, չկա՛ բանակ՝ բառի բուն իմաստով, չկա՛ բանակ, կոշիկ, շոր, ավտոմատ, փամփուշտ, տանկ, հրացան, ոչ մի բան, պագոն, աշխատավարձ, պարգևավճար, մեդալ, մեդա՛լ…
Հայաստանի ազգային հերոսի մեդալը ձուլում են հարկ վճարող քաղաքացու հարկի հաշվին, կա՛ քաղաքացի, որ հարկ է վճարում, կա՛ Ազգային հերոս, և այն մարմինը, որ որոշում է, որ էսինչ մարդը Ազգային հերոս է, էդ մարմինը գոյություն ունի միայն այն պատճառով, որ կա հարկ վճարող քաղաքացի, չկա՛ հարկ վճարող քաղաքացի՝ չկա՛ այդ մարմինը, որ որոշում է՝ այս մարդը հերոս է, չկա՛ այդ հերոսը՝ չկա՛ այդ հերոսի կոչում տվող, չկա՛ այդ հերոսին մեդալ տալու որոշում, չկա՛ այդ հերոսի մեդալը՝ չկա՛ այդ հերոսի մեդալը հանձնող պաշտոնական արարողությունը, որովհետև այն լույսը, որը վառվում է այն դահլիճում, որտեղ պետական պաշտոնյան հանձնում Է Հայրենիքի շքանշանը Ազգային հերոսին, այդ լույսը վառվում է միայն հարկ վճարող քաղաքացու շնորհիվ: Չկա՛ հարկ վճարող քաղաքացի՝ չկա՛ լույս, կարող են ասել՝ ոչինչ, մենք մոմի տակ կտանք, չկա՛ հարկ վճարող քաղաքացի՝ չկա՛ մոմ, որովհետև այդ մոմը, որը պետք է առներ այդ պետական մարմինը, չունի այդ փողը, որ առնի այդ մոմը, և նույնիսկ չկա այդ լուցկին, որով հնարավոր է կողքից վառել… Հայաստանի Հանրապետության թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է, որովհետև առանց նրա չկա պետությունը, չկա բանակ, չկա զինվորը, կապիտանը, գեներալը, լեյտենանտը: «Եռաբլուր»-ը հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է»,- շարունակել է նա:
Փաշինյանը վերը նշված պնդումը կրկնել է նաև այսօր՝ ֆեյսբուքյան իր գրառման մեջ՝ նշելով.
«Աշխատող և հարկ վճարող քաղաքացին 2023 թվականին աշխատել և պետական բյուջե է վճարել 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 2017 թվականի համեմատ ավել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով (շուրջ 2.6 միլիարդ դոլարով) կամ 92 տոկոսով: Ես խոնարհվում եմ աշխատող և հարկ վճարող քաղաքացու առաջ»:
Առաջին հայացքից թվում է՝ վատ բան չի ասում, այո, բարեխիղճ հարկ վճարողը հերոս է, ավելին՝ մինչև հիմա ՀՀ-ում ապրել շարունակողը նույնպես հերոս է, հարկ վճարողի շնորհիվ են այլ ոլորտներում խնդիրներ լուծվում, Փաշինյանը պաշտպանական ծախսերի ավելացման մասին է հայտարարում, բարձր աշխատավարձով բանակում փորձում մարդկային ռեսուրսի խնդիր լուծել: Բայց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներն ու մտքերը միշտ տարաձայնություններ և բախումներ են առաջացնում հանրության տարբեր հատվածների միջև, տվյալ դեպքում՝ զինվորին և հարկ վճարողին հերոս համարողների:
Այսինքն, նա միշտ մեկին հերոսացնում է՝ մյուսին նսեմացնելու հաշվին: Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը խրոնիկ ատելություն ունի բանակի, սպայի, զինվորի, գեներալի հանդեպ, դա ակնհայտ է, եթե չասենք նաև, որ ունի վախեր, համենայնդեպս, որոշակի ժամանակահատվածում, որոշ գեներալների նկատմամբ: Սա՝ առաջին:
Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ, օրինակ, 2021 թվականի կիսամյակի և 2022 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ՀՀ պաշտպանության նախարարությունը եղել է խոշոր հարկատուների ցուցակում՝ առաջնային տեղերում, այնուհետև, ինչպես 2023 թվականի հունվարին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշել էր Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, դուրս է մղվել առաջնային տեղերից, թեպետ բավարար հարկ է վճարած եղել:
Երրորդ, եթե 44-օրյա պատերազմում մարդկային կորուստներին մոտենանք Փաշինյանի տեսանկյունից, ապա մի քանի հազար պոտենցիալ հարկ վճարող ենք կորցրել: Կրկնում ենք, եթե սա դիտարկենք զուտ Փաշինյանի տեսանկյունից, քանի որ մեզ համար նրանք ավելին են, քան զուտ հարկ վճարող:
Չորրորդ, Փաշինյանը հայտարարում է՝ եթե հարկ վճարողը չլինի, չի լինի բանակը, զինվորը, սպան: Բայց մոռանում է, որ եթե բանակը, զինվորը չպահպանի երկրի անվտանգությունը, սահմանները, դիրքերը, ապա այսօրվա հերոսացվող հարկ վճարողը չի կարողանալու վաղը հարկ վճարել, իսկ հայկական արտադրական ընկերությունների շահույթը ոչ միայն նվազելու է, այլ վատագույն դեպքում ՀՀ պետական բյուջե չի գնալու: Սրանք պաթետիկ խոսքեր չեն:
2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ Արցախում հարկ վճարողներ կային, բայց անվտանգության ապահովման խնդիր եղավ, արդյունքում միայն 44-օրյայի արդյունքում Ադրբեջանին անցան 36 հէկ-երից 30-ը, Կովսականի «Գոլդ Սթար» ՓԲԸ-ի կողմից շահագործվող ոսկու հանքը, քարի հանքեր, տարբեր ձեռնարկություններ: Իսկ մնացածն էլ ամբողջ Արցախը կորցնելով՝ կորցրեցինք 2023 թվականի սեպտեմբերյան գործողությունների հետևանքով:
Ավելորդ է նշել, թե որքան սպառազինություն անցավ Ադրբեջանին:
Մեկ այլ դեպք, որ եթե չկա անվտանգություն, չի կարող լինել հարկ վճարող. 2023 թվականի դեկտեմբերին կառավարությունը որոշեց Երասխի մետալուրգիական գործարանը տեղափոխել և կառուցել Արարատի մարզի Արարատ գյուղում, որովհետև ժամանակ առ ժամանակ ադրբեջանական թիրախում էր: Հարկ վճարող չկա՞ր, թե՞ խնդիրն անվտանգային էր: Այս շարքը կարելի է շարունակել, ավելին, Փաշինյանի վարած քաղաքականության պարագայում նման դեպքեր դեռ լինելու են:
Գործող իշխանությունները շատ են սիրում եվրոպական երկրների օրինակներ բերել, հարցրեք՝ ով ներդրում կանի մի երկրում, որտեղ անվտանգային խնդիրներ կան, որտեղ չկա կայունություն, որտեղ անվտանգային ապագան մշուշոտ է: Ոչ միայն նոր ներդրումներ չեն լինի, այլև արդեն աշխատող հայկական և ոչ հայկական ընկերությունները կարող են տեղափոխվել Հայաստանից: Նման դեպքեր, ըստ էության, արձանագրված կլինեն: Որքան էլ Փաշինյանը խոսի աշխատատեղերի ավելացման մասին, ՀՀ-ում բիզնեսներ են փակվում, դրանով պակասում հարկ վճարողները: Իսկ սրանում ոչ թե մեղավորը նրանք են, որոնք զինվորին են հերոս համարում, այլ Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ, չմոռանանք, որ տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խոստանում էր, որ ռազմարդյունաբերությունը տնտեսության առաջատար ոլորտներից մեկն են դարձնելու: Արդյո՞ք այդպես է, որքան էլ, որ ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցնի, թե ՀՀ ռազմարդյունաբերական համալիրն աննախադեպ` մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր ունի Հայաստանի կառավարությունից:
Այսինքն, Փաշինյանի՝ հարկ վճարողի հերոսացումը մանիպուլյացիա է, եթե չասենք՝ քծնանք, քանի որ այսօր ելնելով տնտեսական ոչ լավ վիճակից, Փաշինյանի կառավարությունը բյուջե լցնելու լրջագույն խնդիրներ ունի: Այո, ինչպես վերևում նշեցինք, առանց հարկ վճարողի՝ հզոր տնտեսության, չի կարող ուժեղ բանակ լինել: Բայց առանց սահմանին կանգնած հոգեպես ամուր զինվորի էլ, հարկ վճարող չի կարող լինել, ներդրումներ չեն կարող լինել: Այսինքն, ամեն ինչ պետք է համալիր դիտարկել:
Իզուր չէ, որ մասնագետները պետությունների հզորությունները, պատերազմ լինելու հնարավորությունները հաշվելու և գնահատելու տարբեր մեթոդներ և բանաձևեր են կիրառում, որտեղ հաշվի են առնում հիմնականում մի քանի պարամետրեր՝ տնտեսության վիճակ, բանակի կարողություններ, դաշնակիցների հետ հարաբերություններ, ներքաղաքական վիճակ, ազգային նպատակ և այլն: Եվ պետության հզորությունն ուղիղ համեմատական է այս պարամետրերից ցանկացածին: Առնվազն 2020 թվականին սա աշխատող մեթոդ է եղել, և Ադրբեջանի դեպքում 2020 թվականին այս բոլոր պարամետրերը, իրենց իսկ գնահատմամբ, հասել էին առավելագույնի՝ դաշնակիցների աջակցությունից սկսած՝ մինչև ազգային նպատակ: Այսինքն, պետության հզորությունը վերջին 30 տարվա համեմատ ընդունել էր ամենաբարձր արժեքը: Հայաստանի դեպքում այդ հզորությունը գնահատվել էր ամենացածրը: Այսօր իրավիճակը շատ ավելի վատ է, և պատճառը Նիկոլ Փաշինյանի ցանկության մեջ է՝ նա չի ուզում, որ լինի Ադրբեջանին դիմակայող ՀՀ զինված ուժեր, ուստի ոչինչ չի անում իրականում, որ ավելանա հարկ վճարողների թիվը, ռազմարդյունաբերությունը դառնա տնտեսության առաջատար ճյուղ, մնացածը մանիպուլյացիա է:
Իրականում Փաշինյանի հերոսը ոչ զինվորն է, ոչ էլ հարկ վճարողը, որն իր տանը, հնարավոր է, զինվոր ունի կամ ապագա զինվոր:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին Ստեփանավանում նախընտրական հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր.
«Բայց մենք 2018-ից անընդհատ խոսում էինք ՀԴՄ կտրոն պահանջելու կարևորության մասին, խոսում էին բյուջեի ելքերի ու մուտքերի համամասնությունը ճիշտ պահելու մասին, անընդհատ ասում էինք, որ ՀԴՄ կտրոն ուզելը կապ ունի բանակի հետ, զինվորի հետ, կապ ունի զինվորի հացի հետ, հիմա էլ ենք դա ասում, որովհետև անվտանգությունն առաջին հերթին բյուջե է, ծախսեր, պատշաճ աշխատավարձ այդ պրոֆեսիոնալ զինվորի համար, որովհետև, եթե ուզում ենք պրոֆեսիոնալ զինվոր, պիտի ունենանք նրան վայել աշխատավարձ, իսկ դրա համար մի տարբերակ կա՝ ՀՀ-ում տնտեսությունը լինի ակտիվ, մարդիկ աշխատեն, հարստանան և հարստացնեն»:
2019-ին էլ Փաշինյանը խոստացել էր տնտեսական հեղափոխություն և անգամ հայեցակարգային դրույթներ մշակել՝ նշելով, որ «տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը կարող են կրել դուխով գործարարները»:
Իսկ թե ինչ ունեցանք և ունենք, թողնենք նեղ մասնագետներին: