Ադրբեջանին է անցել 36 հէկերից 30-ը, Կովսականի «Գոլդ Սթար» ՓԲԸ-ի կողմից շահագործվող ոսկու հանքը, քարի հանքեր
168.am-ն ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանից փորձել է պարզել, թե պատերազմի արդյունքում տարածքների կորստի հետևանքով տնտեսական ի՞նչ ճյուղեր են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ:
Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Թովմասյանը, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտի մասով հայտնեց, որ Ադրբեջանի վերահսկողությանն է անցել Կովսականի «Գոլդ Սթար» ՓԲԸ-ի կողմից շահագործվող ոսկու հանքը, տարբեր համայնքներում՝ քարի հանքեր:
Վերականգնվող էներգետիկայի ոլորտին անդրադառնալով, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց. «Արցախում կար գործող 36 հիդրոէլեկտրակայան և 1 հատ արևային ինքնավար էլեկտրակայան: Այժմ պատերազմից հետո մնացել է 6 հէկ և 1 արևային ինքնավար էլեկտրակայանը, որից Սարսանգ հէկը՝ 50 Մվտ, և 5 փոքր հէկ՝ գումարային 25,5 Մվտ հզորությամբ, սակայն բոլոր հէկ-երն աշխատում են ոչ լրիվ հզորությամբ կապված ձմեռային սեզոնի սակավաջրության պատճառով։ Հէկ-երի մեծ մասը գտնվել են Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների համայնքներում»:
Հիշեցնենք, որ 2020-ի ապրիլի 15-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ հիդրոէներգետիկան կլինի հիմնական այլընտրանքային վերականգնվող աղբյուրը, կարևոր դեր կխաղա Արցախի տնտեսության մեջ, կապահովի Արցախի էներգետիկ անկախությունը, ավելին, կարևոր դեր կունենա Հայաստանի էներգետիկ ոլորտում:
Այժմ, երբ պատերազմի ելքով պայմանավորված՝ իրավիճակ է փոխվել, տարածքներ ենք կորցրել և դրանցում եղած հէկ-եր, ի՞նչ իրավիճակ կամ պատկեր է սպասվում Արցախի էներգետիկ ոլորտում:
«Հիմա գլխավոր խնդիրը էլեկտրական ցանցի վերականգնումն է, օրինակ, Մարտունու շրջանում դեռևս ամբողջությամբ վերականգնված չէ: Սրա պատճառն այն է, որ Շուշիի ենթակայանից էր սնվում Մարտունու շրջանը, սակայն այդ ենթակայանը հիմա ամբողջությամբ ավերված է։
Այս պահին բարձրավոլտ օդային գծերի վերականգնման աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես, Քաշաթաղի շրջանով Հայաստանից եկող 110 Կվ օդային գիծն է վերանորոգվում, որի ավարտից հետո ՀՀ-ից էլեկտրաէներգիայի ներհոսք կստանանք»,- ասաց արցախցի պաշտոնյան:
Ինչ վերաբերում է գինեգործության և գորգագործության ոլորտներում բիզնես կորուստներին, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ադրբեջանական վերահսկողությանն է անցել Շուշի քաղաքում գործող «Ղարաբաղ Կարպետ» ընկերությանը պատկանող գորգերի արտադրամասը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանին պատկանող պահածոների, հյութերի, բիոկոսմետիկայի արտադրամասերը, «Նանե» ապրանքանիշով բուսական թեյերի արտադրամասը:
«Ադրբեջանին է անցել նաև Հադրութի շրջանի Տող գյուղի «Կատարո» ապրանքանիշով գինեգործարանը, Հադրութ քաղաքի պահածոների, ալկոհոլային խմիչքների գործարաններ: Եվ այլ բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններ ու արտադրամասեր»,- հավելեց Արմեն Թովմասյանը: