Ալիևը սպառնում է զենքով, եթե Հայաստանում չփոխեն Սահմանադրությունը. Աննա Կարապետյան
Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ ներհայաստանյան հայտարարություններն ակնհայտորեն Ադրբեջանից թելադրվող պահանջների հետևանք են։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյան։
«Սա Ադրբեջանի հերթական պահանջն է։ Ադրբեջանը խաղաղության լինել-չլինելը պայմանավորում է Սահմանադրության փոփոխությամբ կամ չփոփոխությամբ։ Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը չկատարելու դիմաց սպառնում է կիրառել զենք։ Հայաստանի այսօրվա իշխանության պահվածքը և հռետորաբանությունը հուշում է, որ իրենք փորձում են կատարել այդ պահանջը։ Ավելին, հանրությանը փորձում են մարսել տալ այդ պահանջի կատարման անհրաժեշտությունը, ուստի, այս տարի կլինի՞ սահմանադրական հանրաքվե, թե՞ ոչ, կարևոր չէ, միևնույն է՝ այդ ցեցն իշխանությունն արդեն գցել է, հետևապես, այդ գործընթացն իր բացասական հետևանքն ունենալու է Հայաստանի համար»,- ասաց նա։
Սահմանադրությունը փոխելը կլինի՞ Հայաստանի գոյության շարունակականության հնարավորություն, թե՞ ոչ՝ հարցին պատասխանելու համար Աննա Կարապետյանն առաջարկեց հիշել Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված վերջին հարցազրույցում հնչեցրած ձևակերպումը՝ «եթե չփոխենք՝ կլինի պատերազմ, եթե փոխենք՝ կարող է լինել շանս»։
«Փաշինյանը հասկացել է՝ Ադրբեջանի պահանջների բավարարումը հանգեցնում է ոչ թե ախորժակի փակման, այլ՝ ախորժակի աճի։ Մյուս կողմից, կարևոր է հասկանալ, որ այս գործընթացը ոչ թե երկկողմ է, այլ արտաքին դերակատարների մասնակցությամբ։ Չի՛ բացառվում, որ սա արտաքին կենտրոններից դրդվող գործընթաց է՝ որոշակի խոստումների դիմաց։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ունի հույս, կամ խոստում, որ, եթե կատարի այս պահանջը՝ փոխի Հայաստանի Սահմանադրությունը, Արևմուտքը կարող է Հայաստանի պաշտպանության հարցում քայլեր ձեռնարկել»,- ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը՝ շեշտելով՝ իրականում, սակայն, Արևմուտքի համար Հայաստանը պաշտպանել-չպաշտպանելն ամենևին էլ օրակարգային խնդիր չէ, հետևապես՝ զուր է որևէ գործնական քայլի սպասելն այդ կենտրոնից։
«Երբ Հայաստանը կամրագրի, որ խնդիր չունի հարևանների հետ՝ կփոխի Սահմանադրությունը, այդ դեպքում Արևմուտքը կդնի հաջորդ հարցը՝ իսկ ինչո՞ւ պետք է Հայաստանում մնա ռուսական 102-րդ ռազմաբազան։ Հենց սա է Արևմուտքի համար օրակարգային հարցը»,- ասաց Կարապետյանը՝ շեշտելով՝ դրված է ընդամենը Հայաստանում ռուսական ազդեցությունը չեզոքացնելու խնդիր, ուստի Արևմուտքը տարածաշրջան չի էլ գալու, քանզի գալու կարիքն էլ չունի, այս տարածաշրջանում ունի իր ներկայացուցչին՝ Թուրքիային։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։