
Կարեն Անդրեասյանն ուղիղ ազդում է Ալեն Սիմոնյանի հարսի գործով քննության ընթացքի վրա

Մի քանի օր է՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (ԲԴԽ) Կարեն Անդրեասյանը ոչ մի «լավ բան» չի գրում իր հետևորդների համար, մի բան, որ մի 7 օր հետևողականորեն արեց: Բայց փոխարենը՝ «լայքում է» Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի, նրա եղբոր ու հարսի համատեղ լուսանկարը: Իր ընկերն ու գործընկերը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ի դեպ՝ նույնպես:
Այդ առնչությամբ լրագրող Վահե Մակարյանն իր սոցցանցային էջում լեգիտիմ հարցադրում էր արել՝ «Կարեն Անդրեասյան, բա վերջը դու Ալենի նկարը խի՞ էիր լայքել: Ես անձամբ չեմ տեսել քո լայքը, իհարկե, քանզի ինձ մի անմեղ քոմենթի համար բլոկ ա արել այդ «քաղհալածյալ» երիտասարդը (լավ ա` դատի չի տվել), բայց ինձ պատմեցին, որ լայքիչների շարքում դու էլ ես եղել, մեկ էլ էն նախարար ընկերդ: Ուզում եմ հասկանալ` լայքել ես, որ ի՞նչ ցույց տաս, որ աջակցո՞ւմ ես նրա եղբոր կնոջը ձեր դատավորների կողմից անարդար ու անմարդկային վերաբերմունքի զոհ դառնալու հարցում, թե՞ աջակցում ես անձամբ իրեն` Ալենին, քանզի համարում ես, ու նա «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման զոհ է հիմա, ու պետք է մի թեթև մառալնի պադդեռժկա անել օրենսդիր մարմնի ղեկավարին դատական իշխանության կողմից: Մի հատ մեկնաբանի, please, քո լայքը: Ձեռքի հետ էլ մի լավ բան ասա քո հետևորդներին, ինչ թարգել ես էն լավ բաներիդ շարքը, պոզիտիվի դիֆիցիտ ա սկսել մոտներս»:
Ու քանի որ վերջին օրերին այդ հարցադրումը տարբեր հարթակներում ու տարբեր շուրթերից է հնչել, Կարեն Անդրեասյանը որոշել էր պատասխանել դրան:
«Հարգելի Վահե, չգիտեի, որ իմ մի «լայք»-ը այդքան քննարկումների տեղիք կտա: Պարտավորված եմ հաշվետու լինել նաև դրա համար:
1. Ուզում էի Ալենին ու հատկապես Կառլենին (ում ճանաչում եմ երկար տարիներ) ասել, որ նման ցավալի իրադարձությունների ժամանակ հայտնում եմ իմ զորակցությունը` անկախ պաշտոններից և զուտ մարդկայնորեն:
2. Իրենք էլ գիտեն, դատավորներն էլ գիտեն, որ ես ոչ մի դատական գործի չեմ խառնվում, ու իմ ոչ մի մարդկային հարաբերություն չի ազդում որևէ գործի ընթացքի վրա:
3. Ես հարգում եմ բոլորի անմեղությունը, քանի դեռ օրինական դատավճռով հակառակը ապացուցված չէ:
4. Հորդորում եմ բոլորին հարգանքով վերաբերվել ցանկացած դատական ակտի և յուրաքանչյուր դատավորի նկատմամբ` օգտվելով բողոքարկման բոլոր նախընտրելի հնարավորություններից:
5. Խնդրում եմ փոխանցեք Ձեր գործընկերներին, որ չշահարկեն մարդկային աննշան մի ժեստը ու չներկայացնեն որպես ճնշում դատարանի վրա:
6. Բոլոր մնացած լայքերի և լայքողների հետ համընկնումները պատահական են և կազմակերպված բնույթ չեն կրում»,- մասնավորապես գրել էր ԲԴԽ նախագահը:
ԲԴԽ դատավոր Կարեն Անդրեասյանը, ինչպիսին ինքն է և հաճախ իրեն ներկայացնում է, տարակուսում է, թե ինչո՞ւ է իր մի «լայքը» այդքան քննարկումների տեղիք տվել:
Բանգալորյան սկզբունքներից գաղափար չունեցող կամ դրանք իր հայեցողությամբ մեկնաբանող Կարեն Անդրեասյանը թերևս գաղափար չունի նաև միջազգային այլ ուղեցույցներից:
Մի քանիսը նշենք հատուկ Կարեն Անդրեասյանի համար:
- ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ գրասենյակի (UNODC) ուղեցույց՝ «Դատավորների կողմից սոցիալական մեդիայի օգտագործման վերաբերյալ»:
- Եվրոպայի խորհրդի Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (CCJE) 2022թ. թիվ 25 կարծիք՝ Դատավորների արտահայտվելու ազատության վերաբերյալ:
- Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախաձեռնության (CEELI) գործնական ուղեցույց՝ «Դատավորների կողմից սոցիալական մեդիայի օգտագործման վերաբերյալ»:
- Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի՝ տարբեր երկրների օրենսդրության վերաբերյալ դիրքորոշումներ:
Սրանք այն միջազգային ստանդարտներն են, որոնք դատավորին սահմանափակում են իր հրապարակային գործունեության դրսևորումների մեջ:
Առհասարակ դատավորների պահվածքը սոցիալական մեդիայում լուրջ խնդիր ու զարգացող մարտահրավեր է համարվում ժամանակակից աշխարհում, և միտումն այն է, որ սահմանված կանոնները խախտողները պետք է պատժվեն: Դրանք սահմանում են, որ նախ դատավորները շատ ուշադիր պետք է լինեն իրենց հարաբերություններում, չանեն որևէ գործողություն, որը անգամ հանրային ընկալման մեջ իրենց անաչառության վերաբերյալ հարցեր կառաջացնի: Խոսքը վերաբերում է այդ թվում նաև «լայք» դնելուն և «ռեթվիթ» կամ «ռեփոստ» անելուն, որովհետև դրանք ինքնին ցույց են տալիս դատավորի դիրոքորոշումը, աջակցությունը տվյալ անձին կամ երևույթի վերաբերյալ:
Հատկապես զգույշ դատավորները պետք է լինեն քաղաքական գործիչների ու իշխանության ներկայացուցիչների հետ իրենց շփումների կամ դրանք ի ցույց դնելու ժամանակ:
Այսինքն՝ ԲԴԽ դատավոր Կարեն Անդրեասյանը թե՛ երեկոյան 18:00-ից հետո, և թե՛ առավոտյան 9:00-ից առաջ չի կարող ասել՝ «Ես Ալենին ու հատկապես Կառլենին ճանաչում եմ երկար տարիներ ու դրա համար…»: Սա ծիծաղելի փաստարկ է և ցույց է տալիս, որ ընկերական կապեր ունի քաղաքական իշխանության բուրգի գագաթին կանգնած անձանցից մեկի հետ:
Միջազգային չափորոշիչները սահմանում են նաև, որ դատավորը պետք է զգուշանա այն մարդկանց հետ իր կապերը ցույց տալուց, որոնք կարող են նրա հետ առնչվել իր լիազորությունների տիրույթում: Կարեն Անդրեասյանի դեպքում դա հատկապես խիստ պահանջ է, որովհետև նա այն մարմնի ղեկավարն է, որը պատժում է դատավորներին: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի հայտնի լուսանկարը լայքել է նաև Կարեն Անդրեասյանի ընկերը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, որն էլ իր հերթին դատավորներին պատժելու համար կարգապահական վարույթներ հարուցողն է: Ակնհայտ է, որ այս երկուսն էլ իրենց լիազորությունների տիրույթում առնչություն ունեն Ալեն Սիմոնյանի ընտանիքին առնչվող գործի հետ:
Եվ թեպետ Կարեն Անդրեասյանը նույն այդ մեկնաբանության մեջ պնդում է կատարում, թե բոլորը գիտեն, որ ինքը ոչ մի դատական գործի չի խառնվում, իր այդ «լայքը» ակնհայտ ազդանշան է գործը քննող դատավորին, եթե անգամ չի խառնվում: Այդ դատավորը հստակ տեսնում է, որ իրեն պատժող մարմնի ղեկավարին, որը չի էլ թաքցնում, որ քաղաքական իշխանության հետ առնչություններ ունի, իր կայացրած որոշումը դուր չի եկել:
Հարսին կալանավորելու օրը Ալեն Սիմոնյանի տեղադրած լուսանկարը հստակ քաղաքական մեսիջ էր, անհամաձայնություն կայացված որոշման հետ, ինչը որպես ընտանիքի անդամ՝ լրիվ տրամաբանական է ու հասկանալի, և որին ԲԴԽ նախագահը համաձայնություն է տվել՝ իր դրած լայքով: Սա ազդանշան է նաև մյուս դատավորների համար, որ այս գործով որոշում կայացնելիս նկատի ունենան Կարեն Անդրեասյանի դիրքորոշումը: Եվ հենց այդ լայքով Կարեն Անդրեասյանն արդեն իսկ փաստացի ազդել է քննության ընթացքի վրա, որովհետև կալանքը երկարացնելու միջնորդությունը քննելու ժամանակ, եթե նման միջնորդություն նախաքննական մարմինը ներկայացնի, դատավորը կաշկանդված է լինելու ԲԴԽ նախագահի դրած լայքով:
Եթե մի պահ մտածենք, որ, ինչպես ինքն է ասում, ինքը չի խառնվում անհատական գործերին, բա ինչո՞ւ երկու անչափահաս երեխա ունեցող Տաթև Արցախին կալանավորելիս նրան աջակցող գրառումները Կարեն Անդրեասյանը չէր լայքում:
Բացի դրանից, հրապարակայնորեն Կարեն Անդրեասյանն աջակցում է քաղաքական իշխանության վերնախավում գտնվող անձին, ինչի իրավունքը նա չունի՝ իր կարգավիճակով պայմանավորված:
Հաջորդ անգամ Կարեն Անդրեասյանը չխառնվելու մասին խոսելիս կամ գրելիս լավ կանի հայելու մեջ նայի. գուցե ամաչի բացահայտ ստելուց, որովհետև բոլորը գիտեն, թե Կարեն Անդրեասյանը որ դատավորին ինչ ցուցում կամ հրահանգ է տալիս, որ գործով, ում միջոցով և ում անունից:
Եվ վերջում, այս ամենից զատ՝ տխուր է գիտակցել, որ երկրի ԲԴԽ նախագահը իջել է մի լայք մեկնաբանելու մակարդակի: