Ադրբեջանում պատրաստվում են պատմական նոր փուլի մեկնարկին․ Ի՞նչ կանի Ալիևն ընտրություններից հետո
Վաղն Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են։ Նախօրեին Ադրբեջանում ավարտվեց արտահերթ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը մեկնարկել էր հունվարի 15-ին։
Ընտրություններին մասնակցում է 7 թեկնածու։ Նրանց թվում է գործող նախագահ Իլհամ Ալիևը, որի թեկնածությունն առաջադրել է իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունը։
Գրանցումն անցել են նաև ադրբեջանական խորհրդարանի պատգամավորներ Զահիդ Օրուջը (ինքնառաջադրված), Ռազի Նուրուլաևը («Ազգայնական ճակատ» կուսակցության առաջնորդ), Գուդրաթ Հասանգուլիևը («Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ), Ֆազիլ Մուստաֆան («Մեծ արարում» կուսակցության նախագահ), ինչպես նաև «Մեծ Ադրբեջան» կուսակցության առաջնորդ Էլշադ Մուսաևն ու ինքնառաջադրված Ֆուադ Ալիևը։
Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին, սակայն Ալիևը դեկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել փետրվարի 7-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։
Ադրբեջանի գործող Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով, ժամկետների սահմանափակում նախատեսված չէ: Ադրբեջանում նախագահի վերջին ընտրությունները կայացել էին 2018 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ հաղթել էր Ալիևը։ Նրա օգտին քվեարկել էր ընտրողների 86,22 %-ը։
Ավելորդ է նույնիսկ ժամանակ վատնել և հասկանալ, թե թեկնածուներից ով ինչ հնարավորություն ունի այս ընտրություններում, քանի որ Իլհամ Ալիևն անցկացված բոլոր սոցհարցումների արդյունքներով միանշանակ առաջատար է։
Գրեթե բոլոր սոցհարցումների հարցվածների ճնշող մեծամասնությունը գոհ է երկրի ներկայիս ղեկավարից։ Բացի այդ, հասարակությունն Արցախում Ադրբեջանի իշխանությունների իրականացրած բոլոր գործողությունները, էթնիկ զտումը, բնականաբար, ընկալում է՝ որպես Ադրբեջանի ու Ալիևի նշանակալի հաջողություն։
Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար շատ ավելի էական է այն, թե ինչ գաղափարներով է Ադրբեջանի ներկայիս ղեկավարը մասնակցում ընտրություններին և ինչպիսի ծրագրեր ունի վերընտրվելու դեպքում։
Սա առանձնահատուկ ուշադրության արժանի չէր լինի, եթե Ադրբեջանի բռնապետը՝ առաջին անգամ գերոգևորված այն աջակցությունից, որն ունի իր հասարակության շրջանում, այս ընտրությունները չհամարեր ըստ էության Ադրբեջանի պատմության նախորդ փուլը փակելու և նորը բացելու ջրբաժան, դնելով շատ ավելի հավակնոտ նպատակներ։
Նույն տրամաբանության շրջանակում են գործում նաև Ադրբեջանի քարոզչական շրջանակները՝ սա Ադրբեջանի կյանքում որակելով պատմական փուլ, նոր նպատակների և ազգային նոր գաղափարի ձևավորման փուլ։
Նախընտրական քարոզչության ընթացքում Իլհամ Ալիևը մի քանի հրապարակային ելույթ ունեցավ, որոնց ընթացքում նոր ու ավելի բացահայտ, ագրեսիվ վերջնագրեր ներկայացրեց Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև հայտարարեց, թե կուզենար, որ ազգային նոր գաղափարի շուրջ բանավեճ սկսվեր, ներգրավվեին քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, գիտնականներ, մտավորականներ՝ պարզելու, թե ապագայի ինչ պատկերացումներ կան: Մոտ մեկ ամիս առաջ, պատասխանելով տեղական հեռուստաընկերությունների լրագրողների հարցերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտեց, թե ինչու է երկրում նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն առաջացել։
Ըստ նրա, երկիրը պետք է թևակոխի իր պատմության նոր շրջան՝ ոչ միայն նորացված, այլև՝ նոր օրակարգով, նոր նպատակներով և նոր մարտահրավերներով և դրանց լուծման ուղիների հստակ գիտակցմամբ։
Ադրբեջանում ծավալվող հանրային դիսկուրսից ակնհայտ է դառնում, որ ալիևյան նոր ազգային գաղափարը կարող է լինել չափազանց մեծապետական ու մարտահրավերային ողջ ռեգիոնի և ոչ միայն Հայաստանի համար։
Բնականաբար, Ադրբեջանի բռնապետ Ալիևն այս ճանապարհը պատահական չի ընտրել, այս ճանապարհին որոշ հնարավոր ձեռքբերումները կարող են ապագայում ևս երկարաձգել իր իշխանությունը։
Չի բացառվում, որ այդ ազգային գաղափարի նպատակները վերաբերեն հենց ՀՀ տարածքին, որի վերաբերյալ հավակնություններ է հնչեցնում Իլհամ Ալիևը, չի բացառվում, որ այդ նպատակները վերաբերեն ողջ ռեգիոնին, այս մասին մտորում են փորձագետները։ Սակայն այն, որ ընտրություններից հետո հայ-ադրբեջանական օրակարգը, մեղմ ասած, բարդանալու է, անկասկած է։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ սպասվում են կանխատեսելի արդյունքներով, առանց անակնկալների ընտրություններ՝ կանխատեսելի հաղթանակով, այսինքն՝ գործող իշխանության թեկնածուի հաղթանակով։
Ըստ նրա, սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած գործողությունից հետո պատահական չէր, որ Ադրբեջանի ղեկավարը նշանակեց արտահերթ ընտրություններ՝ ձգտելով Ղարաբաղյան այդ դրվագը վերածել իր համար քաղաքական հստակ կապիտալի։
Սակայն, վերլուծաբանի կարծիքով, վերջին շրջանի որոշ հաջողություններն են այն հիմքը, որի վրա ցանկանում է ամենայն հավանականությամբ շարունակել Իլհամ Ալիևն Ադրբեջանի ազգային գաղափարը, դրանում ամենայն հավանականությամբ ներառելով նոր նպատակներ։
«Ինչո՞ւ նոր նպատակներ, որովհետև այդ մասին խոսվում է։ Ադրբեջանը շարունակելու է նախկին քաղաքականությունը, ավելի վստահ է գործելու միջազգային ասպարեզում, ինչպես ավելի հաճախակի վերջերս անում է Արևմուտքի հետ, ընտրական այս փուլում մերժեց արևմտյան դիտորդների, արտաքսեց երկրից կամ ավելի վաղ՝ ֆրանսիացի դիվանագետներին, սպառնում է ընդհանրապես դուրս գալ Եվրոպահի խորհրդից՝ ի պատասխան ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման։
Կարծում եմ, որ ցանկություն կա լինել ոչ թե ռեգիոնալ երկիր, այլ ռեգիոնալ տերություն։ Այլ հարց է՝ որքանով դա կհաջողվի, սակայն քայլերի հաջորդականությունը, քաղաքական հայտարարությունները դա են ցույց տալիս։ Սակայն այս փուլի գլխավոր նպատակներից մեկը Խաղաղության համաձայնագիրն է Հայաստանի հետ, սա, թերևս, ամենախնդրահարույց հարցերից մեկն է։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա, կախված նրանից, թե ինչպես կգործեն հենց իրենք՝ հակամարտող երկրները, այնպես էլ՝ Արևմուտքը և մնացած խաղացողները»,- ասաց Լուկիանովը։
Նա նշեց, որ վերջին շրջանի գլխավոր թրենդը, որի մեջ տեղավորվում են իրադարձությունները, այն է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են հայտարարություններ անել Արևմուտքի համար այն մասին, որ ՀՀ-ն խաղաղասեր է, այս հայտարարությունները մասամբ գնահատվում են, ի պատասխան՝ որոշ հայտարարություններ են հնչում՝ ի աջակցություն, սակայն Ադրբեջանն էլ սկսել է իր հերթին մերժել Արևմուտքին, չունի Արևմուտքի կարիքը որևէ բանակցության ընթացքում և պահանջում է բանակցային օրակարգի առաջընթաց։
«Ինչպես տեսնում ենք, Արևմուտքն էլ իր հերթին պատրաստ չէ ավելի լուրջ միջոցների, և սա ակնհայտ է բոլորի համար։ Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, որում, իհարկե, չի կարելի բացառել ուժային սցենարը, քանի որ կան հարցեր, որոնց շուրջ չի հաջողվում հանգել կոնսենսուսի»,- ասաց Լուկիանովը։
Նրա գնահատմամբ, ՀՀ արտաքին քաղաքական հաշվարկները մի փոքր տարօրինակ են, քանի որ մինչ այս էլ պարզ էր, որ նույնիսկ արտաքին քաղաքական շրջադարձի դեպքում ՀՀ-ն չի ստանալու Արևմուտքից այնքան աջակցություն և այնպիսի աջակցություն, որի կարիքն իսկապես ունի։
«Եվ սա էլ ավելի է բարդացրել իրավիճակը, քանի որ հայ-ռուսական հարաբերություններն էլ բավականին բարդացած են, Իրանի հետ երկխոսությունը կա, սակայն տարաձայնություններ ևս կան Արևմուտքի հետ հարաբերությունների պատճառով։ Ուստի սա ընդհանուր առմամբ նոր բարդ փուլ է և երկրների, և ողջ ռեգիոնի համար, որտեղ բոլորն իրենց դերերի անընդհատ փոփոխման իրավիճակում են»,- ասաց նա։