Ինչո՞ւ է վիրահատությունից հետո քիթը ծռվում, շնչառական խնդիր լինում, և ինչպե՞ս պարզել միջնապատի խնդիրը

Ռինոպլաստիկան կամ քթի վիրահատությունը տարածված է ամբողջ աշխարհում և Հայաստանում: Պլաստիկ վիրաբույժ Հովհաննես Ստամբոլցյանի հետ զրույցում փորձել ենք պարզել, թե որո՞նք են հնարավոր ռիսկերը, ե՞րբ պետք է դիմել վիրահատության:

Բժիշկ, ո՞ր տարիքից պետք է դիմել վիրահատության և ի՞նչը հաշվի առնելով:

– Հարցին միանշանակ պատասխան չի կարելի տալ, որովհետև կախված է սեռից, մարմնակազմվածքից: Աղջիկների դեպքում սովորաբար վիրահատություն կարելի է անել 17-17.5 տարեկանից, իսկ տղաների մոտ հասունացումն ավելի ուշ շրջանում է ավարտվում, և ցանկալի է վիրահատության դիմել 20 տարեկանը լրանալուց հետո: Օրինակ՝ կարող է լինել 18 տարեկան աղջիկ, բայց տեսնես, որ դեռ մանկական կազմվածք ունի, և այդ դեպքում, իհարկե, խորհուրդ չի տրվում վիրահատություն կատարել:

Վիրահատության ի՞նչ տեսակներ կան և ի՞նչ մեթոդներով են իրականացվում:

Կարդացեք նաև

– Մեթոդներ շատ կան. ամեն տարի նորերն են ի հայտ գալիս: Կան կիսաբաց, բաց ու փակ վիրահատություններ: Ես կողմ եմ բաց վիրահատության՝ արվում է կտրվածքով, քթի կառուցվածքը դարձնում ենք մշտական: Ոսկրային հատվածում գործողություններն արվում են հիմնականում պիեզոտոմի օգնությամբ, որպեսզի հետվիրահատական շրջանում այտուցներ, կապտուկներ հնարավորինս քիչ լինեն:

– Ինչի՞ հետևանքով են առաջանում շնչառական խնդիրները, միջնապատի՞:

– Շնչառությանը հիմնականում խանգարում է 3 խնդիր. միջնապատի ծռություն, խեցիների գերաճ, որը հիմնականում պայմանավորված է միջնապատի ծռությամբ, քրոնիկ ալերգիաներով և օդի չորությամբ: Հայաստանում օդը բավականին չոր է և փոշոտ, ինչի հետևանքով խեցիները մեծանում են: Երրորդը քթի ներքին փականի նեղացումն է, որը հաճախ բժիշկների կողմից անուշադրության է մատնվում: Վիրահատության ժամանակ այս երեք խնդիրն էլ պետք է ուղղել:

– Բժիշկները երբեմն խեցիները հեռացնում են. կարելի՞ է:

– Ոչ, չի կարելի, որովհետև օրգաններ են, որոնց ֆունկցիան քթով անցնող օդը տաքացնել, խոնավացնելն է: Իսկ մենք մարդուն զրկում ենք ճիշտ շնչելու հաճույքից:

Ի՞նչ հասարակ մեթոդներ կան, որպեսզի մարդը հասկանա՝ ինքն ունի՞ միջնապատի, շնչառության խնդիր:

– Կա թեստ. մատով բացում են քթի անկյունը, ու, եթե օդը լավ է գնում՝ նշանակում է, որ ներքին փականը նեղացած է: Կամ, եթե գիշերը, քնած վիճակում մարդը ստիպված բերանով է շնչում, ուրեմն կարելի է ենթադրել, որ խնդիր կա: Մարդիկ կան, որ գալիս ու ասում են՝ սպորտի կամ աստիճանները երկար բարձրանալու ժամանակ բերանով են շնչում, դա չի կարելի խնդիր համարել: Սպորտի ժամանակ քթով շնչած օդը երբեք բավարար չէ, բայց հանգիստ, քնած վիճակում քթային շնչառությունը պետք է բավարար լինի:

Վիրահատությունից հետո երբեմն մարդիկ շնչառական խնդիր են ունենում, դա նորմա՞լ է:

– Ոչ, նորմալ չէ: Եղել են եզակի բացառություններ, որ մարդը գանգատվել է, ստուգել ենք, ոչ մի պատճառ չենք գտել: Հիմնականում, եթե վիրահատությունից հետո կա շնչառական գանգատ, ուրեմն դրա համար պետք է լինի պատճառ: Դա կարող է լինել միջնապատի ծռություն, ոչ ճիշտ արված վիրահատություն, խեցիների գերաճ:

– Ի՞նչ բարդություններ են սպասվում վիրահատությունից հետո, ի՞նչ ռիսկեր կան:

– Նախքան վիրահատությունը մարդը պետք է գնա կոնսուլտացիայի, ու բժիշկը տեղում այդ ամենը կբացատրի: Կարող է մարդ լինել, ում քիթն արտաքնապես, նայում ես, ծուռ է, բնականաբար, պետք է զգուշացնեն, որ վիրահատությունից հետո կարող է կրկնակի ծռություն առաջանալ՝ ուղղելուց հետո հյուսվածքային հիշողության հաշվին մի քիչ հետ ծռվել: Պետք է զգուշացնել ասիմետրիաների մասին: Բոլոր մարդկանց մոտ կա ասիմետրիա՝ մարմնի երկու կեսի տարբերություն, և դրանք հաճախ անհնար է շտկել, նույնը դարձնել, և դրա մասին պետք է խոսել, ցույց տալ, որ սպասելիքները ճիշտ լինեն: Իսկ կոնկրետ բարդություններն ու հնարավոր խնդիրները քննարկվում են տեղում, երբ նայում ես քթի մեջ:

Իսկ ինչպիսի՞ քիթ են ուզում հիմա:

– Եթե տարիներ առաջ դիմում էին ոչ ստանդարտ խնդրանքներով՝ բերելով սլավոնական քթի նկար, կամ ասում՝ կուռնոս կլինի՞ սարքեք, հիմա այդ մարդկանց հոսքը մի քիչ քչացել է: Թյուր կարծիք կա, որ բժիշկները չեն սիրում, որ նկարներ են ցույց տալիս՝ ասելով, թե ում քթի նման են ուզում: Սակայն, եթե մեծ քթով մարդը շատ փոքր քիթ է ցույց տալիս, բնականաբար, դա դուր չի գա, սպասելիքը ռեալ չէ:

– Ի՞նչ անեն, որ վիրահատությունից հետո քիթը չծռվի. քնելու հատուկ ձև կա՞: Պե՞տք է վախենալ գրիպից:

– Գրիպից պետք չէ վախենալ: Այն ուղղակի հետվիրահատական ընթացքը մեկ շաբաթով կամ 10 օրով կհետաձգի: Իսկ պառկելու ռեժիմը պետք է պահպանել 1-2 շաբաթվա ընթացքում, որովհետև, եթե մի կողքի վրա մարդը պառկեց վիրահատությունից հետո, այդ կողմն ավելի շատ է ուռչելու: Բայց դրանից քիթը չի ծռվի: Եթե բժիշկն ասում է՝ սխալ պահեցիր՝ քիթդ ծռվեց, մի քիչ չափազանցված է:

Վիրահատությունից հետո մաշկն ի՞նչ դեր ունի՝ վերականգնվելու համար:

– Հաստ մաշկով մարդկանց մոտ լավացումը բավական երկար է տևում, դրա համար գիշերները «լեյկո»-ներ են ամրացնում, որ պրոցեսն արագացնեն: Հաճախ պետք է լինում հատուկ դեղեր ներարկել: Կախված մաշկի հաստությունից՝ 6 ամսից 5 տարի է պետք, որ տեսնեն վիրահատության վերջնական արդյունքը:

Երբեմն առաջին վիրահատությունից հետո մարդիկ տեսնում են, որ իրենց ուզած քիթը չէր, ու դիմում են 2-րդ, 3-րդ վիրահատությանը: Բժիշկը պետք է իրենց ուզածով շարժվի՞, թե՞ մեկ անգամը բավական է:

– Եթե խնդիր կա, մարդն ունի շնչառական խնդիր, միգուցե ճիշտը վիրահատությունն անելն ու թերությունը շտկելն է: Սակայն, եթե նայում ես, քիթը բոլորի համար նորմալ է, տվյալ մարդու համար՝ ոչ, արդեն սուբյեկտիվ դաշտ ենք մտնում, որովհետև գուցե ինձ համար լավ է, պացիենտի համար՝ ոչ: Ի վերջո, ինքն է այդ քթով մեկ կյանք ապրելու:

Կա՞ վիճակագրություն, թե որ սեռի ներկայացուցիչներն են ավելի շատ դիմում քթի վիրահատության համար:

– Այո, 80 տոկոսը կանայք են, 20 տոկոսը՝ տղամարդիկ: Տղամարդկանց վիրահատելը շատ դժվար է, որովհետև որպես կանոն՝ միջնապատը ջարդված է լինում, ու այն ուղղելը շատ դժվար է:

Ռինոպլաստիկան պահանջված է, շատ են մասնագետներն ու դիմողները, ինչպե՞ս հասկանալ, թե ո՞վ է իրական մասնագետը, քանի որ վիրահատություն կատարում են նաև դիմածնոտային վիրաբույժները, ԼՕՌ մասնագետները:

– Ստոմատոլոգները… դա էլ ասեք: Ստոմատոլոգները չեն կարող կատարել, իսկ դիմածնոտային վիրաբույժներն ու ԼՕՌ մասնագետներն իրավունք ունեն, այլ հարց է, թե ի՞նչ որակի և ի՞նչ մեթոդով են անում: Իսկ, թե ինչպե՞ս հասկանալ, թե ում մոտ պետք է գնալ, ապա առաջինը՝ հարց ու փորձ անելով:

– Կա՞ վիրահատություն, որ բարդությամբ առանձնացել է, և միշտ հիշում եք:

– Կոնկրետ չեմ հիշի, բայց տղաներ կան, որոնց միջնապատն այնքան ջարդված է լինում, որ ասում ես. «Աստված ջան, ինչո՞ւ համաձայնեցի վիրահատել, ե՞րբ է վերջանալու վիրահատությունը, որ տանջանքից պրծնեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս