Ի՞նչ է առաջարկում աշխարհին «համաշխարհային տնտեսության աճերի առաջատար» Հայաստանը

Հայաստանը, արձանագրած բարձր աճերով, ինչպես իշխանություններն են սիրում ասել, դարձել է համաշխարհային տնտեսության աճերի առաջատարներից մեկը։ Սակայն անգամ նման աճերի պայմաններում Հայաստանի տնտեսությունը շատ քիչ բան ունի առաջարկելու աշխարհին։

Այն, ինչն էլ դարձել է տնտեսության ու հատկապես արտահանման բարձր աճերի հիմքը, հայկական չէ։ Կապ չունի Հայաստանի տնտեսության հետ։

Ի հեճուկս տնտեսական աճերի վերաբերյալ իշխանությունների չդադարող հիացական հայտարարությունների, հայկական շատ ապրանքների արտահանումը նվազել է։

Նվազել է, որովհետև դրանք մի բան էլ կորցրել են մրցունակությունն արտաքին շուկաներում՝ հանգեցնելով նաև արտադրության ծավալների նվազման։

Կարդացեք նաև

Արտահանման 40-50 տոկոսանոց աճի պայմաններում նվազել է կենդանական ծագման արտադրանքի արտահանումն ավելի քան 40 տոկոսով։ Հայաստանից տասնյակ միլիոններով ավելի քիչ այդպիսի ապրանքներ են անցած տարի արտահանվել, քան արտահանվել էին մեկ տարի առաջ։

Նվազել է նաև բուսական ծագման արտադրանքի արտահանումը։ Այս դեպքում էլ նվազումն անցնում է 20 տոկոսից։

Էլի տասնյակ միլիոններով կրճատվել են այդ ապրանքների մատակարարումները։

Անցած տարվա տարեկան ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել, բայց տասնմեկ ամսվանը հայտնի են. 44 միլիոնով քիչ բուսական ծագման ապրանք է առաքվել Հայաստանից։ Դրանք այն ապրանքներն են, որոնք արտադրվում են գյուղատնտեսության մեջ։ Այդ ապրանքների արտահանումը կրճատվել է, կրճատվել են նաև արտադրության ծավալները։

Պատրաստի սննդի արտահանումը, որը միշտ էլ մեծ կշիռ է ունեցել Հայաստանից արտահանման կառուցվածքում, ևս նվազել է։ Նվազումն այս պարագայում շատ մեծ չէ, բայց փաստն ինքնին մտահոգիչ է, որովհետև կապված է վերամշակող արդյունաբերության հետ, որը կարևոր դեր ունի ցանկացած երկրի տնտեսության զարգացումների գործում։

Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, թե վերամշակող արդյունաբերությունը դարձել է տնտեսության առաջատար ճյուղը։ Ճյուղի կշիռը ՀՆԱ-ում ավելացել է, փոխվել է տնտեսության կառուցվածքը։

Հիմա տեսնում ենք, թե ինչ է տեղի ունեցել ու ունենում մշակող արդյունաբերության մեջ։

Հանքահումքային արտադրանքի արտահանումը ևս նվազել է։ Սա Հայաստանի տնտեսության այն եզակի ճյուղերից է, որը միշտ էլ մրցունակ է եղել արտաքին շուկաներում։ Բայց, ինչպես տեսնում ենք, այստեղ էլ խնդիրների պակաս չկա։

Արտադրության ծավալները կրճատվել են, կրճատվել է նաև արտահանումը։ Ընկերությունների մի մասը բախվել է ֆինանսական դժվարությունների հետ, դադարեցրել արտադրությունը կամ նվազեցրել արտադրության ծավալները։

Արդյունքում՝ Հայաստանից 118 մլն դոլարով քիչ հանքահումքային ապրանքներ են արտահանվել։ Ու դա տեղի է ունեցել արտահանման 40-50 տոկոսանոց աճերի պարագայում։

Իսկ աճերը, որոնք արձանագրվել են, եղել են գերազանցապես արտահանման երկու ապրանքախմբերի հաշվին։ Երկուսում էլ մեր տնտեսության դերը նվազագույն է, երբեմն ընդհանրապես բացակայում է։

Առաջինը՝ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերն են, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը, որոնց արտահանումը Հայաստանից ռեկորդային տեմպերի է հասել։ Խոսքն ադամանդի ու ոսկու արտադրանքի մասին է։

Արտադրության նման աճեր չկան, բնականաբար, չէին էլ կարող լինել, որովհետև դրա համար հսկայական նոր հզորություններ պիտի գործարկվեին, որոնք չեն գործարկվել, բայց այդ ապրանքների արտահանումն անգամներով աճեր է գրանցել։ Ինչքան էլ իշխանությունները փորձեն թաքցնել այս հանելուկի պատճառը, միևնույն է, այն թաքցնել չի լինի։ Անհնարին է այսպիսի կարճ ժամանակահատվածում արտադրության ծավալների նման աճեր ապահովել։

Թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների արտահանումը Հայաստանից անցած տարի 2,4 անգամով ավելացել է, անցել է 2,1 մլրդ դոլարից։

Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ 887 մլն դոլար էր, իսկ դրա նախորդ տարում՝ ընդամենը 289 միլիոն։

Երկու տարում այս խմբի ապրանքների արտահանումը Հայաստանից ավելի քան 7 անգամով աճել է՝ 289 միլիոնից հասնելով 2,1 մլրդ դոլարի։

Գործ ունենք անհավանական աճի հետ, որը չէր կարող լինել տնտեսության իրական զարգացումների հաշվին։ Դա բոլորն են հասկանում, ինչքան էլ իշխանություններն ամեն կերպ փորձում են թաքցնել հիմքերը։ Դրանք ապրանքներ են, որոնք մի տեղից եկել, Հայաստանով մեկ այլ տեղ են գնացել, պարզապես տարանցվել են ու այսպիսի հսկայական աճեր ապահովել իշխանությունների համար՝ ոչինչ չավելացնելով մեր տնտեսության մեջ։

Հիմքում եղել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների շրջանցումը։

Հիմա որոշել են այդ շղթան փակել։ Ու երբ փակեն, կտեսնենք, թե այն ինչ հետևանք կունենա «հայկական» թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների արտահանման ծավալների վրա։ Թեև կարծես հիմա էլ այլ մեխանիզմ են փորձում խաղարկել. եթե մինչև այժմ այդ ապրանքները պարզապես Հայաստանով անցնում էին, հիմա «կդառնան» հայկական, նոր կարտահանվեն։

Միանգամից երկու թիրախ կխփեն՝ մի կողմից՝ արտադրություն ցույց կտան, մյուս կողմից՝ արտահանում։ Եթե, իհարկե, Արևմուտքը շարունակի այդ ամենը չտեսնելու տալ։ Այնպես, ինչպես մինչև հիմա, քաղաքական դրդապատճառներով, չտեսնելու է տալիս պատժամիջոցները շրջանցելու փորձերը, ինչը հնարավորություն է տվել ոչ միայն թանկարժեք քարերի ու մետաղների, այլև մի շարք այլ ապրանքների մատակարարումներ իրականացնել։

Արտահանման երկրորդ խոշոր խումբը մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմներն են, որոնց արտահանումը ևս ռեկորդային տեմպերով աճել է, չնայած ներքին արտադրության համեստ ցուցանիշներին։

Մի քանի տասնյակ միլիոն դոլարի մեքենաներ, սարքավորումներ ու մեխանիզմներ արտադրող Հայաստանից արտահանվել է շուրջ 1,2 միլիարդի այդպիսի ապրանքներ։ Գրեթե կրկնակի ավելի, քան մեկ տարի առաջ, 24 անգամ ավելի, քան մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը, երբ Ռուսաստանը կարող էր այդ ապրանքներն ազատ ու առանց խոչընդոտների ներմուծել։

Այդ ժամանակ Հայաստանը հազիվ կարողացել էր 50 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ ու մեխանիզմներ արտահանել, անցած տարի արտահանել է 1,2 միլիարդի, չնայած Հայաստանում արտադրվող մեքենասարքավորումների ծավալները նույնիսկ նվազել են։ Արտադրությունը նվազել է, իսկ արտահանումն անհավանական թռիչք է գրանցել։

Նույնը նաև մեքենաների մասով է։ Մինչև ռուսական պատժամիջոցները, Հայաստանից առավելագույնը 30-40 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ էր արտահանվում։ Անցած տարի տասնմեկ ամսում արտահանվել է 532 մլն դոլարի՝ գրեթե 15 անգամով ավելի շատ, թեև Հայաստանը տրանսպորտային միջոցներ արտադրող երկիր չէ, չհաշված, իհարկե, հայտնի Սեպուհները, որոնց արտադրությունը չսկսված ավարտվեց։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս