Անշարժ գույքի շուկայում անցած տարի առք ու վաճառքի գործարքների աննախադեպ իրավիճակ է գրանցվել. բացառությամբ 2020թ., երբ հայտնի պատճառներով շուկան գրեթե կանգնած էր, գրանցվել է 2018թ. հետո անշարժ գույքի առք ու վաճառքի ամենացածր ցուցանիշը։
Մինչ Նիկոլ Փաշինյանն ու իր կեղծ քարոզչական թեզերը տիրաժավորող պաշտոնյաները հայտարարում են, թե իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանը դարձրել են ապրելու համար հրաշալի երկիր, պաշտոնական տվյալները բոլորովին այլ բան են ասում։ Դրանք փաստում են, որ իշխանությունների հայտարարությունները կեղծիք են ու կտրված իրականությունից։ Օտարերկրացիներն ամենևին էլ չեն պատրաստվում իրենց կյանքը կապել Հայաստանի հետ։ Դրա ամենացայտուն արտահայտությունը տեսնում ենք անշարժ գույքի շուկայում։
Մինչ ֆինանսների նախարարը պնդում է, թե կառավարության «քրտնաջան» աշխատանքի շնորհիվ Հայաստանը դարձրել են «ապրելու համար հրաշալի երկիր», և դա նպաստել է, որպեսզի ռելոկանտները գան հատկապես Հայաստան, Հայաստանում եղած օտարերկրյա քաղաքացիները վաճառում են իրենց անշարժ գույքը։ Վերջին ամիսներին օտարերկրացիներն «ապրելու համար հրաշալի երկիր դարձած» Հայաստանում նաև ավելի քիչ անշարժ գույք են գնում։ Ավելի քիչ գնում են, ավելի շատ վաճառում։