Բաժիններ՝

Ամունդի-Ակբայի փորձագետները ներկայացրել են աշխարհում և Հայաստանում ֆինանսական շուկայի զարգացումներն ու ակնկալիքները

Անցած տարի զարգացող երկրների կենտրոնական բանկերի դրամավարկային պայմանների թուլացումն էականորեն նպաստել է ֆինանսական շուկաների վերականգնմանը և կայուն եկամտաբերության ձևավորմանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ի կողմից Հայաստանում կազմակերպված «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովում ասաց Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը՝ ներկայացնելով 2023 թվականին մակրոտնտեսական ցուցանիշները զարգացող երկրներում։

«Զարգացող երկրներում ունենք բաժնետոմսերի 10 տոկոս աճ։ Պարտքային շուկան դրական է արձագանքել գնաճի նվազմանը և կենտրոնական բանկերի դրամավարկային պայմանների մեղմացմանը․ զարգացող երկրներում ունենք 10-13 տոկոս աճ՝ թե ազգային արժույթով, թե արտարժույթով պարտատոմսերի դեպքում»,- մանրամասնեց Ասլանյանը՝ հավելելով, որ Հայաստանը ևս անմասն չի մնացել այս զարգացումներին՝ գնաճի նվազման և ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման շնորհիվ։

«Թե կանխիկ, թե երկարաժամկետ պարտատոմսերի հատվածում 2023թ․ արդյունքներով ունեցել ենք բավականին լավ՝ 12 տոկոս և 18 տոկոս եկամտաբերություն։ ՀՀ ազգային արժույթը 2022 թ. էական արժևորումից հետո 2023-ին ունեցավ որոշակի արժեզրկում՝ 4 տոկոսի սահմաններում՝ թե եվրոյի, թե ԱՄՆ դոլարի նկատմամբ»,-ներկայացրեց Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենի տեղակալը։

Ամփոփելով 2023 թվականը, կենսաթոշակային ֆոնդերի կատարողականով, նա նշեց, որ Ամունդի-Ակբայի ֆոնդերի ակտիվները՝ ներդրված լինելով ֆինանսական շուկաներում, օգտվել են երկնիշ աճի հնարավորություններից և 2023թ․ արդյունքներով արձանագրել 12-15 տոկոս աճ՝ չնայած զգուշավոր ներդրումային քաղաքականությանը։

Ամունդիին պատվիրակված ներդրումային լուծումների համաղեկավար Ֆրեդերիկ Պասկալը, անդրադառնալով աշխարհի զարգացած շուկաների ակտիվների դասերի 2023 թվականի ցուցանիշներին ու կատարողականին, տեղեկացրեց, որ ակտիվների մեծ մասը տարին ավարտել են բարձր կետով, քանի որ գնաճը դանդաղել էր, իսկ կենտրոնական բանկերը համապատասխանորեն են գործել։

Նրա խոսքով՝ զարգացած շուկաների մասով առաջատարը եղել է բաժնետոմսերի շուկան՝ աճի երկնիշ ցուցանիշներով։

Լավագույն յոթնյակի շնորհիվ՝ ԱՄՆ տեխնոլոգիակական ոլորտը առաջատարն է եղել և տարին ավարտել է 55,1 տոկոս եկամտաբերությամբ, իսկ յոթնյակի մոտ այն կազմել է 107 տոկոս։Ըստ փորձագետի՝ կրկին դրական ցուցանիշներ են արձանագրել կանխիկ և պարտատոմսերի շուկաները։ Ընդ որում՝ դրական ցուցանիշների մեծ մասը գրանցվել է 2023-ի վերջին եռամսյակի ընթացքում։

Պասկալի դիտարկմամբ՝ կատարողականի ցուցանիշներն անցած տարի հիմնականում պայմանավորված են եղել գնաճի դանդաղմամբ և ԿԲ-ների միջամտությամբ։

Բանախոսի կանխատեսմամբ՝ ակնկալիք կա, որ 2024 և 2025 թվականներին զարգացած շուկաների գնաճը կդանդաղի, բայց ոչ բավարար չափով։ Գնաճը կպահպանվի թիրախներից բարձր և հնարավոր է, որ կենտրոնական բանկերը հետաձգեն տոկոսադրույքների նվազեցումները՝ թողնելով դա առաջին կիսամյակի ավարտից հետո։ Ինչ վերաբերում է զարգացող շուկաներին, ապա այստեղ գնաճն արդեն դանդաղելու ընթացք է ստացել և զարգացող երկրների ԿԲ-ները սկսել են ավելի մեղմել դրամավարկային քաղաքականությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս