ԱՄՆ-ն զորքերը դուրս չի բերում Սիրիայից. Նուլանդ
ԱՄՆ-ն դուրս չի բերում Սիրիայում տեղակայված իր զորքերը։ Այս մասին CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
«Ամենից առաջ թույլ տվեք պարզաբանել իրավիճակը. ԱՄՆ-ն զորքերը դուրս չի բերում Սիրիայից: Ինչպես ցույց տվեցին Ստամբուլի եկեղեցում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, ԻՊ-ն դեռևս ակտիվ է բազմաթիվ վայրերում, և մենք (Թուրքիայի հետ) տասնամյակներ շարունակ գործընկերներ ենք ահաբեկչության դեմ պայքարում: Մասնավորապես, մենք հուսալի գործընկերներ ենք եղել ԻՊ-ի դեմ պայքարում, որտեղ էլ որ այն գտնվի: Դա անհրաժեշտ է շարունակել Թուրքիայի հետ՝ լինի դա Իրաքում թե Սիրիայում», – ասել է Նուլանդը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի և Անկարայի համար այժմ, ինչպես երբեք, կարևոր է ամրապնդել համագործակցությունը։
«Սա երևաց Ստամբուլում, դա ողբերգական ձևով երևաց Հորդանանում մեր ուժերի վրա (գրոհի) օրինակով: Ուստի մենք միմյանց կարիքն ունենք», – ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:
Հունվարի 28-ին Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ էր զոհվել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Սիրիայում տեղակայված ամերիկյան զինծառայողների թիվը 900 է, իսկ Իրաքում գտնվում է 2500 ամերիկացի զինծառայող։