Ամբասադորի երազանքներով հեքիաթասացը… Կամ՝ քո վեթինգը իմ վեթինգին վնաս է

Արդեն մի քանի օր է՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը ինչպես ԲԴԽ-ապատկան բոլոր հնարավոր ու անհնարին հարթակներով, այնպես էլ՝ իր սոցցանցային էջերով պատմում է՝ ինչ լավ կառույց է ԲԴԽ-ն, այսքան ուրախ կյանքը դատավորներին ինքն է տվել, դատարաններ է բեռնաթափել ու թվայնացրել, գումարներ է խնայել, գործերի քննությունն է արագացրել… Մի խոսքով՝ մի «հրաշք անձնավորություն»: Այդ շարքը Կարեն Անդրեասյանն անվանել է «Ի՞նչ եք արել, որ…»:

ԲԴԽ նախագահն այսօր այդ շարքը լցրել է ըստ իր ձևակերպման՝ «Այդքան քննարկված և պահանջված դատական վեթինգի» մասին տեքստով, նշել, որ դրա շրջանակներում «տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ: Այսպես՝ ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո»:

Քանի որ Կարեն Անդրեասյանի ասածի ու արածի հիմքում այս կամ այն դեպքում գլխավերևում Նիկոլ Փաշինյանի նկարի էֆեկտն է, հիշեցնենք, որ 2019թ. մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։

«Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»,- ասել էր նա իր կոչով դատարանները շրջափակելու օրը:

Կարդացեք նաև

Հայաստանում վեթինգ այդպես էլ տեղի չունեցավ, բայց պարզվում է՝ Կարեն Անդրեասյանն արդեն վեթինգ իրականացրել է:

 Վեթինգի ձևակերպումը

Վեթինգ (անգլ.՝ Vetting), (պետական և քաղաքական գործիչների զտում) գործընթաց է, որի ընթացքում իրականացվում են հետաքննություններ՝ պարզելու, թե արդյո՞ք պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, ովքեր մեղադրվում են մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ, իրենց գործունեությունն իրականացնելիս չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը, թե՞ ոչ:

 Վեթինգ՝ ըստ Կարեն Անդրեասյանի

«Վեթթինգ»-ը ոչ այլ ինչ է, քան դատավորների բարեվարքության ստուգում և դատավորների կազմի նորացում»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

«Վերջին տարիներին նոր նշանակված, ինչպես նաև առաջխաղացում ունեցած դատավորները, որոնք կազմում են գործող դատավորների շուրջ 60 տոկոսից ավելին, անցել են բարեվարքության ստուգում: Բնականոն սերնդափոխության և զտման շրջանակներում 2018-2022թ. տարբեր հիմքերով դատական համակարգը լքել է 64 դատավոր, ևս 33 դատավոր հրաժեշտ է տվել պաշտոնին միայն 2023 թվականին։

Մեկ այլ կարևոր վիճակագրություն. հեղափոխությունից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով դադարեցվել է 30 դատավորի լիազորություն, որից 8-ը դադարեցվել է վերջին մեկ տարվա ընթացքում»,- հպարտությամբ նշել է ԲԴԽ նախագահը:

ԲԴԽ անդամ դառնալուց 5 րոպե առաջ կուսակցական տոմսն օրենքի պահանջով վայր դրած, բայց հոգով-սրտով ու մնացած բոլոր օրգաններով ՔՊ-ական Կարեն Անդրեասյանը, ով ոչ ընդարձակ մի տեքստում 2 անգամ «հեղափոխություն» բառը հպարտորեն օգտագործում է, վերջում չի մոռանում նշել, որ այդքան դատավորի պաշտոնավարման դադարեցմանը հասել է իր ընկերների միջոցով՝ մտերիմ կամ ոչ այնքան:

Դատական համակարգը կաստրացիայի ենթարկած Կարեն Անդրեասյանը երևի մոռանում է, որ ըստ օրենքի՝ ինքը դատական համակարգի անկախության երաշխավոր կառույցի ղեկավարն է, բայց իր պարագայում բազմաթիվ դատավորների՝ համակարգը լքելու հանգամանքից ոչ բնական կամ բանական ուրախությունը ոչ զարմանալի է, ոչ էլ առավել ևս՝ արտառոց:

Մի կարևոր հանգամանք ևս: ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ոչ միայն վեթինգը կամայական է ձևակերպում, այլև այդ բառի իմաստն էլ յուրովի է մեկնաբանում: Վեթինգ՝ ըստ Կարեն Անդրեասյանի սուբյեկտիվ ընկալումների, նշանակում է յուրայիններին աշխատանքի տեղավորել:

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նպատակային փոփոխությունն ու կամայական կիրառումը

2022թ. հունիսի 13-ին Կառավարության առաջարկությամբ ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվեց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Արդարադատության գործող նախարար Գրիգոր Մինասյանը, որ այն ժամանակ փոխնախարար էր, և ում հետ համատեղ Կարեն Անդրեասյանն ազատվում է իրենց համար անցանկալի դատավորներից, նախագիծը ներկայացնելիս ասել էր, որ փոփոխության իմաստն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ Հայաստանի դեմ կայացրած վճիռները կարող են առիթ հանդիսանալ Հայաստանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, ընդհուպ՝ լիազորությունների դադարեցման: Առաջարկվում է որոշմամբ բացահայտված խախտումները դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելիության հիմք՝ հնարավորություն ընձեռելով այդ հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները:

Այդպես էլ արեցին, ու սկսվեց մարդաորսը: Բայց, չգիտես ինչու, ՄԻԵԴ-ից Հայաստանի դեմ եկած ոչ բոլոր վճիռները կայացրած դատավորներն էին պատժվում: Պետք էր պատժել նրանց, ովքեր չէին ենթարկվում, կամ ում տեղը թերևս արդեն վաղուց խոստացված էր յուրային դատավորներին՝ այս կամ այն ծառայության կամ քվեարկության համար:

Այսպես ընթացակարգային ու բարոյական գրված ու չգրված բոլոր օրենքների կոպտագույն խախտմամբ մեկ օրում դադարեցվեցին Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները նույն հիմքով դադարեցրել էին ամիսներ առաջ՝ 2023թ. հունվարին:

Առհասարակ 2023թ. հուլիսի 3-ը սև տառերով պիտի գրվի հայրենի դատական համակարգի տարեգրության մեջ, որովհետև բացի նշված 3 դատավորներից, այդ օրը դադարեցվեցին նաև Ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները, ով իր 12-ամյա գործունեության ժամանակահատվածում որևէ անգամ կարգապահական տույժի անգամ չէր ենթարկվել, բայց Կարեն Անդրեասյանի կամքով ու գործուն ջանքերով լքեց համակարգը՝ ընդամենը համակարգի խնդիրները վեր հանելու համար: Հատկանշական է, որ Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցմանը կողմ էր քվեարկել նաև նրա գործընկերը՝ ԲԴԽ դատավոր-անդամ Քրիստինե Մկոյանը, ում վերաբերյալ, ի դեպ, ՄԻԵԴ-ից Հայաստանի դեմ նույնպես վճիռ կա, սակայն Կարեն Անդրեասյանի մտերիմը, իհարկե, որևէ պատասխանատվության չի ենթարկվի: Կարեն Անդրեասյանը, իհարկե, կարող է ասել, որ Քրիստինե Մկոյանի առնչությամբ ՄԻԵԴ-ից վճիռը եկել է մինչ օրենքի փոփոխությունը, բայց դրանից հարցի բարոյական կողմը փոփոխության չի ենթարկվում:

Իսկ հիմա՝ ուշադիր… Ստորև բերված դատավորներն այն դատավորներն են, ովքեր ՄԻԵԴ-ից ՀՀ-ի դեմ «վճիռներ» են բերել, բայց նրանց ոչինչ չի եղել. Ինչպես պաշտոնավարում էին, այնպես էլ շարունակում են պաշտոնավարել:

Թադևոսյան Լիլիթ – Վճռաբեկ դատարանի նախագահ

Հակոբյան Գոռ – Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ

Մկրտչյան Արսեն –-Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր

Բեդևյան Հովսեփ – Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ

Մկոյան Քրիստինե – Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, ԲԴԽ անդամ

Հակոբյան Ռուզաննա – Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր

Ասատրյան Համլետ – Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Ավետիսյան Սերժիկ – Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Պողոսյան Արթուր – Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Օհանյան Սամվել – Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Դանիելյան Ելիզավետա – Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի՝ քրեական գործեր քննող դատավոր

Չիչոյան Սերգեյ – Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավոր, ԲԴԽ նախագահի նախկին Ժ/պ

Արղամանյան Մհեր – Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Նազարյան Տարոն – Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

Համբարձումյան Սևակ – Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Դանիելյան Արմեն – Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Ղազարյան Արգիշտի – Վարչական դատարանի նախագահ

Մակյան Մեսրոպ – Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան

Մարտիրոսյան Մնացական – Երևանի քրեական դատարանի նախագահ

Պողոսյան Գագիկ – Երևանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր

Պետք է նշել, որ Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ից ամենաշատ վճիռներ բերած դատավորի՝ Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ վարույթ, իհարկե, հարուցվեց, բայց ձևական, այնքան ձգձգեցին քննությունը, մինչև քննության համար օրենքով նախատեսված ժամկետը լրացավ, իսկ ԲԴԽ-ն չօգտվեց այն երկարացնելու իր լիազորությունից:

Ի դեպ, հատկանշական է, որ այս դատավորներից 4-ը Նիկոլ Փաշինյանին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի («Հայկական ժամանակ» օրաթերթ.- Գ.Ս.) գործող ՄԻԵԴ-ի կողմից հռչակվել էին պատասխանատու: Նրանք են՝ Հովսեփ Բեդևյան, Քրիստինե Մկոյան, Ռուզաննա Հակոբյան և Արգիշտի Ղազարյան:

Կարեն Անդրեասյանը դեռ շատ «նվաճումների» մասին կգրի մինչև 2024թ. հունվարի 12-ը: Մարդու ուզածը մեծ բան չէ. մի դեսպանի պաշտոն է, տվեք էլի, չդառնա հեքիաթասաց:

Տեսանյութեր

Լրահոս