Բանկային կապիտալը հեռանում է
Վերջին երկու տարիներին արձանագրվող բարձր տնտեսական աճերի պայմաններում, թվում է, թե բանկերը պետք է մեծապես հետաքրքրված լինեին տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմամբ։
Բարձր տնտեսական աճն արտաքուստ նշանակում է, որ տնտեսության գործերը լավացել են, ու նրանք ավելի մեծ հնարավորություններ և կարողություններ են կուտակել՝ բանկային ներդրումներ ներգրավելու միջոցով իրենց գործունեությունն ընդլայնելու, նաև նոր արտադրություններ կազմակերպելու համար։
Բայց ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, բանկային համակարգի ներդրումները տնտեսության իրական հատվածում մի բան էլ կրճատվել են։
Խոսքը, մասնավորապես, արդյունաբերության մասին է։ Միայն թե պետք չի ասել, թե արդյունաբերության ֆինանսական վիճակն այս ընթացքում այնքան է լավացել, որ այլևս բանկային ներդրումների կարիք չունի։
Արդյունաբերության վիճակի գնահատականը երևում է այս ոլորտում արձանագրվող համեստ աճերով, երբեմն էլ՝ դրանց բացակայությամբ։ Անցած գրեթե ամբողջ տարվա ընթացքում արդյունաբերությունը գտնվում էր անկումային տեմպերի մեջ, չնայած տնտեսությունն ընդհանուր առմամբ բարձր աճեր էր գրանցում։ Միայն տարեվերջին արդյունաբերությունը դուրս եկավ անկումից ու մի փոքր աճ գրանցեց։ Բայց դա էլ տարօրինակ աճ էր։
Պարզվեց՝ մեկ ամսվա ընթացքում ոսկեգործության ոլորտում արտադրության ծավալները ռեկորդային, գրեթե 13,7 անգամով աճել են։ Սրա շնորհիվ էլ արդյունաբերությունն անկումից դուրս եկավ։ Բայց բոլորին էլ հասկանալի է, որ մեկ ամսվա ընթացքում արտադրական նման կարողություններ չէին կարող ձևավորվել, որպեսզի ոսկեգործության մեջ 13,7 անգամ աճ գրանցվեր։
Ամենայն հավանականությամբ, հերթական մախինացիան են արել Ռուսաստանի հաշվին։ Ռուսական ոսկու արտադրանքը բերել են Հայաստան ու Հայաստանի անվան տակ արտահանել։ Հետո էլ ներկայացրել են, թե Հայաստանում է արտադրվել, ու դրանով ոսկեգործության ցուցանիշները թռել են՝ փրկելով արդյունաբերությանն անկումից։
Թեև դա բոլորովին էլ այն չէ, ինչի կարիքն արդյունաբերությունն ունի։ Տնտեսության այս առանցքային ճյուղն իրականում գտնվում է շատ խղճուկ վիճակում։ Թերևս դա է պատճառը, որ բանկային համակարգը խուսափում է ներդրումներ կատարել արդյունաբերության մեջ։
Պաշտոնական տվյալներով, անցած տարվա նոյեմբերի դրությամբ, տարեկան ցուցանիշները դեռ չեն հրապարակվել, բանկերի վարկային պորտֆելն արդյունաբերության մեջ նույնիսկ կրճատվել է։ Ընդ որում, դա եղել է տնտեսության միակ ոլորտը։
Մյուս բոլոր ոլորտներում բանկերի վարկային ներարկումներն ավելացել են, երբեմն՝ շատ կտրուկ։ Իսկ ահա արդյունաբերության մեջ, Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական աճերի ֆոնին, բանկերի վարկային պորտֆելի անկում է տեղի ունեցել։ Այն գրեթե 15 միլիարդով կրճատվել է և կազմել ընդամենը 499 մլրդ դրամ։
Այս ցուցանիշն ավելի փոքր է ոչ միայն նախորդ, այլև նախորդին նախորդած տարվա համեմատ։
2021թ. արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտֆելը կազմել էր 538 միլիարդ։
2020թ. հետ նույնիսկ համեմատության եզրեր չկան։ Պորտֆելի նվազումը հասնում է 146 մլրդ դրամի։
Տարադրամով արտահայտված՝ տարբերությունն անցնում է 300 մլն դոլարից։
Անցած տարի արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտֆելն ավելի փոքր է եղել, քան անգամ 2018թ. էր։ Այն պարագայում, որ այդ ընթացքում ռեզիդենտներին բանկերի տրամադրած վարկերն ավելացել են 1 տրիլիոն 778 մլրդ դրամով։
Այսքանից հետո զարմանալի չէ, որ իրավիճակը տնտեսության ամենակարևոր հատվածում այսպիսին է։
Սրա բացատրությունը մեկն է՝ բանկային կապիտալը փախնում է տնտեսության իրական հատվածից, մասնավորապես՝ արդյունաբերությունից, կամ արդյունաբերությունն ի վիճակի չէ կլանել վարկային ներդրումներ։ Երկու դեպքում էլ արդյունքը նույնն է։
Մինչ բանկային կապիտալը հեռանում է տնտեսության իրական հատվածից՝ լցվում է այնտեղ, որտեղ դրա համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծել։
Դրանում իրենց դերն են ունեցել՝ ինչպես կառավարությունը, այնպես էլ՝ Կենտրոնական բանկը, որոնք տնտեսության իրական հատվածի փոխարեն, խթանել են բանկային կապիտալի հոսքերը վարկային շուկայի այնպիսի հատվածներ, ինչպիսին ասենք՝ հիփոթեքն է։ Պատահական չէ, որ վերջին 5 տարիներին, երբ արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտֆելը նվազել է, նույն հիփոթեքի շուկայում գրեթե 4,3 անգամով ավելացել է՝ 245 միլիարդից հասնելով 1 տրիլիոն 46 մլրդ դրամի։
Սրա հետևանքով էլ հիփոթեքի շուկան չափից դուրս տաքացել է։ Եվ ոչ միայն հիփոթեքի, այլև անշարժ գույքի շուկան։
«Հիփոթեքային վարկերի շուկայում 25-30 տոկոսի աճեր ունենք արդեն երկու տարի, մինչդեռ տնտեսության մնացած ճյուղերն այդքան վարկավորում չեն կլանել։ Մենք այստեղ ռիսկեր ենք տեսնում՝ կապված գների հավասարակշիռ մակարդակներից բարձր լինելու հետ։ Այս պահին մենք անհավասարակշռությունների մեծանալ չենք դիտարկում, բայց որոշ անհավասարակշռություններ տեսնում ենք»,- ասում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը։
Հիփոթեքով ծանրաբեռնման հետևանքով, անշարժ գույքի շուկան գերարժևորվել է։ Կենտրոնական բանկի գնահատականներով, առնվազն 20 տոկոսով։ Իսկ դա լուրջ ռիսկ է ինչպես՝ անշարժ գույքի, այնպես էլ՝ հիփոթեքի համար։
Հիփոթեքային վարկերի չափից դուրս արագ աճի արդյունքում բանկերի վարկային պորտֆելում դրանք ընդհուպ հավասարվել են սպառողական վարկերին։ Սա էլ վարկային միջոցների կլանման երկրորդ ամենամեծ հատվածն է։
Այս երկու ուղղություններով կենտրոնացած է 2 տրիլիոն 117 մլրդ դրամ, ինչն այսօրվա փոխարժեքներով համարժեք է ավելի քան 5,1 մլրդ դոլարի։
Այդքան վարկային բեռ ծանրացած է քաղաքացիների վրա։ Այն կազմում է բանկերի վարկային պորտֆելի գրեթե կեսը։
Վերջին երկու տարիներին, հայտնի պատճառներով, քաղաքացիների որոշ խմբերի եկամուտները մեծ տեմպերով ավելացել են, ինչը թույլ է տվել նրանց մտնել հիփոթեքի ու սպառողական վարկերի բեռի տակ։ Բայց եթե հանկարծ այնպես ստացվեց, որ երկարաժամկետում այս միտումը չպահպանվեց, ինչի հավանականությունը մեծ է, ապա շատերը կարող են կանգնել այդ վարկերը սպասարկելու խնդիրների առաջ։ Թե դա ինչի կհանգեցնի, կարիք չկա մանրամասնելու։
Բանկային վարկերի մյուս արագ աճող հատվածը շինարարությունն է, որը կրկին կապված է հիփոթեքի հետ։ Դրանով պայմանավորված, վարկային շուկայի ռիսկերն ու վտանգներն ոչ միայն ավելի են մեծանում, այլև սպառնում են վերածվել համակարգային խնդիրների։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ