«Եկեք ասեմ՝ որն է այս հայտարարության թաքնված կողմը, որ մեզ չեն ասում». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամուլսարի մասին հայ ժողովրդին Չասվող ճշմարտությունից մեկ կտոր

Այս տարվա հունվարի 18-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարեց, որ Լիդիան Արմենիա ընկերությունը պարտավորվել է Կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել ընկերության կանոնադրական կապիտալի 12.5%-ը, որը կազմում է 12,503 հատ բաժնետոմս 5,000 դրամ անվանական արժեքով: Սա ասելով նա նշել է, որ այս նվիրատվությունը ստանալու են առանց Կառավարության որևէ պարտավորության:

Եկեք ասեմ, թե ինչում է այս հայտարարության թաքնված կողմը, որ մեզ չեն ասում:

Լիդիան Արմենիա ընկերության 2022 թվականի ֆինանսական հաշվետվության մեջ (2023-ինը դեռ հրապարակված չէ իրենց կայքում) ամրագրված է, որ ընկերության ընդհանուր պարտավորությունները 2022-ի վերջի դրությամբ կազմում են 542.3 միլիոն ԱՄՆ դոլար: Նաև ընկերությունը ունի 662.3 միլիոն ԱՄՆ դոլարի կուտակված վնաս:

Ինչ է ստացվում, որ երբ կառավարությունը ընդունի այս 12.5% բաժնետոմսերը կդառնա նաև վերոնշյալ պարտավորությունների և մնացյալի 12.5%-ի տերը. Ուստի Լիդիան Արմենիայի պարտավորություններից շուրջ 68 միլիոն ԱՄՆ դոլարը կդառնա Կառավարության պարտավորությունը:

Բա ինչպես ստացվեց, որ կառավարությունը այս 12.5% բաժնեմասը ստանում է առանց «որևէ պարտավորության»: Չեմ կարծում, որ նվիրատվության պայմանագրում նշվելու է, թե կառավարությունը ստանալով այս «նվերը» բաժին չունի մինչ օրս Լիդիանի կուտակած պարտավորությունների և վնասների մեջ: Լիդիանի տերերը միամիտ չեն:

Հարգելի չորրորդ իշխանություն՝ լրագրողական համայնք, այս մասով հարցեր չկա՞ն կառավարությանը, ինչու՞ եք թողնում, որ հայ ժողովրդին այս կառավարությունը հերթական անգամ մոլորեցնի: Ինչու՞ հարցեր չեք տալիս, որ պարզենք՝ այդ ինչպե՞ս է կառավարությունը նվեր ստանում բաժնետոմսեր առանց պարտավորություններին մասնակից լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս