Բաժիններ՝

Stylebit ստարտափը՝ վերլուծության հարթակ ներքին գործիքների համար

Հայկական Stylebit ստարտափը, որը նախկինում դիզայնի համակարգի ավտոմատացման հարթակ էր, որը թույլ էր տալիս հեշտությամբ ինտեգրել արդեն իսկ գոյություն ունեցող դիզայնի համակարգը միասնական աշխատանքային հոսքում ու հեշտացնում և արագացնում էր ամբողջ թիմի աշխատանքը, այժմ ընկերություններին առաջարկում է վերլուծության հարթակ ներքին օգտագործման գործիքների համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերությունից տեղեկացրին, որ ստարտափը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։

«Հարթակը դիզայն համակարգերի վերլուծության համար է: Պրոդուկտ ընկերությունները ստեղծում են թիմ, որպեսզի ստեղծեն դիզայն համակարգի կոմպոնենտներ, որոնք թույլ են տալիս հետագայում ավելի արագ աշխատել. գործն արագանում է 35 տոկոսով: Ընկերությունները, որոնք կարող են տարիներով աշխատել այդ դիզայն համակարգը ստեղծելու վրա, չեն ունենում որևէ վիճակագրություն, թե ինչպես է դիզայն համակարգը օգտագործվում ընկերության մյուս աշխատակիցների կողմից: Այստեղ օգնության է գալիս մեր հարթակը: Ընդգծեմ, որ խոսքը ընկերության ներսում օգտագործվող պրոդուկտների մասին է, որից օգտվում են ընկերության մյուս ծրագրավորողները»,- ներկայացրեց ստարտափի համահիմնադիր Հովհաննես Ղևոնդյանը:

«Կարճ ասած՝ ստարտափը վերլուծության հարթակ է ներքին օգտագործման գործիքների համար: Մենք հնարավորություն ենք տալիս վերլուծել «տանն» օգտագործվող պրոդուկտները. հնարավորություն ենք տալիս հասկանալ՝ օգտագործո՞ւմ են դրանք, թե՞ ոչ, ինչպե՞ս են օգտագործում, գո՞հ են օգտագործումից հետո: Այս պահին կենտրոնացումը դիզայն համակարգերում խնդիրը լուծելու վրա է, բայց մենք արդեն ունենք օգտատերեր, որոնք մեզնից արդեն ավելին են ուզում: Հարթակը, փաստացի, ներքին վերլուծության համար է»,- հավելեց ստարտափի հիմնադիրներից Խաչատուր Վիրաբյանը:

Հիմնադիրները նշեցին՝ նախորդ հարթակի օգտատերերն ավելին էին պահանջում, քան իրենք առաջարկում էին: Երբ առաջին օգտատիրոջից նման գործիքի պահանջարկ են լսել, սկզբից լուրջ չեն վերաբերվել: Հետո հասկացել են, որ նման ցանկություն ու պահանջարկ շատերի մոտ կա ու որոշել են վերապրոֆիլավորել ստարտափը:

«Հարթակից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ, հետևել քայլերին կարգավորումներ անելու համար: Հարթակը սկան է անում գրված կոդը, դրա միջից հասկանում այն տեղերը, որտեղ օգտագործված որևէ բան կա, հազարավոր կոդերի մեջ հասկանում ենք, թե որտեղ է օգտագործվել x գրադարանը, y գրադարանը, հասկանում ենք, թե ինչքանով է ծրագրավորման թիմը օգտագործել դիզայն համակարգը ու կարողանում ենք վերլուծություններ անել, որը հետո հասանելի է դառնում մեր հարթակում: Արդեն հարթակում մարդիկ կարող են տեսնել այդ տեղեկատվությունը, ուսումնասիրել այն, արհեստական բանականության միջոցով հարցեր տալ և ստանալ պատասխաններ, կատարել հավելյալ քայլեր, օրինակ՝ ինչպես փոխեն կամ լավացնեն ծրագիրը»,- մանրամասնեց Վիրաբյանը:

Ընկերությունից նշում են, որ շուկայում ունեն մրցակիցներ, բայց իրենց ստարտափը մի շարք առավելություններ է առաջարկում:

«Մենք ընկերություններին չենք սահմանափակում կոնկրետ մետրիկաներով: Հնարավորություն ենք տալիս ստեղծել իրենց սեփական մետրիկաները, որը հատուկ է միայն մեր հարթակին: Առաջիկայում հասանելի կլինենք նաև Android և IOS համակարգերի համար»,- ասաց Ղևոնդյանը:

Ստարտափն այս փուլում բաղկացած է միայն հիմնադիրներից՝ Խաչատուր Վիրաբյան, Մովսես Սապոնջյան և Հովհաննես Ղևոնդյան: Ունեն խորհրդատու Սիլիկոնյան հովտից ու, չնայած դեռ քիչ են, հասցրել են 500 բիզնեսի ուշադրություն գրավել, որոշների հետ էլ բանակցությունների փուլում են:

Ստարտափն այս պահին ներդրումներ ներգրավելու վրա կենտրոնացած չէ, կարևորում են նաև հարթակում անվտանգության հետ կապված հարցերը, օգտատերերի հետ սերտ աշխատանքը, feedback ստանալը և հարթակը կատարելագործելը:

Ստարտափը ներկայացված է նաև տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։

Պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։

Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։

Կարինե Տերտերյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս