«Պատմական ընտրությո՞ւն», թե՞ պարզապես հայտարարություն․ Մակրոնի աղմկոտ ուղերձը Հայաստանին և ռեգիոնին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օրերս զինված ուժերին հղած ամենամյա ուղերձում անդրադարձավ Հայաստանի հետ հարաբերություններին՝ հայտարարելով կատարված «պատմական ընտրության» մասին։
«Բալկանները, Հայաստանը […] գրավել են մեր ուշադրությունը և հանգեցրել մեր դիրքորոշման ամրապնդմանն ու պատմական ընտրություններ կատարելուն՝ հատկապես, ինչ վերաբերում է Հայաստանին»,- ասել է Մակրոնը՝ առանց մանրամասնելու։
Այնուամենայնիվ սա առանցքային հայտարարություն էր, որով Մակրոնը հայտարարեց, թե Ֆրանսիան ընտրել է համագործակցությունը, գործընկերությունը Հայաստանի հետ։ Սակայն, թե գործնականում Հայաստանի բոլոր կարիքները բավարարող ինչ ներուժ ունի այս համագործակցությունը, կամ ինչի է պատրաստ Ֆրանսիան փորձագետների համար, դեռ լիովին հասկանալի չէ։
Ըստ մի շարք վերլուծաբանների, ֆրանսիացի քաղաքական գործիչներն ավելի շատ խոսում են, խնդիրներ ստեղծում ՀՀ-ի համար, քան իրապես աջակցում։ Ավելին, ըստ շրջանառվող այդ կարծիքների, Փարիզի մատակարարած ՀՕՊ համակարգերը և զրահամեքենաները շատ փոքր օգնություն են Հայաստանի նման անվտանգային կարիքներ ունեցող երկրի համար։ Իրենք՝ ֆրանսիացի քաղաքական գործիչներն էին հստակեցրել, որ Հայաստանին մատակարարելու են միայն խիստ պաշտպանական բնույթ ունեցող սպառազինություն, փորձելով խուսափել Ադրբեջանի հետ քաղաքական հարաբերությունների սրումից։ Չնայած սրան, այնուամենայնիվ ադրբեջանական իշխանությունները Ֆրանսիայի հանդեպ բավականին աղմկոտ քայլեր են անում․ դեկտեմբերին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Ան Բույոնը կանչվել էր ԱԳ նախարարություն՝ տեղեկացնելու, որ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ վտարվել են Ադրբեջանից՝ իրենց դիվանագիտական կարգավիճակին անհամատեղելի գործողությունների համար։
Վկայակոչելով Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի՝ դիվանագիտական կորպուսին հղած ուղերձը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ասել է, որ Ֆրանսիան կապահովի շարունակական աջակցություն Հայաստանին։
Ըստ դեսպանի՝ Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ պետք է ձգտել արդար և տևական խաղաղության՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը, և պետք է ապահովել բնակչության արժանապատիվ ապրելու իրավունքը՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունը և մշակույթը:
2023 թվականին Հայաստանը և Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր կնքեցին, որով Փարիզը մասնավորապես GM-200 հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Երևանին։ Ֆրանսիան Հայաստանին նաև Bastion զրահամեքենաներ մատակարարեց։
Թեև Ֆրանսիան հայտարարում է իր պատմական ընտրության մասին, ԵՄ-ից հնչում են Ադրբեջանին ուղղված խիստ կոչեր՝ ի օգուտ Հայաստանի, իսկ Ադրբեջանի նախագահն օրեցօր ավելացնում է քննադատական հռետորաբանությունը Ֆրանսիայի, ինչպես նաև՝ մասամբ Արևմուտքի հասցեին, ՀՀ իշխանությունները, չնայած իրենց արևմտամետ և հակառուսական հայտարարություններին, չեն լքում Ռուսաստանի ղեկավարած ինտեգրացիոն կառույցները, չեն չեղարկում ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցային կապերը, ըստ էության շարունակելով գտնվել Ռուսաստանի ազդեցության գոտում։ Ավելին, ՀՀ իշխանությունները սկսել են հայտարարել, որ լուծվում են Ռուսաստանի հետ ունեցած ռազմատեխնիկական մատակարարման խնդիրները, այսինքն՝ ՌԴ-ն սկսել է մատակարարել այն սպառազինությունը, որի համար, ըստ ՀՀ իշխանությունների, ՀՀ-ն վճարել էր։
168․am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների ներկայիս փուլում երկկողմ հարաբերություններն առավելապես արձանագրվում են հայտարարություններով, ունեն առավելապես հրապարակային, քան խորը բովանդակային բաղադրիչ, ելնելով մի շարք բարդ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներից։
Նրա որակմամբ, ՀՀ-ն հայտարարում է, որ պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերություններն այն դեպքում, երբ չնայած հանգամանքին, որ կան խնդիրներ, շարունակում է գտնվել ՀԱՊԿ-ում, մասնակցել ինտեգրացիոն այդ կառույցների աշխատանքներին։
Վերլուծաբանը կարծում է, որ թեև շատերն են Եվրոպայում արձանագրում, որ ՀՀ-ն կատարել է ընտրություն ի օգուտ ԵՄ-ի, սակայն համապատասխան քայլեր դրա համար չի տեսել, բացի հայտարարություններից։
«Սրանք պատճառներ են, որոնք ՀՀ տիրույթում են։ Մնացածը պատճառներ են՝ պայմանավորված եվրոպական խնդիրներով, ներքին մրցակցությամբ։ ԵՄ-ի հարավկովկասյան ջանքերին զուգահեռ՝ տեսնում ենք վերջին տարիներին ակտիվություն Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից, որը պատահական չէ և կապ ունի այն աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, որոնք տեղի են ունենում եվրոպական մայրցամաքում։ Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասում ունի ազդեցություն՝ Ադրբեջանի, իսկ Ֆրանսիան ձգտում է ազդեցության՝ Հայաստանի միջոցով։ Ֆրանսիային նաև դա հարկավոր է գրավելու համար ֆրանսաբնակ հայերի հավանությունը»,- ասաց Ուվե Հալբախը։
Նրա խոսքով, վերջին տասնամյակների պատմությունը շատ պատկերավոր է եղել հասկանալու համար, թե ինչպես են տեղի ունենում արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությունները հետսովետական տարածաշրջանում։
«Ցավալի է, բայց դրանք տեղի են ունեցել և ունենում լուրջ ցնցումներով։ Կան երկրներ, որ դրանցից փորձում են հնարավորինս խուսափել կամ այլ ճանապարհ են պատկերացնում, որը կլինի անցնցում, կամ ավելի մեծ հանձնառություն են պատկերացնում ԵՄ-ից, որն էլ իր հերթին՝ դա ակնկալում է ԵՄ-ի հետ մերձենալ ցանկացող երկրից։ ԵՄ-ի ներսում արդեն շատ են տարակարծությունները, քանի որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում լրջագույն սպառնալիք է դարձել եվրոպական մայրցամաքի համար, որն անդրադարձել է թե քաղաքական մտքի, տնտեսության, գաղափարների, թե ԵՄ-ի ներսում տրամադրությունների վրա։ ԵՄ-ն ավելի վճռական է գործում, սակայն ակնկալում է ավելի մեծ վճռականություն իր գործընկերներից։
Կարծում եմ՝ խնդիրների այս համախումբն է պատճառը, որ շրջադարձի մասին խոսվում է, բայց այն իրականում տեղի չի ունենում, այսինքն՝ գետնի վրա իրավիճակ չի փոխվում։ Նույնը տեղի է ունենում Ֆրանսիայի դեպքում, Ֆրանսիան ցույց է տալիս իր պատրաստակամությունը, սակայն ավելիի հնարավորություն չկա, թեև Ֆրանսիան նաև սահմանափակ ռեսուրսներ ունի, սա ևս պետք է հասկանալ։ Եվրոպական երկրի համար էական քայլ է՝ զենք մատակարարել ՀԱՊԿ անդամ երկրի, Ռուսաստանն ու Արևմուտքը թշնամիներ են, սա շատ սուր է դրված՝ որպես հարց»,- ասաց վերլուծաբանը։
Նա նաև գտնում է, որ այս մտորումներն են պատճառը, որ Հայաստանի դեպքում նաև խոսք էր գնում չեզոք կարգավիճակի երկրի կարգավիճակի ձգտելու մասին։
«Այս առումով հաշվի էր առնվում Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, որը չունի եվրոպական ձգտումներ, սակայն ունի լավ հարաբերություններ ԵՄ-ի հետ, ինչպես նաև եվրոպական առանձին երկրների ղեկավարության հետ, ինչպես Հունգարիան է և այլն»,- ասաց նա։
Եվրոպացի փորձագետը գտնում է, որ թե Երևանը, թե Բրյուսելը սպասում են միմյանց լուրջ քայլերին, դրանք մի շարք հանգամանքների ներքո տեղի չեն ունենում, և գործընթացը ձգձգվում է։