Իրանը Մերձավոր Արևելքում մեծացնում է իր ազդեցությունը, որը կունենա լուրջ հետևանքներ նաև Հարավային Կովկասի վրա․ իրանցի վերլուծաբան

Մերձավոր Արևելքում Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է «եռալ»։ Մի քանի օր առաջ Իրանը խոցեց հակաիրանական թիրախներ, ահաբեկչական խմբավորումներ՝ հաստատված Սիրիայում, Իրաքում և Պակիստանում, իսկ հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Իրանի տարածքում Պակիստանն է խոցել հակապակիստանյան գրոհայինների։

Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «մի շարք բարձր ճշգրտությամբ ռազմական հարվածներ՝ բարձր համակարգվածությամբ և հատուկ ուշադրությամբ, իրականացվել են Իրանի Սիստան-Բելուջիստան նահանգում՝ ուղղված ահաբեկիչների թաքստոցներին»։

Սրան հաջորդել էր Պակիստանի ԱԳ նախարարի զանգը Թեհրան։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ըստ իրանական պաշտոնական հաղորդագրության, ընդգծել է Պակիստանի դիրքորոշման կարևորությունն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության և հարևանության մեջ, նպատակահարմար է հետևել անվտանգության և ռազմական համագործակցության առանցքին, ինչը նախկինում համաձայնեցվել և շեշտվել է երկու երկրների ղեկավարների կողմից։ Ամիր Աբդոլլահիանը հիշեցրել է, որ Իրանի անվտանգության ուժերը դեմ են ցանկացած ահաբեկչական գործողության և ահաբեկիչներին օպերատիվ գործողություններ իրականացնելու հնարավորություն չեն տալիս։

Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի հարևանությամբ ընթացող մերձավորարևելյան իրադարձությունները Հայաստանի վրա, հատկապես, երբ դրանում ներգրավված են Հայաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող ԻԻՀ-ն և Ադրբեջանի դաշնակից Պակիստանը։

Կարդացեք նաև

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Իրանը որոշ տեղային գործողություններ իրականացրեց Իրանի դեմ աշխատող ահաբեկչական խմբավորումների դեմ։

«Իրանը բոլոր շահագրգիռ կողմերին կարողացավ բացատրել, թե ինչու է այս ամենն արվում։ Իսկ ավելի լայն կոնտեքստում պետք է ասել, որ Մերձավոր Արևելքում Արևմուտքի դերը նվազում է, իսկ Իրանի դերակատարությունը՝ ավելանում, Իրանը դառնում է գլխավոր խաղացող այս ռեգիոնում, և այս քայլերը նաև ունեին ոչ միայն ռազմական, անվտանգային, այլև ռազմավարական, աշխարհաքաղաքական նշանակություն։ Չեմ կարծում, որ էսկալացիան խորանալու է, տեսնում ենք, որ վերջին օրերի ընթացքում լուրջ գործողություններ չկան»,- մեկնաբանեց վերլուծաբանը։

Ըստ նրա, Իրանի շուրջ այս գործընթացների անդրադարձը Հարավային Կովկասի վրա լինելու է Իրանի դերակատարության աճի տեսքով։

«Եթե Իրանը դառնում է Մերձավոր Արևելքում այնպիսի տերություն, որն արդեն Արևմուտքում չեն հերքում, դա լրջագույն փուլ է այս ռեգիոնի համար։ Նույնիսկ Արևմուտքն է այդ փաստը հաշվի առնում։ Կարծում եմ՝ սրան կհաջորդի նաև Հարավային Կովկասի Իրանի դիրքորոշումների ամրապնդում։

Չեմ կարծում, որ այս վերջին էսկալացիան տարածվելու է, ներգրավելով այլ թիրախներ գոնե այս փուլում։ Հարավային Կովկասում շարունակելու է թելադրող լինել Հայաստան-Ադրբեջան օրակարգը, տրանսպորտային ճանապարհների հարցը, որոնցում Իրանը էական դերակատարություն ունի և էլ ավելի է մեծացնելու այդ դերակատարությունը, ելնելով իր ռազմավարական շահերից։ Իրանը Հարավային Կովկասում ոչ թե պատերազմական տրամադրություններին նպաստող, այլ էսկալացիաները կայունացնող, ինչպես նաև պատերազմները կանխող ուժ է, ինչը ցույց տվեց վերջին տարիների զարգացումը»,- ասաց Սալամին։

Նա գտնում է, որ եթե Հարավային Կովկասում մի շարք հարցերի վերաբերյալ չլինեին Իրանի հստակ դիրքորոշումները, չէին բացառվում փոքր պատերազմներ։

«Իրանի որևէ դիրքորոշում չի փոխվել, Իրանը շարունակելու է հանդես գալ խաղաղության, անվտանգության և կայունության օգտին երկրների տարածքային ամբողջականության պաշտպանության ամուր հանձնառությամբ։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում աշխարհաքաղաքական փոփոխությունները Հարավային Կովկասում, որոնք մասամբ կան, սակայն դրանք ժամանակավոր ու երկարատև չեն, քանի որ մենք գտնվում ենք գեոպոլիտիկ ազդեցությունների փոփոխման փուլում։ Արևմուտքը պայքարում է Հարավային Կովկասում լիակատար ազդեցություն ձեռք բերելու համար, սակայն Իրանը դեմ է Արևմուտքի ամրապնդմանը թե առանձին երկրներում, թե հետևաբար՝ նաև ռեգիոնում, որի համար հստակ քայլեր է ձեռնարկում, ունենալով լծակների բավականին լայն շարք»,- ասաց Սալամին։

Նա կարծում է, որ ի տարբերություն Իրանի՝ Արևմուտքը Հարավային Կովկասում ունի խիստ սահմանափակ ազդեցության լծակներ։

«Իրանը ՀՀ-ի հետ լավ հարաբերություններ ունի, փոխըմբռնման մթնոլորտում են նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Ռեգիոնալ բոլոր երկրներն իրենց համագործակցությունը վեցակողմ ձևաչափում ամրապնդելու հարցում կոնսենսուս ունեն, ինչից կշահեն բոլորը։ Կշահեին նաև Հայաստանն ու Ադրբեջանը, եթե ընդունեին Իրանի առաջարկը՝ ստորագրելով կամ քննարկելով Խաղաղության համաձայնագիրն այդ ձևաչափում։ Չէ՞ որ Իրանն իր դիրքորոշումներով նպաստել է, օրինակ, ՀՀ շահերի առաջմղմանը և ռեգիոնում կայունության հաստատմանը, ինչը հնարավոր չէ ասել բազմաթիվ այլ միջնորդների մասին», -նկատեց նա։

Ամփոփելով՝ իրանցի վերլուծաբանն ասաց, որ Իրանն ավելի համարձակ է գործում՝ ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ՝ Հարավային Կովկասում։

«Սակայն այդ համարձակությունը չի նշանակում քաղաքականություն, որը պայթեցնում է ռեգիոնը։ Այս փուլում տեսնում ենք, թե ինչպես է Իրանը նաև դիվանագիտական գործիքակազմ կիրառում Պակիստանի հետ հարաբերությունները չսրելու նպատակով։ Ռազմական ուժը պետք է ծառայի խաղաղությանն ու անվտանգությանը, դրանց ամրապնդմանը և ոչ՝ նոր ցեղասպանությունների կազմակերպմանը կամ խաղաղ բնակչության թիրախավորմանը, ինչին վերջին ամիսներին կրկին ականատես ենք դառնում Մերձավոր Արևելքում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս