Մեղրիում մի շարք գերատեսչությունների մասնաճյուղերի փակումը ժամանակավո՞ր է

Մի քանի օր է՝ տելեգրամյան ալիքները գրում են, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից հանել ու Գորիս կամ Կապան են տեղափոխել մի շարք գերատեսչությունների մասնաճյուղեր, մասնավորապես՝ ՊԵԿ-ի և Կադաստրի մասնաճյուղերը, ընդ որում, կադաստրի մասնաճյուղը փակվել է  նախորդ տարվա օգոստոսի 16-ին, հիվանդանոցը բարձիթողի վիճակում է, այնտեղ բժիշկներ չկան, և առհասարակ չի ջեռուցվում։ Փետրվարի 1-ին նախատեսվում է փակել Մեղրիի Առաջին ատյանի դատարանը, դիահերձարանը ևս փակվել է՝ զինվորական լվացքատան հետ միասին, նույնիսկ վարորդական իրավունք ստանալու համար մարդիկ կրկին գնում են Կապան կամ Գորիս։

«Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ լքեն Մեղրին, որպեսզի հանգիստ կարողանան «միջանցք» տրամադրեն թշնամուն, այսինքն՝ Սյունիքը»,- գրել էին տելեգրամյան ալիքները։

168.amՍյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Մեղրիում փակվել տարբեր գերատեսչությունների մասնաճյուղերը, դա ինչո՞վ է պայմանավորված։

Նրա խոսքով՝ մարզպետարանի ենթակայության ներքո գործում են միայն Մեղրիի բժշկական կենտրոնը, մյուս կառույցների մասով ոչինչ ասել չի կարող։

Կարդացեք նաև

«Մեղրիի բժշկական կենտրոնը ոչ թե չի ջեռուցվում, այլ ջեռուցվում է էլեկտրական հոսանքով։ Խոսքը հավանաբար լոկալ ջեռուցման մասին է եղել, 2016 թվականին նոր շենք էր կառուցվել, սակայն լոկալ ջեռուցման համակարգն այդպես էլ չգործեց՝ տեխնիկական խնդիրների պատճառով։ Այնպես չէ, որ հիվանդանոցի ներսում սառն է կամ ջեռուցում չկա։

Ինչ վերաբերում է դիահերձարանին, ապա մեր կողմից Առողջապահության նախարարությանն արված առաջարկը հաստատվել է։ Այս տարի արդեն պետական ֆինանսավորմամբ Մեղրիում կկառուցվի նոր դիահերձարան, այդ հարցը հստակ լուծում արդեն ստացել է՝ շինարարությունը սկսվելու է»,- նշեց Արմինե Ավագյանը։

Տելեգրամյան ալիքների այս հրապարակումներից հետո, Կադաստրի պետական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ «առաջիկա օրերին կշարունակեն փակ մնալ կոմիտեի «Ջերմուկ» և «Մեղրի» սպասարկման գրասենյակները։ Իսկ վերաբացման մասին կտեղեկացնեն լրացուցիչ»։

Թե ինչո՞ւ են փակվել այդ մասնաճյուղերը և բացումը ե՞րբ է նախատեսված՝ գերատեսչության հաղորդագրության մեջ նշված չէր։

168.amն այս հարցերն ուղղեց Կադաստրի կոմիտեի խոսնակ Մարինե Սահակյանին։

«Շատ վաղուց, երբ սկսեցինք թվայնացնել մեր էլեկտրոնային հարթակը, գրասենյակներում հաստիքները կրճատվեցին։ Գրասենյակներում քաղաքացիները միայն կարողանում են դիմում մուտքագրել, ունենք օպերատորներ, որոնց միջոցով նույնպես կարող են անել, օրինակ, «Հայփոստը» կա, բանկերը։ Կոնկրետ Մեղրիի պարագայում իմ քիչ ունեցած հաստիքներն իրականում օբյեկտիվ պատճառներով թափուր են։ Այնտեղ ունենք մեկ աշխատակից, որն ունի առողջական լուրջ խնդիր։ Կարծեմ այնտեղ երեք հոգի աշխատակից կար, գրասենյակը կա, և այն ժամանակավոր է փակվել, այս պահին ուղղակի հաստիքները համալրված չեն»,- նշեց մեր զրուցակիցը։

Խոսնակի փոխանցմամբ՝ հաստիքները համալրելուց հետո Կադաստրի Մեղրիի մասնաճյուղը բացվելու է։

«Թվայնացմանը զուգահեռ՝ մենք ունեցել ենք գրասենյակներ, որոնք փակվել են զուտ այն պատճառով, որ դրա ֆունկցիոնալությունը նվազել է։ Սակայն Մեղրիի պայմանում այդպես չէ, քանի որ գրասենյակը կա, ուղղակի հաստիքներն են թափուր, գուցե մյուս ամիս բացվի։ Գիտեմ, որ այս պահին հաստիքները համալրելու համար մրցույթ դեռևս հայտարարված չէ»,- եզրափակեց Մարինե Սահակյանը։

168.am դիմեց նաև Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես կմեկնաբանի տեղի ունեցողը։

Հարցը լսելուց հետո Մեղրիի քաղաքապետն ասաց, որ արդեն լրատվամիջոցներից մեկին պարզաբանում տվել է, հետևաբար՝ լավ կլինի մեկնաբանություններ ստանալ այն գերատեսչություններից, որոնց մասնաճյուղերի վերաբերյալ խոսվում է, քանի որ ինքը չի կարող ամեն օր նույն բանն ասել լրատվամիջոցներին՝ զբաղվածության պատճառով։

Քաղաքապետ Բագրատ Զաքարյանն իր նշած  լրատվամիջոցին տված մեկնաբանությունում բացասական էր գնահատել գերատեսչությունների մասնաճյուղերի փակումը, ասելով, որ Մեղրին Հայաստանի համար պակաս կարևոր քաղաք չէ, և քաղաքացիները չեն կարող, դիցուք, Կադաստրից որևէ թուղթ ստանալու համար Մեղրիից հասնել Կապան։ Ինչ վերաբերում է Մեղրիի հիվանդանոցին, քաղաքապետն ասել էր, որ հիվանդանոցը միշտ էլ ունեցել է կադրերի լուրջ խնդիր։

Մեղրիում ՊԵԿ-ի մասնաճյուղի և զինվորական լվացքատան փակման մասին մեկնաբանություններն ու պարզաբանումները  ՊՆ-ից և ՊԵԿ-ից  կներկայացնենք առաջիկայում։

Հ.Գ. Առաջիկայում կփորձենք ներկայացնել նաև Առողջապահության նախարարության տեսակետը, թե ի՞նչ քայլեր են իրականացնում Մեղրիի հիվանդանոցը կադրերով համալրելու համար։

Տեսանյութեր

Լրահոս