Իրանը Հարավային Կովկասում ևս իր շահերը շեշտակի առաջ է մղելու՝ հատկապես մի քանի ուղղությամբ. իրանցի վերլուծաբան
«Իրանի շահերը չեն կարող անտեսվել ոչ Մերձավոր Արևելքում, ոչ Հարավային Կովկասում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով Իրանի վերջին օրերի ռազմական հարվածներին Մերձավոր Արևելքում և այս ֆոնին Հարավային Կովկասում Իրանի դերին։
Վերլուծաբանը գտնում է, որ Իրանի քայլերն անսպասելի չպետք է լինեին, քանի որ Իրանը մերձավորարևելյան այդ բոլոր ուղղություններով իր դիրքորոշումը մշտապես հայտարարում էր, խոսում Իսրայելի ու նրա հովանավորների գործողությունների մասին։ Սակայն, նրա խոսքով, Իրանի զսպվածությունը շատերին շփոթեցնում է, այնինչ Իրանը ոչ թե թույլ է, այլ հարցերը բանակցային եղանակով լուծելու կողմնակից երկիր է.
«Այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, չունի ուղիղ կապ Հարավային Կովկասի հետ, սակայն անուղղակի կապեր այնուամենայնիվ կան։ Գլխավորն այն է, որ ելնելով իր շահերից, Իրանը ստիպում է հաշվի նստել իր շահերի հետ և այս փուլում դա ավելի շեշտակի է անելու։ Հարավային Կովկասում ևս ԻԻՀ-ն ունի հստակ շահեր, որոնք փաթեթավորել է որոշ ձևակերպումների ներքո։
Օրինակ՝ ՀՀ անվտանգությունն Իրանի անվտանգությունն է, ՀՀ տարածքային ամբողջականությունը չպետք է խաթարվի, տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերը չպետք է մասնակցեն ռեգիոնալ կարգավորման և անվտանգային ձևավորման գործընթացներին։ Այստեղ կան ուղերձներ թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար։ Կարծում եմ՝ սրանք անտեսել հնարավոր չէ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Մոսկվան, որը երկար տարիներ եղել է Երևան-Բաքու գործընթացի միջնորդը, ներկայումս սերտ համագործակցում է Թեհրանի հետ և կիսում Թեհրանի մոտեցումները»։
Կայհան Բարզեգարը համարում է, որ Թեհրան-Մոսկվա հարաբերությունները երբեք այսպիսի վստահության մթնոլորտում չեն եղել, և ըստ նրա՝ դա նպաստում է Իրանի հարավկովկասյան դիրքերի ամրապնդմանը. «Սա ինչ-որ տեղ կոնսենսուսային դիրքորոշում է և օգնում է Մոսկվային զբաղվել իր խնդիրներով, հատկապես, երբ սա ԻԻՀ անմիջական հարևանությունն է։
Մի շրջանում, երբ Մոսկվան մերժվում է կամ անձամբ չի ցանկանում մասնակից դառնալ գործընթացներին, Թեհրանը, որպես տարածաշրջանի տերություն, կարող է դերակատարություն ստանձնել։
Նշեմ, որ Իրանի բոլոր քայլերը համաձայնեցված են Մոսկվայի հետ, ուստի պատահական չէր, որ մինչ Երևան տարեվերջին այցելելն ԻԻՀ ԱԳ նախարարը բանակցություններ վարեց իր ռուս գործընկերոջ հետ։ Իրանի վերջին գործողության ֆոնին ինտենսիվացան ռուս-իրանական դիվանագիտական ու ռազմական շփումները։ Մերձավոր Արևելքում ԻԻՀ գործողությունները պարզապես ցույց են տալիս, որ Իրանին անտեսել հնարավոր չէ։ Եթե Իրանը, որպես ռեգիոնալ խաղացող, կարող է օգտակար լինել, ավելի ճշգրիտ ընկալել կողմերի շահերը, ապա ինչո՞ւ չի կարող նաև պատասխանատվություն ստանձնել վերջնական պայմանավորվածության համար»,- ասաց վերլուծաբանը։
Ըստ նրա՝ ԻԻՀ-ն կարող է դառնալ պայմանագրի ստորագրման և ռեգիոնալ անվտանգության երաշխավորը։