Փնթի կառավարումն էլ ինչպե՞ս է լինում, Նիկո’լ: Չի հերքվել դիվերսիայի վարկածը. Նորիկյանը՝ Ազատի գործով

«Ծածկադմփոց». այս բառով է փաստաբան Նորայր Նորիկյանը բնորոշում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանում զինվորների մահվան գործով գործընթացները: Զոհվածների ծնողների փաստաբանը նշեց՝ ողբերգությունից մեկ տարի անց ոչ միայն չեն տրվել հասարակությանը հուզող հարցերի պատասխանները, այլև այդ հարցերը շատացել են:

«Տուժող կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ սույն գործով իրավասու մարմինների կողմից արվեց հնարավոր ամեն բան` գործը ծածկադմփոց անելու համար, իրականացվեց ամեն բան, որ սույն գործի բացահայտվելու ուղղությամբ ճշմարտությունը բացահայտելուն ուղղված որևէ իրական քայլ չկատարվի»,- ասաց Նորայր Նորիկյանը։

Նա հավելեց՝ այս քրգործում բացակայում է որևէ փաստական տվյալ, որով կհիմնավորվի, որ իրավասու մարմինները կատարել են այնպիսի աշխատանք, որով կհերքվեր այս գործով այս պահին իրենց առաջ քաշած պաշտոնական վարկածի շրջանակներում հիմնական դերակատար Եղիշե Հակոբյանի հնարավոր կապն ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ։

«Այլ քրեական գործերով մեր համապատասխան հատուկ ծառայություններն իրականացնում են այդպիսի աշխատանք, որով որևէ առնչության առկայության դեպքում՝ հերքում կամ հաստատում են: Հետևաբար, ինձ համար տարօրինակ է, որ այս գործով չի իրականացվել այդպիսի գործընթաց,- մանրամասնեց փաստաբանը և նկատեց՝ տուժող կողմի մոտ համոզմունք է ձևավորվել, որ վարույթն իրականացնող մարմինն այդպես էլ խորամուխ չի եղել այլ վարկածների ուղղությամբ խորքային քննություն իրականացնելուն, որի հետևանքով ծնողների մոտ առկա կասկածներն այդպես էլ չփարատվեցին,- Այդ վարկածների շարքում կարող էր լինել դիվերսիան. ընդ որում, այս գործի քննության արդյունքներով հիմնովին և անխոցելիորեն չի հերքվել հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների արդյունքում այս ողբերգությունն իրականացնելու հնարավորությունը։ Ինչպես այդ վարկածը,  այնպես էլ՝ այլ վարկածներ ևս չեն հերքվել` կապված դիզվառելիքի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության և այլնի հետ»:

Կարդացեք նաև

Նորայր Նորիկյանը հայտարարեց՝ անգամ այդ պաշտոնական վարկածի շրջանակներում չի իրականացվել այն անխոցելի քննությունը, որը չեզոք և կողմնակի անձանց աչքերով կգնահատվեր՝ որպես օբյեկտիվ։

«Ես պնդում եմ, որ գլխավոր դատախազից սկսած՝ վերջացրած իրենց ամենավերջին դատախազով, չի իրականացվել հետևողականություն և սեփական լիազորությունների շրջանակներում անհրաժշետ կարողությունների գործադրում, որպեսզի սույն գործի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվեն ու բացահայտվեն,- նկատեց նա, ապա ընդգծեց,- Ես քիչ հույս ունեմ, որ անջատված մասով կարող է որևէ շրջադարձային բան տեղի ունենալ, որովհետև ակնհայտ է՝ եթե լիներ ցանկություն՝ այս գործի բոլոր հանգամանքները բացահայտելու, մինչև հիմա բացահայտած կլինեին, պատասխանատվության ինստիտուտն էլ կգործեր»:

Զոհված զինծառայողի ծնողների փաստաբանն ամփոփելով՝ շեշտեց, որ տեղի ունեցած ողբերգությունը ԶՈՒ-ում կադրային սխալ քաղաքականության, ռեսուրսների ոչ ռացիոնալ կառավարման, արժեհամակարգային ճգնաժամի, ոչ կանոնադրական հարաբերությունների առկայության, պատասխանատվության ու սրտացավության դիֆիցիտի և այլ բացթողումների հետևանք է:

«Փնթի, անպատասխանատու, բանակի բարդակի վիճակի համար թիվ մեկ պատասխանատուն է գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Փնթի կառավարումն էլ ինչպե՞ս է լինում, Նիկո՛լ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս