Իրանի հակաահաբեկչական գործողությունը համապատասխանում է միջազգային պարտավորություններին. ՄԱԿ-ում Իրանի դեսպան
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հակաահաբեկչական գործողություններն Իրաքում և Սիրիայում լիովին համապատասխանում են երկրի միջազգային պարտավորություններին։ Ըստ նրա՝ այդ գործողություններն անհրաժեշտ են ահաբեկչության դեմ պայքարի համար:
Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նախագահող Ֆրանսիայի դեսպանին ուղղված իր նամակներում գրել է. «Կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ Իսլամական Հանրապետությունը, որպես ահաբեկչության գլխավոր զոհերից մեկը, հակաահաբեկչական գործողություններն իրականացրել է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա` իրեն պաշտպանելու համար: Այդ գործողությունը ներառել է հարձակումները Սիրիայում և Իրաքում տեղակայված ահաբեկչական խմբավորումների բազաների և օբյեկտների վրա»:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նաև հայտարարել է, որ Թեհրանի հակաահաբեկչական գործողությունը պատասխան է Քերմանում վերջերս իրականացված ահաբեկչության, որի հետևանքով զոհվեց շուրջ 100 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ ու կանայք, և շատերը վիրավորվեցին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է Իրաքի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին հարգելու իր անսասան հանձնառությունը: Որպես ՄԱԿ-ի պատասխանատու անդամ` Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին: Բացի այդ, Իրանը հաստատում է միջազգային իրավունքով ճանաչված իր անքակտելի իրավունքները` ցանկացած սպառնալիքից կամ հարձակումից պաշտպանելու իր ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և իր քաղաքացիներին», – գրել է Իրավանին։
Հունվարի 15-ին Իրանը հարվածներ էր հասցրել Իրաքյան Քուրդիստանում Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի շտաբին՝ դա պատճառաբանելով հակաահաբեկչական խմբերի և ցանցերի դեմ գործողություններով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ հարվածներ է հասցրել նաև «լրտեսական մի շարք կենտրոնների և հակաիրանական ահաբեկչական խմբերի հավաքատեղիների տարածաշրջանի տարբեր մասերում, այդ թվում՝ Սիրիայում»։