«Զարմանում եմ, ժողովուրդն ինչի՞ է սպասում, սպասում է, որ մի օր թուրքը գա ու իրենց հանի սեփական տների՞ց». Հաթերքի գյուղապետ
Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունը 2023 թվականի հունվարի 15-ին ադրբեջանական Milli TV յութուբյան ալիքում տեղադրեց մի տեսանյութ, որը նկարահանվել է օկուպացված Արցախի Հաթերք գյուղի՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում և նրան հարակից տարածքում:
«Տեսանյութում երևում է, որ Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղի ինքնապաշտպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը և շրջակա գերեզմանոցը ենթարկվել են վանդալիզմի: Մասնավորապես շրջված են Հաթերք գյուղի պաշտպանների դիմանկարներով հուշաքարերի մեծ մասը, ինչպես նաև որոշ գերեզմանաքարեր: Տեսանյութը նկարահանել են հուշահամալիրի մոտ ինչ-որ աշխատանքներ իրականացնող ադրբեջանցիները: Տեսանյութում նաև երևում է, որ աշխատանքային գործիքներ, գազի բալոն տեղադրված են հուշաքարերի վրա։
Հաթերք գյուղը բավականին տուժել է Արցախյան առաջին պատերազմի տարիներին: 1992 թվականին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են հայաթափել ու ոչնչացնել գյուղը: 1992-1993 թվականներին գյուղը երկու անգամ օկուպացվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Հաթերք գյուղի 19 խաղաղ բնակիչ, որոնք չէին հասցրել հեռանալ ադրբեջանական ներխուժման ժամանակ սպանվել են ադրբեջանցի զինվորականների կողմից։ Գյուղի ինքնապաշտպանության և ազատագրման համար մղված մարտերում զոհվել է 57 հոգի: Զոհվածների հիշատակին նվիրված եղբայրական գերազմանատանը կանգնեցված հուշահամալիրի կառուցման աշխատանքները սկսվել էին 2002 թվականին և ավարտվել 2005-ին»։
168.am-ի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ղեկավար Վարդան Գրիգորյանը խոսելով գյուղում ադրբեջանցիների իրականացրած վայրագությունների մասին, ասաց՝ թշնամու ձեռագիրը նույնն է, չի փոխվել, ուստի գերեզմանոցների ավերում ու քանդումը նրանց կողմից նորություն չէ։
«Նման բաներն արդեն որերերոդ անգամ են կրկնվում, հայկական որ տարածքն անցնում է թշնամու օկուպացիայի տակ, ամեն ինչ այդ տարածքում ոչնչացնում է։ Հիմա ՀՀ-ում շատերն ասում են՝ «դե մենք ժամանակին արել ենք, իրենք էլ են անում», այս մարդկանց մեկ հարց ունեմ՝ ո՞վ է առաջինը սկսել, իհարկե թշնամին։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ թուրքերը հիմնովին ավերել են Հաթերքի գերեզմանոցը։ 30 տարի մի կերպ գերեզմանոցը կարգի բերեցինք, վերացրեցինք նրանց ավերվածությունները, այսօր նույնն են անում։ Քանդել էին նույնիսկ Հայրենական պատերազմին նվիրված հուշարձանը»,-նշեց Վարդան Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում նահատակված տղաներին ադրբեջանցիների կողմից ավերվող եղբայրական գերեզմանոցում չեն հուղարկավորել, քանի որ վտանագավոր է եղել։ Այնտեղ հուղարկավորել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի նահատակներից։
Հաթերքի գյուղապետը հակարդարձում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, թե՝ «30 տարի Հայաստանն ասել է, թե Ղարաբաղը, Նախիջևանը Հայաստան է, հիմա էլ Ադրբեջանն է հայելային նույնը կրկնում Երևանի համար», ընդգծելով՝ դրանով թշնամու ջրաղացին ջուր են լցնում։
«Չգիտեմ՝ ի՞նչ անենք, որ բոլորը հասկանան՝ թշնամու հետ հնարավոր չէ խաղաղություն։ Ադրբեջանը խաղաղության չի ձգտում, հայկական գերեզմանոցների ոչնչացումը վառ օրինակ, խաղաղության գնացող երկիրը նման բան չէր անի։ Ադրբեջանը պլանավորված գնում է հայկական հողերի զավթման, սար ու գյուղ են վերցնում, ամեն ինչ ասում են, որպեսզի հայկական կողմից մի տարածք ավելի պոկեն։ Հավատացեք, թշնամին չի բավարարվելու նույնիսկ «Զանգեզուրի միջանցքով» մինչև վերջ գնալու են, մինչև տիրանական ամբողջ Հայաստանին»,-հավելեց մեր զրուցակիցը։
Հաթերք գյուղապետի համար զարմանալի է, որ այս ամենն այսօր հայ ազգը, ժողովուրդը հանդուրժում է ու համակերպվում։
«Զարմանում եմ, ժողովուրդն ինչի՞ է սպասում, սպասում է, որ մի օր թուրքը գա ու իրենց հանի սեփական տների՞ց։ Արցախում էլ էինք նույնն ասում, չէին հասկանում ու ընդունում։ Հիմա նույնը այստեղ է կատարվելու։ Շատերը իրերը կապած սպասում են, որ մի բան լինի՝ թռնեն Հայաստանից, նկատի ունեմ այն մարդկանց, որոնք իշխանական լափամանից են օգտվում։ Նույն այս մարդիկ գոռում են, թե խաղաղություն է, գնալու ենք խաղաղության։
Չեմ հասկանում՝ մինչև ե՞րբ է լինելու այս լռությունը, թուրքը քնած չէ, նա չի սպասում ի տարբերություն մեզ։ Շատ ժամանակ չեմ ուզում խոսել, քանի որ ասում են՝ ղարաբաղցի է, դրա համար է խոսում, բայց հիմա էլ չկա ղարաբաղցի, Ղարաբաղ, ինչի՞ են սպասում»,-շեշտեց նա։
Նրա խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերզմի ժամանակ Հաթերքի սահմանն ամբողջությամբ պաշտպանված էր, բոլորը կանգնած էին սահմանին, սակայն չգիտեին՝ ինչ է տեղում ունենում Արցախի սահմանների մյուս հատվածներում, միայն ամբողջ օրը լսում էին, թե «հաղթելու ենք»։
«Եթե նման հայտարարություն չարվեր, մարդկանց ճշմարտությունն ասվեր, գուցե այդ հատվածից մենք գնայինք մեկ այլ հատված օգնության։ Ամեն ինչ շատ է խառնվել իրար, իրավիճակն ավելի բարդ է, քան մենք պատկերացնում ենք»,- եզրափակեց Վարդան Գրիգորյանը։