Իշխանությունը թող մեր գյուղից բոլոր տեխնիկաները հանի ինձ տա, ես այս մեքենան իրենց կտամ, մի մեքենա էլ հետը կտամ. Հաթերքի գյուղապետ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին։ Այս պահին փորձում ենք ճշտել այն տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։ Մեն-մենակ»։
Միջադեպից հետո Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջով առցանց եթերում ասել էր. «Պատկերացնո՞ւմ եք, երեք փոքր երեխա՝ 7, 9 և 13 տարեկան երեխաները մեքենայի մեջ, երեխեքի աչքի առաջ հորը գցում են գետնին, ձերբակալում, ու մեքենայի մեջ թողնում երեխաներին: Ես այսպիսի այլանդակություն այլ ազգից չեմ լսել: Վստահ եմ՝ հրաման տվողներն էլ նման հրաման չեն տվել»,- ասել է Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավանում:
«Ես գաղափար չունեմ՝ որ մարմինն է ձերբակալել ու ինչու Հաթերքի գյուղապետին, բայց հաստատ համոզված ենք, չէ՞, որ խոսքը մի եսիմ ինչ գործի չի վերաբերում: Պարզ կլինի, կհասկանանք, որ մի ինչ-որ ստից ենթադրություն է, թե ինչի հետ է կապված, բոլորս էլ հասկանում ենք»:
Սրանից որոշ ժամանակ անց ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի օկուպացրած Արցախի Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանն ասաց, որ իրեն այդպես էլ նորմալ չեն բացատրել, թե ինչու են բերման ենթարկում։
«Խոսում էին մեքենայի մասին, որը պատկանում է Հաթերքի համայնքապետարանին, որը Արցախից դուրս բերելուց հետո, օրենքին համապատասխան, սեփականացվել է։ Ինձ բերման ենթարկելուց հետո, որոշ ժամանակ պահել են ու բաց թողել։
Կրկնում եմ՝ մեքենան, որի մասին իրենք հիշտակում են, եղել է համայնքապետարանի սեփականությունը, բայց Արցախից բռնի տեղահանվելուց հետո, Հայաստանում օրինավոր ճանապարհով մեքենան վերանվանակոչել եմ իմ անունով։ Գործընթացում որևէ ապօրինի բան չի եղել, նույնիսկ իրենց եմ փաստաթղթերը ցույց տվել, եթե գործարքն ապօրինի էր, ինչո՞ւ էին անում»,- նշեց Վարդան Գրիգորյանը։
Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարի սեպտեմբերին, երբ բռնի տեղահանվում էին Արցախից, Հաթերքում թողել են հարյուրավոր տեխնիկա, մեքենաներ։
«Բռնի տեղահանման ընթացքում մեր գյուղը սարսափելի ձևով է դուրս եկել՝ մի քանի րոպեների ընթացքում պետք է դուրս գայինք։ Ոչ մի բան որևէ մեկը չի հասցրել իր հետ վերցնել, ով ինչով կարողացել, դուրս է եկել։ Մեր գյուղից միայն այդ մեքենան եմ վերցրել ու դուրս եկել։ Թող գնան մեր գյուղից բոլոր տեխնիկաները հանեն ինձ տան, ես այս մեքենան իրենց կտամ, մի մեքենա էլ կառնեմ, հետը կտամ»,- հավելեց Վարդան Գրիգորյանը։
Մեր զրուցակցի համար պարզ չէ, թե ինչու ամիսներ անց, հանկարծ ՀՀ իշխանությունը հիշեց մեքենաների մասին, այսինքն՝ պարզ է և գիտի, բայց դրա մասին չի բարձրաձայնում, ամեն ինչ թողնում է հանրության վերալուծությանը։
Հարցին՝ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Վարդան Գրիգորյանը պատասխանեց.
«Թողնում եմ մարդկանց վերլուծությանը, դեպքերը թող վերլուծեն, կհասկանան»։
Հիշեցնենք, որ համայնքապետարանների մեքենաների համար կալանավորված են Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետերը, Ասկերանի քաղաքապետը ենթարկվել է տնային կալանքի։ ՀՀ իշխանությունը բռնի տեղահանված համայնքապետերին ու քաղաքապետերին մեղադրում է պետությանը վնաս պատճառելու համար։