«Վերադարձն Արցախ ամեն տարբերակով պատկերացնում եմ, բայց ոչ Ադրբեջանի դրոշի ներքո». Հաթերքի գյուղապետ
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված բնակիչների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունները շարունակում են հավաքագրել Արցախի համայնքապետերը, վարչական ղեկավարները, գյուղապետերը՝ հասկանալու համար, թե իրենց բնակիչները Հայաստանի որ մարզում են հաստատվել և ինչ խնդիրներ ունեն։
168.am-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ղեկավար Վարդան Գրիգորյանն ասաց, որ Հաթերքի բնակիչներն այս պահին սփռվել են ամբողջ Հայաստանով մեկ, գրեթե բոլորի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունի։
«Բնակիչների մեծ մասն այս պահին տեղավորված է վարձով, ժամանակավոր կացարաններում։
Խնդիրները փորձում ենք համակարգել, օրինակ, այժմ գրեթե բոլոր բռնի տեղահանվածները բախվում են թղթաբանության հետ կապված հարցերի, մարդիկ դիմում են թոշակները, նպաստները ստանալու համար, բայց խնդիրը չի էլ կարգավորվում։ Այսօր ես էլ թղթաբանության հետ կապված հարցեր ունեի, ինձ հինգ տեղ են ուղարկել, բայց որևէ տեղում հարցը չլուծվեց։ Կամ, օրինակ, Արցախից եկած մարդն ուզում է իր մեքենան վաճառել, կրկին առաջանում են թղթաբանության խնդիրներ՝ տուրքի վերաբերյալ, զրոյական թուղթ կոչվածը, որը ես պարտադիր տալիս եմ մեքենա վաճառող իմ բնակիչներին։ Այդ թղթի համար մարզից բնակիչը հասնում է Երևան, ես էլ եմ մարզում ապրում, ես էլ եմ հասնում Երևան, որ իրար տեսնենք ու այդ թուղթը տամ։ Մեր գյուղը մեծ գյուղ է, պատկերացրեք՝ որքան թուղթ պետք է տամ, այդ թուղթն էլ անիմաստ է, որ պահանջում են։ Հիմա օրենք մշակողներին համապատասխան կառույցները կարող են ասել, չէ՞, որ այս հարցն այսքան չբարդացնեն։ Ասենք՝ եթե գիտեն, որ արցախցին առանց հարկի է, ինչո՞ւ են այդ թուղթն ուզում»,- նշեց Վարդան Գրիգորյանը։
Ըստ նրա, բռնի տեղահանված արցախցիները նմանատիպ բազմաթիվ խնդիրների են բախվում, մարդկանց նորմալ տեղեկատվություն չի տրամադրվում։ Այս ամենից զատ, արցախահայությունը բախվում է նաև տան բարձր վարձրավճարների խնդրին, որը մեծ մասամբ արհեստական են բարձրացրել։
«Կարծում եմ՝ Արցախից բռնի տեղահանված մարդիկ պետք է ստանան փախստականի կարգավիճակ, այսօր եթե արցախցուն չեն տալիս այդ կարգավիճակը, ապա ո՞ւմ պետք է տան»,- նշեց Վ. Գրիգորյանը։
Հաթերքի գյուղապետը մինչև հիմա անհավանական է համարում այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ից հետո՝ Արցախի բնակչության բռնի տեղահանությունը։ Ադրբեջանական 9-ամսյա շրջափակման ժամանակ և պատերազմի ընթացքում չէին սպասում, որ նման բան տեղի կունենա։
«Պատերազմի ժամանակ բնակչությունը Ստեփանակերտ էր գնացել, բոլորս էլ մտածում էինք, որ պատերազմի ավարտից հետո բոլորը կվերադառնան իրենց տները, հետո պետք է կարգավիճակ որոշեին, որպեսզի գյուղում ապրեինք։ Մեր գյուղից մարդիկ որևէ բան չեն վերցրել, չեն իմացել, որ վերջնականապես դուրս են գալիս, իսկ թշնամին առհասարակ գյուղ չէր մտել, քանի որ մինչև վերջին պահը մեր զինվորները կանգնած են եղել, մինչև այն պահը, որ սկսեցին զինաթափել։
Տեղեկատվություն ու կապ չկար, ոչ ոք չգիտեր՝ ինչ է լինելու, ինչպես է լինելու։
Հիմա մեր վերադարձն Արցախ ամեն տարբերակով պատկերացնում եմ, բայց ոչ Ադրբեջանի դրոշի ներքո։ Ասում եմ՝ ցանկացած տարբերակով, նույնիսկ ապրել վտանգի ներքո, իհարկե, ոչ երեխաների հետ, բայց շատ մարդիկ առանց երեխաների կվերադառնան ու կապրեն, կրկնում եմ՝ առանց Ադրբեջանի դրոշի։ Եթե նրանց դրոշի տակ ապրենք, դա նշանակում է՝ վաղը-մյուս օրը զենք վերցնել ու կռվել Հայաստանի դեմ, սա մեզ համար անընդունելի է»,- եզրափակեց Վարդան Գրիգորյանը։