Բա լավ, այ իրավաբանությունից անգրագետներ, մեկնումեկդ չի՞ ասել, որ ԱԱԾ տնօրենին նշանակելու և ազատելու օրենք չենք կարող ընդունել, քանի դեռ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասին օրենք չկա. Գևորգ Պետրոսյան

Հունվարի 12-ին մեկ ժամվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն ազատվեց աշխատանքից և վերանշանակվեց իր պաշտոնում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի. Արմեն Աբազյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանեցին, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը և վերանշանակումը պայմանավորված է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխություններով, ըստ որի՝ ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններից հետո օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և տեղակալներն ազատվում են զինվորական ծառայության պաշտոններից և նշանակվում են՝ որպես հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք»:

168.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանն ասաց՝  2023թ. դեկտեմբերի 22-ին ընդունված «Ազգային անվտանգության մարմինների» մասին ՀՀ օրենքի փոփոխություններով, որոնք ուժի մեջ մտան այս տարվա հունվարի 9-ից, ԱԱԾ տնօրենին պաշտոնի նշանակում և ազատում է վարչապետը:

Կարդացեք նաև

«Դա այն դեպքում, երբ Հայաստանի գործող Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն՝ ԱԱԾ տնօրենին վարչապետի առաջարկությամբ աշխատանքի նշանակում և ազատում է ՀՀ նախագահը: Հունվարի 12-ին հրապարակված նախագահի հրամանագրում հղում է արված Սահմանադրության 133-րդ հոդվածին: Այսինքն՝ իրենք ընդունում են, որ ՀՀ նախագահը պետք է ազատի Զինված ուժերի կազմում ներառվող ԱԱԾ տնօրենին»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածը սահմանում է Հանրապետության նախագահի լիազորությունները ՀՀ Զինված ուժերում:

Հոդված 133

1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

2. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:

Գևորգ Պետրոսյանը պնդում է՝ նման օրենք կարող էին ընդունել, եթե Սահմանադրության 133-րդ հոդվածում փոփոխություններ կատարեին:

«Այսինքն՝ ստացվում է, որ երկրի հիմնական, մայր օրենքը՝ Սահմանադրությունը, սահմանում է, որ ԱԱԾ տնօրենին պաշտոնի նշանակում և ազատում է նախագահը, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին ընդունված օրենքով՝ վարչապետը: Մինչդեռ իրենք պետք է Սահմանադրության 202-րդ հոդվածով սահմանված կանոններով նախ և առաջ օրենք ընդունեին Սահմանադրության 133-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին, նոր միայն ընդունեին այս վերջին օրենքը, համաձայն որի՝ արդեն վարչապետն է նշանակում ու ազատում ԱԱԾ տնօրենին»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Ըստ նրա՝ այլապես ստացվում է, որ ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն՝ ԱԱԾ-ն զինված ուժերի մաս է, ինչն այդպես չէ: Հետևաբար՝ նախ պետք է 133-րդ հոդվածում փոփոխություն արվեր, ԱԱԾ-ի մասին ձևակերպում ավելացվեր, նոր ընդունվեր այս օրենքը:

«Սրա վտանգը կայանում է նրանում, որ եթե վաղը որոշում լինի նույն կամ որևէ այլ անձի վարչապետի որոշմամբ ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին, ապա այդ որոշումը հակասահմանադրական է, որովհետև Սահմանադրության համաձայն՝ ԱԱԾ տնօրենին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը: Իրենք հղում են արել 133-րդ հոդվածին, այսինքն՝ ընդունել են, որ ԱԱԾ տնօրենը Զինված ուժերի մեջ մտնող պաշտոնյա է: Ճիշտ է, դեկտեմբերի 22-ին ընդունված և հունվարի 9-ից ուժի մեջ մտած օրենքում գրված է, որ ԱԱԾ տնօրենն այլևս ոչ թե զինվորական, այլ հանրային պաշտոն է համարվում, բայց այդպիսի օրենք կարող էր ընդունվել միայն և բացառապես Սահմանադրության 133-րդ հոդվածում փոփոխություն կատարելուց հետո, և քանի դեռ դա տեղի չի ունեցել, դեկտեմբերի 22-ի օրենքը հակասահմանադրական է»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ ազատման մասով խնդիր չկա, թեպետ ՀՀ նախագահը հղում է կատարել Սահմանադրության չփոփոխված նորմին, բայց գոնե ինքն է ազատել աշխատանքից ԱԱԾ տնօրենին:

Գևորգ Պետրոսյանը հիշեցրեց նաև, որ Սահմանադրությունը փոփոխվում է երկու կարգով՝ հանրաքվեով, իսկ առանձին հոդվածների դեպքում, որոնք ենթակա չեն բացառապես հանրաքվեով փոփոխության, ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի մեծամասնությամբ:

«Նման օրենք չի ընդունվել. ո՛չ հանրաքվե է եղել, ո՛չ էլ օրենքի փոփոխության վերաբերյալ օրենք է եղել: Ենթադրում եմ՝ սա գաղտնի օրակարգերից մեկով անցկացրել են: Բա լավ, այ իրավաբանությունից անգրագետներ, մեկնումեկդ չի՞ ասել, որ մենք նման օրենք չենք կարող ընդունել, քանի դեռ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասին օրենք չկա: Էդ ՔՊ-ի 71 պատգամավորը, որ էդ օրենքին կողմ էր քվեարկում, բա չէ՞ր ասում՝ մենք սրանից առաջ Սահմանադրության 133-րդ հոդվածը փոխելու մասին օրենք պիտի ընդունեինք»,- ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը նշեց նաև, որ հասկանում է Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան՝ վայրկյան առաջ իրեն ապահովագրել ու ԱԱԾ տնօրենին ևս միայն իր հայեցողությամբ ու հրամանով նշանակել ու ազատել:

Տեսանյութեր

Լրահոս