Բաժիններ՝

«100 դրամ մարդիկ գցում են ու չգիտեն՝ տեղ կհասնե՞ն, թե՞ ոչ. Կտեսնեք, թե Կենտրոնի բակերն ինչպես են ծանրաբեռնվելու». Կարեն Չիլինգարյան

Հունվարի 1-ից «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման համաձայն՝ կենտրոնում մեքենան կայանելու համար վարորդները տարեկան պետք է վճարեն 160 հազար դրամ՝ նախորդ 12 հազար դրամի փոխարեն։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը 168.amի հետ զրույցում խոսելով Երևանի ավագանու այս որոշման մասին, վստահեցրեց՝ այն իր նպատակին չի ծառայելու, քաղաքը չի բեռնաթափվելու, փոխարենը՝ Կենտրոնում մարդիկ ունենալու են բազմաթիվ խնդիրներ։ Այսինքն՝ եղած խնդիրներին այս նախագծով գումարվելու են նոր խնդիրներ։

«Մինչև նման որոշման ընդունումը նախ Երևանի քաղաքային իշխանությունը պետք է լուծեր հանրային տրանսպորտի հարցը, այսինքն՝ ունենայինք քաղաքակիրթ հանրային տրանսպորտ, տրանսպորտային համակարգ, որից մարդիկ նորմալ կօգտվեին, այնուհետև անցնեին Կենտրոնի բեռնաթափմանը։

Հավատացեք, շատերը ստիպված են իրենց անձնական մեքենաներից օգտվում և դրանով գալիս Կենտրոն, քանի որ հանրային տրանսպորտից պարզապես չեն կարողանում օգտվել։ Սա հարցի լուծում չէ, երբ ունենային տրանսպորտային նորմալ համակարգ, որը կաշխատեր նորմալ ձևով մարդկանց այս կետից տեղափոխել մյուս կետ, այդ ժամանակ նման որոշումն արդարացված կլիներ։ Նույնիսկ վճարման նորմալ ու քաղաքակիրթ համակարգ չկա։ Մարդիկ 100 դրամ գցում են ու չգիտեն՝ տեղ կհասնե՞ն, թե՞ ոչ»,- նշեց Կարեն Չիլինգարյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, քաղաքի Կենտրոնը, իհարկե, պետք է բեռնաթափվի, բայց ոչ նման որոշումներով, քանի որ, եթե քաղաքացին հնարավորություն չունի հանրային տրանսպորտով երթևեկելու, պարզ է, որ նա կերթևեկի մեքենայով։

«Որոշ ժամանակ անց կտեսնենք, թե Կենտրոնի բակերը որքան են ծանրաբեռնվելու մեքենաներով, մարդիկ չեն կարողանալու դուրս գալ իրենց բակ։ Չնայած արգելափականներ են դրել բակերում, բայց միևնույն է՝ դրանով հարց չի լուծվի։ Մեծահարուստների համար տարեկան 160.000 դրամը չնչին գումար է, նրանք կարող են վճարում անել ու հանգիստ կայանել իրենք մեքենաները, բայց սովորական աշխատավարձով ապրող մարդու համար սա լրացուցիչ բեռ ու խնդիր է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Թե ինչո՞ւ քաղաքային իշխանությունը նման շտապողականություն ցուցաբերեց որոշումն ընդունելու հարցում, Կարեն Չիլինգարյանն ասաց, որ այս հարցին պետք է պատասխանի հենց քաղաքային իշխանությունը, միայն մեկ բան հստակ գիտի, որ իշխանությունը հաշվի չի առել սեփական քաղաքացիների իրավունքները։

«Ընտրությունների ժամանակ քաղաքային իշխանությունը մեծ շուքով հանդիպումներ էր ունենում քաղաքացիների հետ, վերնաշապիկներ հագած հասարակ քաղաքացու նման շրջում էին։ Բայց այս որոշումն ընդունելուց առաջ նրանք քաղաքացուն չմոտեցան, որևէ բան չհարցրեցին՝ արդյո՞ք նման որոշման ընդունումը ճիշտ է»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է ավագանու կողմից որոշման վերանայման հնարավորություններին, Կարեն Չիլինգարյանն ասաց, որ սա ոչ թե Կառավարության որոշումն է, այլ հենց ավագանու, որը կարող է հանգիստ վերանայել։

«Իրենք են ընդունել որոշումը, իրենք էլ կարող են վերանայել ու փոփոխության ենթարկել իրենց որոշումը։

Ինձ համար անհասկանալի է, թե ինչ հաշվարկներ են արել, որ հանգել են 160.000 դրամին»,- եզրափակեց Կարեն Չիլինգարյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանին որոշման նախագիծն ընդունել էր նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբերի 26-ին, ավագանու հերթական նիստում։

Տեսանյութեր

Լրահոս