Ադրբեջանը հնարավորություններ տեսնելու դեպքում ոչ թե պայմանագիր կստորագրի, այլ Ջերմուկից առաջ կգնա. Քաղաքագետ

Նախօրեին Ադրբեջանի նախագահը ծավալուն հարցազրույց էր տվել տեղական լրատվամիջոցներին, որտեղ անդրադարձել էր խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություններին, Հայաստանից ունեցած պահանջներին, Արցախի օկուպացիայի և մի շարք այլ հարցերի։

Ալիևը հստակ ընդգծել էր, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար երաշխավորներ պետք չեն, դա պետք է տեղի ունենա միայն Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ։

Նաև ասել էր, որ «Ջերմուկն Ադրբեջանինն է եղել», իսկ «անկլավների» վերադարձի հարցը վաղուց է քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ՝ Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ։

Ալիևի այս հայտարարությունից հետո ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Վենդանտ Պատելն ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, ասել էր, որ նախկինի պես հավատում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է։

Կարդացեք նաև

«Սա այն է, ինչի վրա Պետդեպը կշարունակի աշխատել: Ակնհայտ է, որ համակարգող Բոնոն, պետքարտուղարը և մյուսները շարունակում են ակտիվորեն զբաղվել դրանով: Պարզապես այս պահին ես ձեզ համար թարմացումներ չունեմ»,- ասել էր նա։

Ի՞նչ նախադրյալներ կան, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է խաղաղություն հաստատվել, հատկապես Ալիևի վերջին հայտարարությունից հետո, որքանո՞վ է Ադրբեջանը պատրաստ ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ այնտեղ ներառելով հայկական կողմի առաջարկները։

168.amհետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ ասաց, որ Միացյալ Նահանգների Պետքարտուղարության հայտարարությունը հերթապահ հայտարարություններից է, քանի որ, երբ բանակցություններն ընթանում էին արևմտյան հարթակում, ռուսական կողմից չէին հնչում հայտարարություններ, որ իրենք դատապարտում են այդ բանակցությունները։ Այսինքն՝ Միացյալ Նահանգների Պետքարտուղարության հայտարարությունը պետք է դիտարկել հենց այս տրամաբանության մեջ։

«Եթե գետնի վրա դիտարկենք իրողությունները, ապա մենք տեսանք, որ Լուի Բոնոյին փաստորեն հրաժարվեցին ընդունել Ադրբեջանում։ Այսինքն՝ Ադրբեջանը, միևնույն է, պնդում է իր այն մոտեցումը, որ Հայաստանի հետ, իրենց ձևակերպմամբ՝ «մեկը մյուսի դիմաց» բանակցությունների կողմնակից են։ Այստեղ պետք է նկատենք, որ Ադրբեջանը երբեք միայնակ չի մասնակցում բանակցություններին, նրա հետևում Թուրքիան է։

Ավելին, շատ դեպքերում Թուրքիան Ադրբեջանի ձեռքով Հայաստանի դեմ իրականացնում է այն քաղաքականությունը, որը բխում է Թուրքիայի ազգային շահերից։ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի գլխավոր շահառուներից Թուրքիան պակաս շահառու չէր։ Ադրբեջանը վերածվել է Թուրքիայի պրոքսի, և այն կեղտոտ գործը, որը Թուրքիան չէր անում, վստահեցին Ալիևին»,- շեշտեց քաղաքագետը։

Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո ՔՊ-ական կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ պետք է «լեզու գտնել հաղթող կողմի հետ»՝ խոսելով Թուրքիայի մասին։

Բենիամին Մաթևոսյանը վստահ է՝ Ադրբեջանին պետք չէ Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր։

«Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրեր, եթե դիտարկեր, որ այն իր անվտանգային համակարգի համար կարևոր է։ Եթե Ադրբեջանը տեսնի, որ Հայաստանը Իրանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները մերձեցնում է, որ ռազմաքաղաքական տարածաշրջանային նոր դաշինք է ձևավորվել, որ մենք սինխրոնիզացնում ենք մեր բանակները՝ շահագրգռված կլինի ստորագրել խաղաղության պայմանագիրը:

Եթե Ադրբեջանը Հայաստանից ռեալ վտանգ տեսներ, ապա կդիտարկեր այդ խաղաղության պայմանագիրը՝ որպես իր համար անվտանգային բարձիկներից մեկը։ Ադրբեջանը Հայաստանից վտանգ չի տեսնում, Նիկոլ Փաշինյանին էլ Ալիևը չի համարում իրեն հավասար քաղաքական գործիչ, ուստի հետաքրքրված չէ այդ պայմանագիրը ստորագրելով։

Փոխարենը՝ նա հետաքրքրված է նրանով, որ շարունակի Հայաստանի դեմ ճնշումներ բանեցնել։ Նա պարզ ասում է՝ «ես ձեզ այդ պայմանագիրը չեմ տալու, բայց դուք ինձ պետք է տաք Զանգեզուրի միջանցք, անկլավները» և այլն»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել էր, որ երկու երկրների միջև հարցեր կան, որոնք պետք է լուծվեն արբիտրաժային դատարանի միջոցով։ Հետևաբար, ըստ նրա՝ այս ամենից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը շատ հարցեր ու պահանջներ ունի Հայաստանից։

«Եթե Ադրբեջանը հնարավորություններ տեսնի, ապա ոչ թե պայմանագիր կստորագրի, այլ Ջերմուկից էլ առաջ կգնա։ Իսկ իշխանության հայտարարությունները, թե ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան խաղաղ ճանապարհով և միջազգային օրենքներին համապատասխան, աբսուրդ է, կարո՞ղ են ասել, այդ ո՞ր օրենքով։

Օրինակ, միջազգային ո՞ր օրենքներով է, որ Դոնեցկը ռմբակոծվում է, կամ Մոսկվայի երկնքում հայտնվում են անօդաչու թռչող սարքեր։ Այս իշխանությունների սիրելի գործիչներից մեկը՝ Ջոն Բոլթոնը, իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ մասնակցել է տարբեր երկրներում իշխանափոխության գործընթացին, կարո՞ղ են ասել, ո՞ր օրենքով է նա նման բան արել։ Միջազգային օրենքը գործում է միայն այն պայմաններում, եթե ունես ֆիզիկական, տնտեսական ու ռազմական ուժ՝ այդ օրենքները կյանքի կոչելու համար»,- եզրափակեց Բենիամին Մաթևոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս