Հայաստանի համար միակ տարբերակն իշխող անձի փոփոխությունն է. քաղաքագետ

Նախընտրական բենեֆիս և տարածաշրջանային նկրտումների հերթական ծրագիր. Իլհամ Ալիևի ժամեր տևած ասուլիսը բացեց բոլոր փակագծերը, նաև նրանք, որոնք Հայաստանի գործող իշխանությունները փորձում էին խնամքով փակ պահել՝  չհստակեցնելով, թե ինչի մասին է «խաղաղության» պայմանագիրը:

«Ոչ մի քայլ չենք շարժվի ո՛չ 2021թ., ո՛չ էլ 20222. գրաված դիրքերից», «Հայաստանը ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրն ունենա երաշխավորներ, սակայն մեզ երաշխավորներ պետք չեն», «Ոտքի վրա քննարկել ենք անկլավների հարցը», «Եթե իմ նշած երթուղին չբացվի (նկատի ունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտը.- Զ.Դ.), ապա մենք մտադիր չենք որևէ այլ վայրում սահման բացել Հայաստանի հետ». ըստ Ադրբեջանի նախագահի՝ սրանք էին խաղաղության հասնելու հիմնական ճանապարհները:

168.amը քաղաքագետ Ստեփան Դանիելյանից հետաքրքրվել է՝ Հայաստանի գործող իշխանությունների համար Ադրբեջանի կողմից հնչեցված այս վերջնագրի կամ «խաղաղության պայմանագրի» այլընտրանքը ո՞րն է:

«Այս իշխանությունն այնքան սխալներ է արել, այնքան ստվերային պարտավորություններ է վերցրել, այնքան ցածր վարկ ունի գործընկերների մոտ ու այնքան ցածր վստահություն՝ հանրության շրջանում, որ կարծում եմ՝ իրենք ոչինչ չեն կարող անել,- ի պատասխան՝ նշեց քաղաքագետը, ապա վստահեցրեց,- Հայաստանի համար միակ տարբերակն իշխող անձի փոփոխությունն է, հակառակ դեպքում՝ մեր խնդիրները գնալով ավելի են խորանալու»:

Կարդացեք նաև

Ստեփան Դանիելյանը համոզված է՝ բանակցողի փոփոխությունը կբերի ոչ միայն նոր օրակարգեր, այլև հանրության մոբիլիզացիա՝ ղեկավարության շուրջ:

«Եվ նոր ղեկավարն իրեն ավելի վստահ կարող է զգալ բանակցությունների ժամանակ, մյուս կողմից՝ այն անվստահությունը, որը Հայաստանի հանդեպ կա բոլոր հնարավոր պարտնյորների կողմից, հնարավոր կլինի փոխել: Դա իր դրական ազդեցություն կունենա»,- հավելեց նա:

Հստակեցմանը, թե տեսակտներ կան՝ Հայաստանի Հանրապետությունը պատերազմից հետո օբյեկտիվորեն թուլացած վիճակում է, և, որ որոշակի դերակատարներ կոնսենսուս ունեն ադրբեջանական հեռանկարի շուրջ, հետևաբար՝ այս պարագայում որքանո՞վ է իրատեսական մանևրելը, նա արձագանքեց.

«Կարծում եմ՝ կոնսենսուս գոյություն չունի. եթե կոնսենսուս գոյություն ունենար, այժմ Ադրբեջանն ու Թուրքիան Սյունիքը գրաված կլինեին»:

Ի պատասխան դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրում առկա է կետ, որը ենթադրում է հենց այն ճանապարհը, ինչի մասին խոսում են Ադրբեջանն ու Թուրքիան, քաղաքագետը պարզաբանեց.

«Ռուսաստանն արտգործնախարարի, փոխվարչապետի, ԱԳՆ խոսնակի մակարդակով պաշտոնապես հայտարարել է, որ իրենք համարում են, որ ՀՀ տարածքով անցնող ճանապարհները պետք է Հայաստանի սուվերենությունը հարգելով բացվեն: Այսինք՝ նույնիսկ, եթե ՌԴ-ն նոյեմբերի 9-ի փաստաթղթով ուներ այլ տեսակետ, ապա գոնե պաշտոնական մակարդակում մի քանի անգամ արդեն հակառակ հայտարարությունն է արել»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի պայմանագրում մասնավորապես նշվում էր.

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

«Մարդիկ և բեռներն Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որևէ ստուգման,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտի վերաբերյալ Ադրբեջանի խիստ պայմանները հնչեցնելով,- Եթե իմ նշած երթուղին (այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը.- Զ.Դ.) չբացվի, ապա մենք մտադիր չենք որևէ այլ վայրում բացել Հայաստանի հետ սահմանը։ Այսինքն՝ այսպիսով սրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»:

Տեսանյութեր

Լրահոս