Հայաստանի նման փոքր երկրի համար սա կլինի աղետաբեր, կոպտագույն սխալ. Որտե՞ղ իրացնել հայկական գյուղատնտեսական ապրանքները

Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական ապրանքների (90–95)%-ն իրացվում է Ռուսաստանի շուկաներում: Այդ գյուղատնտեսական արտադրանքի որակական հատկությունները և ապրանքային տեսքը հիմնականում չի համապատասխանում ԵՄ և այլ զարգացած երկրների միջազգային չափորոշիչներին, իսկ Ռուսաստանում բնակչության մի զգալի մասը վճարունակ չէ և ի վիճակի չի թանկ գնով գնել որակյալ գյուղատնտեսական ապրանք և ստիպված, էժանով գնում է մեր տեղական արտադրանքը: Դիվերսիֆիկացումը, նոր շուկաներ և գնորդներ գտնելը և նոր երկրների միջազգային չափորոշիչներին բավարարելը հեշտ գործ չէ: Նաև, եթե տվյալ երկրի շուկայից դուրս եկար, ապա մեկ ուրիշն արագ կզբաղեցնի քո տեղը:

Այժմ՝ Հայաստանի ԵՄ ինտեգրման մասին: Ինտեգրվել զարգացած և քաղաքակիրթ ԵՄ ընտանիքին բոլորս ենք ուզում, դա շատ լավ ցանկություն է և ձգտում, սակայն այդ գործընթացի քաղաքական մասը թողնելով մի կողմ, փորձենք տեսնել, թե ինչպիսի՞ գյուղատնտեսություն ունենք, ԵՄ-ին մենք ընդհանրապես պե՞տք ենք, թե՞ ոչ, և նա մեզ կընդունի՞ իր ընտանիք, թե՞ ոչ: Այսօր մեր երկրի գյուղատնտեսությունը գտնվում է խղճուկ, թերզարգացած վիճակում, մասնավորապես՝ երկրի վարելահողերի կեսից ավելին դեգրադացվել և չի մշակվում, ջրամատակարարման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում, առկա գյուղտեխնիկան հնամաշ է, արտադրանքը չի համապատասխանում ԵՄ չափորոշիչներին, և այլն: Մյուս կողմից էլ, ԵՄ-ին ինտեգրման գործընթացը բավականին երկարատև և ոչ հեշտ գործընթաց է:
Այժմ փորձենք հասկանալ, թե գյուղատնտեսության մասով՝ ի՞նչ վիճակում են գտնվում ԵՄ-ին ինտեգրվել ցանկացող Արևելյան գործընկերության երկրները:

2026թ.-ին Ուկրաինային ԵՄ-ն 12 միլիոն եվրո է հատկացրել գյուղատնտեսության և գյուղական վայրերի զարգացման նպատակով, ինչպես նաև սննդի անվտանգության բարեփոխումներին: Այդ գումարով ԵՄ-ն կաջակցի փոքր ֆերմերներին և կօգնի Ուկրաինայի օրենսդրությունն ու գործելակերպը՝ գյուղատնտեսության, սննդի անվտանգության, կենդանիների առողջության, բուսասանիտարական քաղաքականության ոլորտները համապատասխանեցնելու ԵՄ չափորոշիչներին:

2026թ.-ին Մոլդովային ԵՄ-ն հատկացնելով 60 միլիոն եվրո ֆինանսական աջակցություն, ֆինանսավորում է մոլդովական գյուղատնտեսական ապրանքները ԵՄ չափորոշիչներին հարմարեցումը, ֆերմերների ակտիվորեն ինտեգրմանը ԵՄ շուկային, Մոլդովան վերածելով գյուղատնտեսական խոշոր ապրանք արտահանող երկրի, մասնավորապես՝ սալորի արտահանման մասով: ԵՄ-ն աջակցում է Մոլդովայի գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը դրամաշնորհներով և վարկերով:

Նախորդ տարիներին Վրաստանի գյուղատնտեսության ոլորտում ԵՄ-ն մեծ ֆինանսական ներդրումներ է իրականացրել: Ներկայումս էլ այն ակտիվորեն արդիականացնում է ENPARD ծրագրի միջոցով՝ աջակցելով կոոպերատիվների ստեղծմանը և եվրոպական որակի չափորոշիչների ներդրմանը: Վրաստանն ունի ԵՄ թեկնածուի կարգավիճակ, և DCFTA համաձայնագիրը նրան հնարավորություն է տալիս մուտք գործել եվրոպական շուկա, չնայած քաղաքական գործընթացներն ազդում են ինտեգրման տեմպի վրա: ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի գյուղատնտեսական ոլորտին՝ ֆինանսավորելով փոքր ֆերմերների համար նախատեսված նախագծեր, համագործակցությունը Slow Food-ի հետ, և հանդիսանում է խոշոր վարկատու: Այնուամենայնիվ, ԵՄ խիստ սանիտարական կանոնակարգերը հաճախակի խոչընդոտում են որոշակի ապրանքների ներմուծմանը:

Այժմ փորձենք տեսնել, թե այդ երկրների մի մասում ինչպիսի ազդեցություն ունեցան քաղաքական գործընթացները գյուղատնտեսության վրա:

Ուկրաինային աջակցելու նպատակով՝ ԵՄ-ն թույլատրեց ուկրաինական գյուղատնտեսական ապրանքներն անարգելք (առանց ստուգման և գանձման) մտցնելու ԵՄ երկրների տարածք և իրացնելու: Վերջինս առաջացրեց ԵՄ երկրների ֆերմերների զայրույթը և դարձավ ԵՄ ֆերմերների ցույցերի իրականացման հիմնական պատճառներից մեկը: Վրաստանին աջակցելու նպատակով, երբ Ռուսաստանի շուկաներից վրացական գինիները հետ ուղարկեցին, այդժամ ԵՄ-ն թույլատրեց այդ գինիներն անարգել մտցնել ԵՄ երկրների տարածք:

Միգուցե, Փաշինյանին նույնպես, ԵՄ-ում խոստացել են անարգել թույլատրել հայկական միրգն ու բանջարեղենը ներմուծել ԵՄ շուկաներ, սակայն այստեղ հարց է՝ առաջանում՝ իսկ որքանո՞վ մրցունակ կլինեն հայկական միրգն ու բանջարեղենը ԵՄ երկրների շուկաներում, և արդյո՞ք դրանց վաճառքի գները կլինեն ձեռնտու:

2025թ. օգոստոսին Ադրբեջանը ֆուռերով լոլիկի մեծ խմբաքանակ ուղարկեց Ռուսաստան վաճառքի, սակայն Ռուսաստանն այն չընդունեց և հետ ուղարկեց, որից հետո այդ բեռն ուղարկվեց ԵՄ երկիր Բուլղարիա, սակայն ԵՄ-ն էլ այն չընդունեց՝ պատճառաբանելով, որ չէր համապատասխանում ԵՄ ֆիտոսանիտարական նորմերին, և լոլիկով գերբեռնած ֆուռերը ստիպված հետ վերադարձան: Արդյունքում, լոլիկի մեծ խմբաքանակ փչացավ և թափեցին: Նույն գործընթացն այսօր կատարվում է Հայաստանում, և Հայաստանից լոլիկի մեծ խմբաքանակ սահմանից հետ ուղարկվեց:

Որոշ մարդիկ կատակով ասում են՝ թող Հայաստանն իր լոլիկը «Թրամփի ուղիով» ուղարկի Ադրբեջան, իսկ Ադրբեջանն իրենը՝ նույն ճանապարհով ուղարկի Հայաստան: Ռուսաստանը հայտարարել է, որ արգելափակումն այսուհետ կկիրառի Հայաստանից արտահանվող ցանկացած մրգի և բանջարեղենի նկատմամբ:

2014թ.-ից Ռուսաստանը կիրառեց էմբարգո՝ արգելելով մի շարք պարենային ապրանքների (տավարի մսի, խոզի մսի, թռչնամսի, երշիկեղենի, ծովամթերքի, բանջարեղենի, մրգերի և կաթնամթերքի) ներմուծումը Ռուսաստան: Այդ որոշմանը դեմ դուրս եկան ԵՄ երկրների ֆերմերները: Նրանք դժգոհ էին նաև և բողոքի ցույցեր սկսեցին՝ ընդդեմ MERCOSUR-ի (Հարավային Ամերիկայի երկրների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի և այլն) ասոցացված ընդհանուր շուկայից էժանագին և անորակ գյուղատնտեսական մթերքների ներմուծմանը և իրացմանը ԵՄ երկրներ:
Ամփոփելով՝ նշեմ, որ ես այն կարծիքին եմ, որ չպետք է սրել հարբերությունները Ռուսաստանի հետ, մենք չենք ուզում ներքաշվել Ռուսաստան-Արևմուտք հակամարտության մեջ, փոխարենը՝ ցանկանում ենք բոլոր երկրների հետ ունենալ լավ հարաբերություններ, իսկ Ռուսաստանի գյուղատնտեսական շուկայից այսօր միանգամից դուրս գալը Հայաստանի նման փոքր երկրի համար կլինի աղետաբեր, կոպտագույն սխալ, որի արդյունքում՝ մեր երկրի տնտեսությունը կարող է հայտնվել կոլապսի մեջ:

ՍԱՐԳԻՍ ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ֆերմերային Շարժում ՀԿ նախագահ,
Ռազմավարական ծրագրերի
Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930