Բաժիններ՝

Համբուրգերների, սթեյքերի և բուսական ծագման մթերքների մոտ 90 տոկոսը պարունակում է քաղցկեղածին միկրոպլաստիկ

Միայն ծովամթերքները չէ, որ աղտոտված են միկրոպլաստիկով։ Նոր հետազոտությունում գիտնականները հայտնաբերել են միկրոպլաստիկ մսի նմուշների եւ դրա այլընտրանքային տեսակների 90 տոկոսում, ներառյալ հավի նագեթսները, տավարի սթեյքերը, ձկան փափկամիսը եւ բուսական հիմք ունեցող համբուրգերները, գրել է Environmental Pollution-ը։

Վաղուց արդեն հաստատված է, որ ծովամթերքները հաճախ աղտոտված են մոլորակի օվկիանոսներում գտնվող միկրոպլաստիկի պատճառով։ Օրինակ, 2017թ. հետազոտությունը ցույց է տվել, որ մշտապես ձուկ եւ կակղամորթներ օգտագործող մարդիկ կարող են տարեկան 11 000 միկրոմասնիկ սպառել։

Սակայն մինչեւ այժմ համեմատաբար քիչ ուսումնասիրություններ են կատարվել սպիտակուցի «ցամաքային» աղբյուրներում, ինչպիսին է տավարի կամ հավի միսը, պլաստիկի տարածվածության վերաբերյալ։

Հարցը պարզելու համար Ocean Conservancy-ի եւ Տորոնտոյի համալսարանի գիտնականները վերցրել են սպիտակուցի 16 տեսակների նմուշներ, ներառյալ գերվերամշակված սպիտակուցային մթերքները եւ նվազագույն մշակման ենթարկված «թարմ» մթերքները։

Դրանց մեջ են մտել Ալյասկայի մինտայի փափկամիսը, Պարսից ծոցի անգլուխ/զրահավոր ծովախեցգետինները, Քի Ուեսթի վարդագույն անգլուխ/զրահավոր ծովախեցգետինները, հավի կրծքամիսը, խոզի ծեծած միսը, սթեյքերը, մինտայ ձկան ձողիկները, հավի նագեթսները, ինչպես նաեւ նագեթսները, ձկան ձողիկները եւ բուսական ծագման աղացած տավարի միսը։

Մթերքների 88 տոկոսը պարունակել է նանոպլաստիկներ, որոնք, ինչպես նշել են գիտնականները, կարող են կուտակվել կենսականորեն կարեւոր օրգաններում՝ առողջության համար անհայտ հետեւանքներով։

Ավելին, նրանք հայտնաբերել են, որ վերգետնյա ծագում ունեցող սպիտակուցներում միկրոպլաստիկի առկայությունը նույնքան տարածված է, որքան օվկիանոսային սպիտակուցներում։ Նույն կերպ նրանք չեն հայտնաբերել միկրոպլաստիկի խտության վիճակագրական տարբերություն գերվերամշակված եւ թարմ մթերքների միջեւ։

«Գայթակղիչ է այնպիսի եզրահանգումներ անելը, ինչպիսին է՝ «սրանից քիչ կերեք, նրանից՝ շատ»-ը, սննդաբաժնում միկրոպլաստիկից խուսափելու համար, բայց այժմ դեռ շատ քիչ բան գիտենք միկրոպլաստիկի պարունակության մասին սովորաբար օգտագործվող մթերքներում։ Մեր հետազոտությունը լրացնում է այդ գիտելիքները, բայց նաեւ ի ցույց է դնում հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը, որպեսզի ավելի լավ հասկանանք ընդհանուր պատկերը, այդ թվում, թե որտեղից են այդ միկրոպլաստիկը եւ պոտենցիալ ռիսկերը մարդու առողջության համար»,- նշել է հետազոտության համահեղինակ Մադլեն Միլնը Տորոնտոյի համալսարանից։

Նյութը հրապարակման է պատրաստել med.news.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս