«Միջնորդների մասնակցությամբ, թե առանց միջնորդների, կարևոր է բանակցությունների բովանդակությունը և սկզբունքների ամրագրումը». Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքով՝ Հայաստանը կողմ է, որպեսզի Ադրբեջանի հետ բանակցություններն արդյունավետություն ունենան։ Եվ այն ողջ տրամաբանությունը, որ բանակցային գործընթացի ընթացքում ձևավորվել են և եղել են համաձայնություններ, արտահայտվեն խաղաղության պայմանագրում, նաև Ադրբեջանը դրանք հրապարակայնորեն վերահաստատի։

«Հայաստանը պնդում է, որ սա պետք է տեղի ունենա, առաջին հերթին կարևոր է  բանակցությունների բովանդակությունը։ Ինչ վերաբերում է բանակցությունների ֆորմատին, ապա մենք կարևորում ենք այն ֆորմատները, որոնք արդեն իսկ ձևավորված են, մասնավորապես՝ արտգործնախարարների մակարդակով, հիշում եք, որ բանակցություններ տեղի ունեցան Վաշինգտոնում։ Երկրների ղեկավարների մակարդակով բանակցությունները ԵՄ հարթակում, դրանք շարունակական լինեն, որովհետև դրանք միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցությունները։ Նաև ռիսկերն ավելի կառավարելի են դարձնում։

Այդ երկկողմ բանակցությունների մասին հայտարարություններն ուղղակի հայտարարություններ են, այսինքն՝ կարծում եմ՝ այստեղ Հայաստանին որևէ առաջարկ չի եղել, որպեսզի որևէ տեղ ժամ ու օր ֆիքսվի, որ Հայաստանը բանակցությունների մասնակցի Ադրբեջանի հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը կո՞ղմ է Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների՝ առանց միջնորդների։

Ըստ նրա, սահմանազատման հանձնաժողովում երկկողմ բանակցությունները շարունակվում են, նաև երկկողմ ուղիղ բանակցություններ տեղի ունեցան նախորդ տարվա դեկտեմբերին ռազմագերիների վերադարձի շուրջ։ Հետևաբար, ըստ նրա՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ շարունակել երկխոսությունը։

Կարդացեք նաև

«Մեզ համար առաջնային կարևոր են բանակցությունների բովանդակությունը և սկզբունքների ամրագրումը, որովհետև բանակցությունները շարունակվեն միջնորդների մասնակցությամբ, թե առանց նրանց, եթե այդ սկզբունքները չարձանագրվեն, ապա այո՝ պայմանավորվածություններն այն արժեքը չեն ունենա, որը մենք ակնկալում ենք։

Դա էլ է հարց, թե միջնորդները միջնորդնե՞ր են, թե՞ ուղղակի ֆասիլիտատորներ և այլն, այսինքն՝ սրանք հարցեր են, որոնք անընդհատ ծագում են բանակցությունների ընթացքում։ Կրկնում եմ՝ մեզ համար սկզբունքային է, որպեսզի բանակցությունների սկզբունքներն արձանագրվեն»,- եզրափակեց Սարգիս Խանդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս