ՌԴ դիրքավորումը Հարավային Կովկասի նկատմամբ այս տարի ևս չի փոխվելու, ՌԴ-ն ավելի ակտիվ չի լինելու․ Սիմոնով

«Այն կարծիքին եմ, որ ՀՀ-Ադրբեջան և ԼՂ հակամարտությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ գլոբալ առճակատումը Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև չի ավարտվել»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական, տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ խոսելով այս տարվա քաղաքական սպասումներից։

Նա նշեց, որ գլոբալ միտումներում խոշոր փոփոխություններ չեն սպասվում, ընդհանուր առմամբ աշխարհը գտնվելու է լուրջ տուրբուլենտության գոտում։ Սիմոնովի կարծիքով, ուշագրավ է լինելու հետևել հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող տեղաշարժերին։

«Վերջին տարիների ընթացքում տեսնում էինք, որ պաշտոնական Երևանն ունի դժգոհություններ Մոսկվայից, որոնց մեծ մասն անհիմն են, և կա ցանկություն, որպեսզի վեկտորը փոխվի դեպի Արևմուտք։ Միևնույն ժամանակ նկատում ենք, որ ՀՀ իշխանությունները, չնայած իրենց ցանկությանը՝ մտերմանալ արևմտյան երկրների հետ, չեն շտապում այդ քայլին դիմել, քանի որ Հայաստանը լուրջ օգուտներ է ստանում Ռուսաստանի հետ իր ներկայիս հարաբերություններից ու ԵԱՏՄ անդամակցությունից։

Հետաքրքիր է, թե արդյոք Արևմուտքը Հայաստանին կտա՞ այնպիսի տնտեսական, էներգետիկ համագործակցություն, որպեսզի Երևանը խզի իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ լքելով ԵԱՏՄ-ն։ Արևմուտքը հասկացավ, որ ՀԱՊԿ-ի հարցում ՀՀ վճռական հայտարարությունների համար հարկավոր է, որպեսզի Արևմուտքը սկսի որոշ զինատեսակներ մատակարարել Երևանին։ Իսկ ի՞նչ կլինի Ռուսաստանի և ՌԴ այլ պրոյեկտների հարցում, սա մեծ հարց է։

Կարդացեք նաև

Ես խիստ կասկածում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում գլոբալ փոփոխություններ են լինելու, սակայն կարծում եմ՝ Երևանում քիչ չեն այնպիսիք, որոնք հավատում են, որ հենց այդպես էլ լինելու է,  և Արևմուտքը դառնալու է Ռուսաստանին այլընտրանք ու մի բան էլ ավելի։ Ուշադրություն կհրավիրեի ՀՀ-ից հնչող այն հայտարարությունների վրա, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դժգոհ չէ, այլ միայն ՀԱՊԿ-ից։ Չի բացառվում, որ այնպես ստացվի, որ ՀՀ-ն ոչինչ էլ չփոխի իր արտաքին քաղաքականությունում, քանի որ չի ունենա այլ հնարավորություններ։ Եթե լինեին այլընտրանքներ, իրավիճակը վաղուց փոխված կլիներ»,- արձանագրեց Կոնստանտին Սիմոնովը՝ շարունակելով, որ այս տարին այս հարցին կտա հստակ պատասխան։

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, ապա Սիմոնովը կարծում է, որ չնայած կողմերը խոսում են Խաղաղության համաձայնագրից, նշում, որ այն համաձայնեցված է, կուլիսներում կարծես լուրջ տարաձայնությունները շարունակվում են, և կողմերը պարզապես չեն ստորագրում այդ փաստաթուղթը։ «Հասկանալի է, որ հայտարարություններ են արվում, թե համաձայնագիրը համաձայնեցված է, քանի որ էական աշխատանք է արվել հետպատերազմյան տարիների ընթացքում այս ուղղությամբ, և կողմերը ցանկանում են դա չկորցնել, ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որոշակի հարաբերություններ հաստատել և անցնել մնացած հարցերին, բայց ես այն կարծիքին եմ, որ լուրջ հարցերի շուրջ մի շարք տարաձայնություններ կան, որոնք անկանխատեսելի են դարձնում փաստաթղթի ստորագրելը։ Բայց չնայած այս խնդիրներին, կարծում եմ՝ այս տարի համաձայնագիրը կստորագրվի, թեև այն վստահաբար կլուծի հարցերի միայն մի մասը։

Այն կարծիքին եմ նաև, որ այս հակամարտությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ գլոբալ առճակատումը Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև չի ավարտվել։ Իսկ քանի դեռ չի ավարտվել, Ռուսաստանն ու Արևմուտքը միմյանց փորձելու են խանգարել՝ ինչպես Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, այնպես էլ՝ Հարավային Կովկասում, դա ենթադրում է, որ չնայած ցանկությանը՝ լուծել խնդիրները, խնդիրները չեն լուծվելու, բանակցային գործընթացը գտնվելու է աշխարհաքաղաքական վայրիվերումների մեջ»,- ասաց Սիմոնովը։

Ըստ նրա՝ ՌԴ դիրքավորումը ևս փոփոխություններ չի կրելու Հարավային Կովկասում, քանի դեռ ուկրաինական հակամարտությունն ավարտված չէ։ «Ռուսաստանն իրապես ունի սահմանափակ ռեսուրսներ ու հնարավորություններ Հարավային Կովկասում, դրանով է պայմանավորված ՌԴ հետաքրքրության թվացյալ պակասը Հարավային Կովկասի նկատմամբ։

Իրականում ոչ թե հետաքրքրություն ու շահեր չկան, այլ այդ քաղաքական հիմքը չկա, որպեսզի ՌԴ-ն կարողանա ավելի ակտիվ առաջ մղել իր նախաձեռնությունները, որոնք վստահաբար կան նաև այսօր»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս