Աննա Վարդապետյանի «ինադու». Գևորգ Բաղդասարյանը ՔԿ-ում չի մնա խորհրդականի պաշտոնում. անհամեմատ բարձր պաշտոն կզբաղեցնի

Երեկ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, մի շարք աղմկահարույց գործերով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ նշանակվել է Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահի խորհրդական: Գևորգ Բաղդասարյանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական է, բավականին բանիմաց իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու: Ունի բավականին պատկառելի աշխատանքային փորձ դատական ու դատախազական համակարգերում: 2018-2020թթ. եղել է Երևան քաղաքի դատախազ, ապա 3 տարի՝ գլխավոր դատախազի տեղակալ:

Զուտ աշխատանքային, մասնագիտական տեսանկյունից Արգիշտի Քյարամյանը բավականին խելացի ու իր համար շահեկան քայլ է կատարել՝ Գևորգ Բաղդասարյանին բերելով ՔԿ, որովհետև նրա նման մասնագետները նիկոլական Հայաստանում շատ չեն:

Իհարկե, խելացի իրավաբանների պակաս Հայաստանում չկա, բայց բոլորը չեն, որ կարող են սկզբունքայնություն դրսևորել ու չաշխատել այս ռեժիմի պայմաններում: Գևորգ Բաղդասարյանի համար դա խնդիր չէ: Այնպես որ՝ կադրային ներկայիս սովի պայմաններում Արգիշտի Քյարամյանը ձիով քայլ է արել ու հաստատ չի փոշմանի… Բայց…

Գևորգ Բաղդասարյանի նշանակումը ՔԿ նախագահի խորհրդականի պաշտոնում, բնականաբար, պայմանավորված չէ զուտ մասնագիտական ու աշխատանքային շահերով: Արգիշտի Քյարամյան-գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան գերլարված հարաբերությունների պարագայում դատախազության ներքին խոհանոցի ուղնուծուծն իմացող Գևորգ Բաղդասարյանի նշանակումը, իհարկե, նոր լարվածության կբերի ու խիստ անհանգստացնող կլինի Աննա Վարդապետյանի համար:

Կարդացեք նաև

Կարճ ասած՝ Գևորգ Բաղդասարյանը կարող է խնդիրներ առաջացնել գլխավոր դատախազի համար, և հաշվի առնելով այն նվաստացումները, որոնք գլխավոր դատախազի նախկին տեղակալը կրել է Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո, Գևորգ Բաղդասարյանը հարմար առիթի դեպքում հենց այդպես էլ կանի:

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանի նշանակվելու առաջին իսկ օրվանից օրեցօր օղակը սեղմվում էր Գևորգ Բաղդասարյանի շուրջ: Աննա Վարդապետյանը նրան ցուցադրաբար արհամարհում էր, շատ դեպքերում՝ չէր ընդունում, եթե ընդունում էլ էր, ապա այնպիսի պայմաններում, որպիսի պայմաններում չէր ընդունում այլոց: Գևորգ Բաղդասարյանին պարտադրվում էր անգամ ձեռքի ժամացույցը հանել գլխավոր դատախազի աշխատասենյակ մտնելուց առաջ: Բանը հասել էր նրան, որ վերջինիս չէին հրավիրում մասնակցելու անգամ այնպիսի հանդիպումներին, որոնցում ենթադրվում էր դատախազության ղեկավար կազմի մասնակցություն:  Գևորգ Բաղդասարյանը դուրս էր մղվել նաև հնարավոր բոլոր հանձնաժողովներից ու խորհուրդների կազմերից:

Իսկ թե ինչ խայտառակ պատմությունից հետո աշխատանքից ազատման դիմումներ գրեցին Գևորգ Բաղդասարյանն ու Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, բոլորն են հիշում. Հայտնի գաղտնալսման պատմությունը լայն արձագանք գտավ:

Հատկանշական է, որ թե՛ Գևորգ Բաղդասարյանը, և թե՛ Պետրոս Պետրոսյանը նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կադրերն էին, համարվում էին վերջինիս մտերիմները:

Ի դեպ, Պետրոս Պետրոսյանը ևս այսօր շատ կարևոր պաշտոն զբաղեցրեց Քննչական կոմիտեում: Նա նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ։

Բայց սա դեռ ամենը չէ: Մեր տեղեկություններով՝ Գևորգ Բաղդասարյանը երկար չի մնա Արգիշտի Քյարամյանի խորհրդականի պաշտոնում: ՔԿ նախագահը նրա համար ավելի բարձր պաշտոն է նախատեսել:

Այսպես՝ գաղտնիք չէ, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտն ԱԱԾ-ի կազմում այլևս չի լինի. կտեղափոխվի Քննչական կոմիտեի կազմ: 168.am-ի տեղեկություններով՝ Գևորգ Բաղդասարյանը կնշանակվի նորաստեղծ քննչական վարչության ղեկավարի պաշտոնում:

Այլ կերպ ասած՝ նա կղեկավարի ԱԱԾ փաստորեն արդեն իսկ նախկին քննչական դեպարտամենտը: Այնպես որ, Աննա Վարդապետյանին հեչ լուսավոր ու պայծառ տարի չի սպասվում:

Տեսանյութեր

Լրահոս