Ի՞նչ անել Ամանորին, որ ալկոհոլը «չքանդի ձեր տունը»

«Կան կանոններ, որոնք պահպանելու դեպքում հիանալի տոնական օրեր կունենաք»,- վստահեցնում է ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը։

Նրա փոխանցմամբ՝ պետք չէ խառնել ալկոհոլային ըմպելիքները։

«Հիմնական պրոբլեմն առաջանում է, քանի որ օրվա մեջ տարբեր մարդկանց տուն եք գնում, ուստի աշխատեք օգտագործել այնպիսի ըմպելիք, որ վստահ եք՝ բոլորի տանը դրանից կա։ Ցավոք, երբ մեկի տուն են գնում ու հետաքրքիր խմիչք են տեսնում՝ ասում են՝ վայ, մի հատ սրանից փորձեմ։ Այստեղից խնդիր է առաջանում։ Երկրորդ՝ չի կարելի խառնել խմորված և թորված ալկոհոլային ըմպելիքները։

Գարեջուրը, գինին խմորված են, թորման պրոցես չեն անցնում։ Դրան հակառակ՝ օղին անցնում է թորում։ Բարձր ալկոհոլից ցածրին անցնելով՝ ձեզ վատ եք զգալու։ Գիտեք, ալկոհոլն է հիմնականում տունը քանդողը, ուստի կարևոր է նաև այն, թե ի՞նչ եք օգտագործում ալկոհոլային ըմպելիքի հետ․ եթե շաքար պարունակող գազավորված ըմպելիք, ապա էֆեկտը միայն ուժեղացնելու է, ավելի վատ եք զգալու։ Եթե օգտագործեք ջուր կամ հանքային ջուր, ապա ալկոհոլի կոնցենտրացիան ալկոհոլի մեջ կնվազի»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Պիպոյանը։

Կարդացեք նաև

Իսկ ի՞նչ անել տոնական ուտելիքների հետ․ սննդագետը հորդորում է խուսափել արագ փչացող բաղադրիչներ պարունակող աղցանների օգտագործումից։ Գնում, տեսնում եք, որ թթվասերով, մայոնեզով աղցան է, ջուրն էլ՝ արդեն տակը․ դուք էլ 18։00-ին եք գնացել, և հավանականությունը, որ աղցանը առավոտվա 10-ից դրված է, մեծ է։ Աշխատեք օգտվել այն աղցաններից, որոնք բուսական ծագում ունեն․ օրինակ՝լոբով, բանջարեղենային աղցան, որտեղ ձու և արագ փչացող բաղադրիչներ չկան։ Մեկ օրվա ընթացքում չպետք է խառնել խոզի ազդրամիսը, ձուկը, թռչնամիսը, քանի որ բոլորն ունեն տարբեր սպիտակուցներ, և օրգանիզմում կարող են առաջանալ խնդիրներ։

Տոնական սեղանն իդեալական է՝ լիարժեք և լավ որակի սնուցում ապահովելու համար։ Հնարավորություն ունեք օրվա ընթացքում 3 հիմնական ուտելիք և 2 միջուտեստ անել։ Այն, ինչ խորհուրդ են տալիս սննդագետները։ Միրգը, ընդեղենը կարող է լինել միջուտեստ, ոչ թե ամեն ուտելուց հետո վրայից միրգ օգտագործեք, որովհետև ի վերջո դա բեռ է օրգանիզմի համար»,- ընդգծեց Դավիթ Պիպոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս