«Հավատացեք՝ Ադրբեջանը հայ ժողովրդից է վախենում։ Ալիևն իր վախերից ելնելով է ստիպում, որ Հայաստանը չզինվի, սրանք էլ ենթարկվում են». Արցախից բռնի տեղահանված
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից տեղահանված Օնիկ Բալասանյանին հանդիպեցինք Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ Արցախից բռնի տեղահանվելուց հետո նա ընտանիքի հետ բնակարան է վարձակալել Էջմիածնում և այժմ աշխատանք է փնտրում՝ ընտանիքի հոգսերը հոգալու համար, փնտրտուքները դեռևս արդյունք չեն տվել։ ՀՀ իշխանությունների հետ հույսեր չի կապում, ասում է՝ նրանց ուշքն ու միտքը միայն «խաղաղության խաչմերուկն» է, իսկ դա սին է, և դրանով որևէ մեկը չի կարող կերակրվել։
168.am–ի հետ զրույցում, վերհիշելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, Օնիկ Բալասանյանն ասաց, որ մինչև վերջ արցախցին կռվեց, եթե փոքր օգնություն լիներ Հայաստանի կողմից, Արցախը կպահեին, բայց զենքերը ստիպված վայր դրեցին, որպեսզի Ադրբեջանը չհասներ խաղաղ բնակիչներին, այդ դեպքում տեղի կունենար խաղաղ բնակիչների համատարած կոտորած։
«Սեպտեմբերի 19-ին աշխարհազորայինի բոլոր տղաները դիրքերում էին։ Պատերազմի սկսվելուց հետո մենք գնացինք տղաների մոտ, կանգնեցինք դիրքերում։ Այդ ժամանակ կանանց և երեխաներին դուրս հանեցինք Քոլատակից, կրակոցները պարզ արդեն լսվում էին գյուղում՝ մեկ-մեկ հարվածում էին գյուղի տարածքին։ Հիմնականում թշնամին ուզում էր ճեղքում կազմակերպել՝ չէին կարողանում, մեծ ուժերով հարձակվում էին, ճեղքումը որևէ ձևով չէր ստացվում։ Մեզ մոտ ԱԱԾ տղաներն էին՝ մի դիրքում, մյուս դիրքում՝ մենք, մյուս դիրքերն արդեն թողել էին, որովհետև «բայրաքթարով» հարվածում էին, մի «տոչկի» վրա երևի մի 10 հազար «սնարյադ» էին խփում, հետո՝ մինամյոտ։ Բայց, փառք Աստծո, մենք կարողացանք այդ դիրքերը պահել՝ ԱԱԾ տղաներից 3-ը վիրավորվեցին, մեկ վիրավոր էլ մենք տվեցինք, բայց թշնամին այդպես էլ չկարողացավ 1 մետր առաջ գալ»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանի կողմից լիներ փոքր աջակցություն, Արցախը հնարավոր կլիներ պահել, հատկապես, եթե ներսում խաղաղ բնակիչներ չլինեին, քանի որ խաղաղ բնակչությանը մեծ վտանգ էր սպառնում թշնամու կողմից։ Կորուստներն անդառնալի էին լինելու, եթե պատերազմը շարունակվեր։
«Այդ որ ցույց են տալիս զենք ու զինամթերք, դա 1-2 օրվա պաշար էր, հա, տանկն ունեինք, բայց եթե «սնարյադ» չլիներ, տանկն ինչո՞վ պետք է կրակեր։ Այդ մարդիկ չեն հասկանում, միայն խոսում են, թե զենքեր են թողել, հա, զենքեր են թողել։ Մեզ մոտ նույնիսկ արդեն «պատրոնն» էր վերջանում, Քյոխին էին խնդրում, մեզ «պատրոն» էր հասցնում, հալալ է իրեն՝ հասցնում էր, տարբեր ուղղություններով էր աշխատում»,- հավելեց Օնիկ Բալասանյանը։
Նրա պատմելով՝ սեպտեմբերի 20-ի գիշերը ժամը 01։00-ին բոլորին դիրքերից իջեցրել են Ստեփանակերտ, որտեղ էլ իմացել են, որ Սամվել Շահրամանյանը պատերազմը կանգնեցնելու և խաղաղ բնակիչներին փրկելու համար հրամանագիր է ստորագրել Արցախի «լուծարման» վերաբերյալ։
«Հետո գնացինք, մեր զենքերը հանձնեցինք ու արդեն պետք է դուրս գայինք։ Եթե Արցախից դուրս չգայինք, կրկնում եմ՝ անդառնալի կորուստներ էինք ունենալու խաղաղ բնակչության շրջանում։ Ստեփանակերտն ամբողջությամբ լցված էր բնակիչներով, գյուղերից հավաքվել էին այնտեղ, ամենաճիշտ բանն այն է, որ կանգնեցվեց պատերազմը։ Ադրբեջանն էլ ինչպե՞ս ստիպեր, որ դուրս գայինք, 60 հազարանոց զորքով հարձակվել էր 4-5 հազարանոց զորքի վրա, բայց չի կարողացել ամբողջական ճեղքում անել, միայն մեկ-երկու տեղով։ Արցախահայերը դուրս եկան Արցախից, քանի որ չեն ուզում, որպեսզի ապրեն իրենց հողում, բայց հնազանդվեն Ադրբեջանի դրոշին։
Հավատացեք՝ Ադրբեջանը ղարաբաղցիներից վախենում էր, մինչև հիմա էլ վախենում է, այսինքն՝ ամբողջ հայ ժողովրդից է վախենում։ Ալիևն իր վախերից ելնելով է ստիպում, որ Հայաստանը չզինվի, սրանք էլ ենթարկվում են։
Ես վախենում եմ նրանից, որ ինչ Արցախում տեղի ունեցավ, նույնն էլ այստեղ տեղի կունենա։ Սյունիքը հանձնեն, հետո աստիճանաբար ամեն ինչ հանձնելով՝ մեր հայկական պետականությունը կկորցնենք։ Մեր պետականությունը պետք է պահպանենք, որպեսզի կարողանանք Արցախը հետ բերել, Նախիջևանն էլ, նույնիսկ Արևմտյան Հայաստանն էլ։ Մենք պարտավոր ենք ճիշտ ուղու վրա կանգնել ու պահել մեր ազգի արժանապատվությունը»,- շեշտեց նա։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցը չի հավատում Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության խաչմերուկին», դրա առնչությամբ նա նկատեց.
«Նիկոլ Փաշինյանը թող գնա Բաքվում նստի ու խաղաղության խաչմերուկը բացի, ո՞ւմ հետ է խաղաղության խաչմերուկը բացում՝ Թուրքիայի՞։ Ամբողջ խաչմերուկը Թուրքիան է, որն ուզում է, որ Նիկոլն իր ծրագրերն իրականացնի ու ստեղծի Մեծ Թուրանը։ Մեր ժողովուրդը բան չի հասկանում, այս ազգի թասիբն ո՞ւր է կորել, չեմ հասկանում»,- եզրափակեց Օնիկ Բալասանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում