Ֆիլեի գնային թռիչքը՝ տնտեսական աճի ֆոնին. որքա՞ն են նախատեսում ծախսել Ամանորի համար քաղաքացիները
Ամանորի տոնին օրեր են մնացել, իսկ մեր հայրենակիցների մի մասը մեծ խանդավառությամբ գնումներ չի պատրաստվում կատարել՝ մի քանի պատճառով:
«Այս պահին 100.000-ից ավելի մարդ կա, որ եկել է Արցախից, բայց մենք ունենք արտագաղթողներ: Ամանորն ըստ էության կարճացել է: Երկու օր է դարձել, ու շատերի մոտ այդ տոնական տրամադրությունը, նաև երկրում տիրող իրավիճակով պայմանավորված, ընկած է: Ո՛չ թե Նոր տարի չեն անում, այլ չեն անում այնպես, ինչպես անում էին»,- 168.am-ի հետ զրույցում նկատեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Մյուս պատճառն էլ, ըստ նրա, գնաճն է: Հետաքրքրական է, սակայն, որ այդ գնաճը մեր երկրում այս տարի գրանցվեց ո՛չ թե կտրուկ՝ տոների նախաշեմին, ինչպես սովորաբար լինում է Հայաստանում, այլ գրեթե ամբողջ տարվա ընթացքում:
«Երբ քո մոտ գներն արդեն բավականին բարձր են, դու տարվա ընթացքում վատ ես կառավարել գնաճդ, ամանորյա գնաճը տարվա ընթացքում է եղել: Այսինքն, տարվա ընթացքում ապրանքային շուկայում ունենում էինք տարեկան 2-4 տոկոս պարենի գնաճ, Ամանորին այդ գնաճը մի փոքր ավելանում էր, հետո նորից գնում էր ինքնակարգավորման: Հիմա տարվա ընթացքում արդեն իսկ 9-10 տոկոս գնաճ ենք տվել, այնքան, որքան մինչև այդ լինում էր Նոր տարում: Խնդիրը միայն օրով չէ պայմանավորված, մենք տարվա կտրվածքով ենք ունեցել այդ խնդիրը»,- ասաց փորձագետը:
Այդուհանդերձ, ամանորյա որոշակի գնաճից ևս զերծ չենք մնացել: Երևանի փողոցներում 168.am-ի անցկացրած հարցման մասնակիցներն էլ ասում էին՝ նախորդ տարիների համեմատ՝ շատ ավելի քիչ գումար են նախատեսել տոնական սեղանի համար: Հնարավորություն չունեն:
«Ես այդքան չեմ նախատեսում, ծախս չեմ անում: Միջինում երևի ծախսս կազմի 50-60 հազար դրամ: Մենք փոքր ընտանիք ենք, ամեն ինչից քիչ-քիչ առնում ենք: Բավականացնում ենք»,- ասաց Երևանի փողոցներում իրականացված մեր հարցման մասնակիցներից մեկը:
Մեկ այլ քաղաքացի էլ նկատեց, որ թանկ են գրեթե բոլոր մթերքները:
«Հիմա էլ դրսում դրված ապրանքները ծախում են, էլի լրիվ թանկ: Չկա մի ապրանք, որ ուրախանամ, ասեմ՝ վայ, այս մեկը էժան գնեցի: Իսկ զեղչում են միայն արդեն օգտագործման ոչ պիտանի ապրանքները»,- ասաց նա:
Հիմնականում թանկացող ապրանքամթերքը, ըստ մասնագետի, գյուղմթերքի շուկայում է լինում, իսկ այդ ոլորտը կարգավորող մեխանիզմ մեր երկրում առկա չէ: Բարդ իրավիճակում պետությունը պարզապես կանգնած չէ գյուղացու կողքին։ Հավելյալ թանկացում գրանցվել է նաև հատկապես այս օրերին ամենից շատ պահանջարկ ունեցող մսի շուկայում:
«Տավարի մսի գինը բավական բարձր է, շատ թանկացած է: Եթե մաչայի փափկամիսը կարող եք 5000 դրամով էլ գնել, ապա ֆիլեի փափկամիսը 7500 դրամից ավելի է, իսկ մեջի մասը 10.000 դրամից ավելի է»,- ասաց Պիպոյանը:
Իշխանությունների պարբերաբար հայտարարվող տնտեսական աճը, մեր զրուցակցի գնահատմամբ, համաչափության սկզբունքով չի բաշխվել հանրության շրջանակում։ Դա էլ պատճառ է դառնում այդ նույն հասարակության բևեռացման համար։ Այդ մասին, ի դեպ, վկայում էին նաև մեր հարցման մասնակիցներից շատերը։
«Եթե թոշակները բարձրացնեին մի փոքր՝ շատ լավ կլիներ: Դա փող չէ, որ տալիս են, շատ քիչ է: Չես կարողանում մի բան վերցնել՝ ձեռքիդ գումարն ավարտվում է»,- ասացին քաղաքացիները:
Ի դեպ, հարցման ընթացքում պարզեցինք նաև, որ հատկապես վերջին տարիներին որոշակի փոփոխության է ենթարկվել նաև ամանորյա սննդամթերքի պարունակությունը։
«Ամենաանտարբեր մարդու մոտ էլ ինչ-որ ներքին խանգարող հանգամանք կա: Կհիշե՞ք, կատակներ էին լինում ամեն տարվա Ամանորի տոներից առաջ՝ կոկորդիլոսի միս, չգիտեմ, դինոզավրի ոտք և այլն: Հիմա այդ երևույթն էլ չկա: Այս ընթացքում ավելի շատ հին ժամանակներում սեղաններին դրվող ուտեստներն են հիմնականում դրվում՝ նրբաբլիթներ, տոլմա և այլ ուտեստներ»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
Տոնական օրերի կրճատմամբ պայմանավորված էլ՝ գնումները, ըստ մասնագետի, արդեն արվում են ոչ թե 5- 6 օրերի, այլ միջինում 3 օրվա համար։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան