«Եթե ուժ են կիրառում, պետք է պատրաստ լինես պատասխանելու ուժով, փրկությունը սրա մեջ է, գլուխը կախ գցած ապրել չի լինի». Հենրիկ Քոչինյան
Դեկտեմբերի կեսերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Լոնդոնում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին։
«35 տարի տևած հակամարտությունն այժմ ավարտված է։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը պահանջում է երկու կողմերի գործողությունը»,- ասել էր Հաջիևը։
Հաջիևի այս հայտարարությանը հաջորդեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը։ Նա նախորդ շաբաթ լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Հայաստանը կարող է դիտարկել այն գործելաոճը, ըստ որի՝ սահմանազատումը կարելի է իրականացնել խաղաղության պայմանագրից զատ, քանի որ ժամանակային առումով այդ գործընթացը կարող է շատ ավելի երկար տևել, նույնիսկ տարիներ։
«Իրական խաղաղության գնացող երկիրը որևէ խոչընդոտ չի տեսնի նման բաների մեջ, կարծում եմ՝ այո, ինչ-որ հարցեր ֆիքսելուց հետո, խաղաղության պայմանագիրը կնքելուց, հասարակություններին խաղաղության մթնոլորտում և խաղաղության բերելուց հետո, կարող է նաև նման բան լինել։ Սա իմ կարծիքն է, ընդհանրական կարծիք մի դիտարկեք։ Չեմ բացառում, որ նման տարբերակ կարող է Հայաստանի համար ընդունելի լինել»,- նշել էր Ալեն Սիմոնյանը։
Առանց սահմանազատման ու սահմանագծման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելն ի՞նչ հնարավոր վտանգներ է պարունակում Հայաստանի համար, արդյոք այդպես ճի՞շտ է։
168.am-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-1998թթ.), Լոռու նախկին մարզպետ, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանը խոսելով այս հարցերի մասին՝ ասաց, որ հնարավոր չէ առանց սահմանազատման ու սահմանագծման՝ գնալ խաղաղության։
«Կարծում եմ՝ մինչև չհստակեցվի Նիկոլ Փաշինյանի ասած 29.800 քկմ տարածքը, պայմանագիր չպետք է կնքել, չգիտեմ ինչ անել՝ այդ ամենն ուղղակի թուղթ կլինի։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդ թուղթը չստորագրվի, որ հետո Ադրբեջանը նոր պայմաններ չդնի ու ասի, թե՝ դուք արդեն փաստաթուղթը ստորագրել եք»,- նշեց Հենրիկ Քոչինյանը։
Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը չի ճանաչում Նիկոլ Փաշինյանի նշած տարածքով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարն իր խոսքը պետք է հետ վերցնի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ։
«Եթե նրանք Հայաստանի տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում, ինչո՞ւ է Հայաստանը ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Չի լինում, որ մի երկիր ճանաչի մյուսի տարածքային ամբողջականությունը, մյուսը՝ ոչ։
Եթե քո երկրի դեմ ուժ են կիրառում, պետք է պատրաստ լինես պատասխանելու ուժով, փրկությունը սրա մեջ է՝ գլուխը կախ գցած ապրել չի լինի։ Պիտի կռվես, որ ապրես, առանց դրա չես ապրելու, սա է պետք գիտակցել»,- շեշտեց Հենրիկ Քոչինյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում հայտարարած «խաղաղության խաչմերուկին», որը վերջերս եկավ փոխարինելու նրա նախկինում հայտարարած նախ՝ «խաղաղության դարաշրջանին», ապա նաև՝ «հայկական խաչմերուկին, Հենրիկ Քոչինյանը նկատեց.
«Ես դրա վերաբերյալ միայն մեկ բան կասեմ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից այս ամենն ընդամենը բառախաղ է՝ ուրիշ ոչինչ»։