Այդ դասագրքում սխալ են ոչ միայն պատմությունը, այլև եկեղեցական նյութերը. Տ․ Միքայել արք. Աջապահյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքի վերաբերյալ մամլո ասուլիսին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարեց, որ դեռևս 2019 թվականի պայմանավորվածությամբ ստեղծված կրթական իրենց հանձնաժողովը պետք է գործակցեր պետական կրթական հանձնաժողովի հետ, այնինչ այդպես չի եղել:

Նա հայտնեց, որ իրենք մի շարք հանդիպումներ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախկին ու ներկա նախարարների ու փոխնախարարների հետ, սակայն գործակցությունն այդպես էլ չհաջողվեց:

«Մենք էլ, պարապուրդի մատնվելու փոխարեն, որդեգրեցինք ինքնուրույն աշխատելու տարբերակն ու ինքնուրույն մշակեցինք որոշ հարցեր, մեր տեսակետները հայտնեցինք հրապարակավ, նամակով, մամուլի ասուլիսի միջոցով: Իսկ նախկին նախարար Դումանյանի հետ հանդիպմանը հասանք այն ուլտիմատիվ վերջնագրային պահվածքին, որ՝ կա՛մ կհամաձայնեք Հայոց եկեղեցու պատմությունը սահմանափակել մեկ տարվա մեջ, կա՛մ դա էլ չեք ունենա, ինչը մենք մերժեցինք, ու դրանից հետո գրեթե որևէ կոնտակտ չի եղել»,- հիշեց նա:

Իսկ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում, ըստ Աջապահյանի,  ներկայացված չէ եկեղեցական նյութի ողջ ծավալը, իսկ եղածն էլ ներկայացված է խեղաթյուրմամբ, ինչն իրենց համար անընդունելի է:

Կարդացեք նաև

«Այդ ընթացքում նաև այլ կառույցներ ներկայացնող լուրջ գիտնականներ դեմ արտահայտվեցին այդ դասագրքին: Մեզ զարմանք հարուցեց այն, որ գրքի տիտղոսաթերթում ասվում է, թե իբր գիրքը պատրաստվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ գործակցությամբ, մինչդեռ որևէ հարաբերություն չի հաստատվել Մայր Աթոռի որևէ կառույցի հետ: Առ այսօր գոյություն ունեցող չափանիշներից էականորեն ու արմատապես տարբերվում են թե՛ պատմությունը, թե՛ եկեղեցական նյութերը»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս