Միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին ՀԱՊԿ-ի որոշմամբ կարող է տրվել նաև Երևանի հարցերի պատասխանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Դեռևս անցնող տարվա գրեթե ամբողջ ընթացքում ՀՀ գործող իշխանությունները բազմիցս հրաժարվել են առաջին դեմքով մասնակցել ԱՊՀ, ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ գագաթնաժողովներին ու նիստերին: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ դեռևս 2021 թվականին, ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակումից հետո իրենք դիմել են ՀԱՊԿ-ին ու օգնություն չեն ստացել՝ սուվերեն տարածքը պաշտպանելու համար:
«Այդտեղից սկսած՝ մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին, մինչև այժմ մենք չունենք այդ հարցերի պատասխանը։ Եվ սա է նաև պատճառը, որ չենք մասնակցում»,- ասել էր Արմեն Գրիգորյանը:
Այսօր սակայն, Փաշինյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ վաղը ներկա կլինի նաև ԱՊՀ ոչ պաշտանական գագաթնաժողովին:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը 168.am-ի հետ զրույցում, Փաշինյանի՝ ԵԱՏՄ նիստին մասնակցությունը պայմանավորեց երկու հանգամանքով.
«Հայ- ռուսական հարաբերություններում լարվածությունն ակնհայտորեն մեծացել է, ու ռուսական կողմը դիմել է որոշակի խստացումների կամ պատժամիջոցների՝ կապված Հայաստանի՝ դեպի ՌԴ գյուղատնտեսական բեռների տեղափոխման ու մի շարք այլ հարցերի հետ: Կա՛մ ճնշումն այնքան է մեծացել, որ Փաշինյանը պարտադրված է եղել նման որոշում կայացնել, կա՛մ գուցե դիվանագիտական ինչ-որ ճանապարհներով որոշակի պայմանավորվածությունների են հասել: Տեսնում ենք, որ չնայած հայկական կողմի այս խիստ հակառուսական դիրքորոշումներին, Ռուսաստանում կարծես թե որոշում կա Հայաստանի հետ որոշակի հարաբերություններ խորացնելու. ՀԱՊԿ քարտուղարն այցելեց Հայատան, մինչև դա ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն էր այցելել, հայտնել էր ՀՀ-ում ՌԴ կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի մասին: Այսինքն, ակնհայտ է, որ հայ- ռուսական հարաբերություններն այն չեն, ինչ երևում է մամուլի էջերում կամ պաշտոնյաների հայտարարություններում»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը:
Նրա խոսքով, կողմերի միջև առկա է նաև գործակցության երկրորդ հարթակ, որտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները ժամանակ առ ժամանակ կյանքի են կոչվում:
«Դրա համար ես անհամբերությամբ եմ սպասում այդ այցի ընթացքին՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում: Հետաքրքիր է, թե որքանով են կողմերն, այսպես ասած, պատրաստ հանդուրժել միմյանց բառապաշարը, ու իրականում ինչ կա թաքնված երկու պետությունների հարաբերություններում»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ավելի վաղ տեղեկություն ստացվեց, որ այս տարվա նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում մի շարք որոշումներ էին կայացվել, այդ թվում՝ նաև միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին:
Անդրադառնալով այսօրվա ԵԱՏՄ նիստին Հայաստանի մասնակցությունից հետո նաև ՀԱՊԿ տիրույթում օդային միասնական պաշտպանություն ունենալու որոշմանը միանալու հնարավորությանը՝ քաղաքագետը համոզմունք հայտնեց. Հայկական ու ռուսական կողմերը չպարզաբանված հարցեր ունեն, ու հայկական կողմը դեռ որոշակի ժամանակ կշարունակի պահել իր դժգոհությունը՝ կառույցի գործունեության վերաբերյալ:
«Մյուս կողմից էլ, կարծում եմ, որ այդ նույն ՀՕՊ համակարգերի հնարավոր տեղակայման գործընթացն ինքնին կարող է տալ Երևանին հուզող հարցերի պատասխանները: ՀՕՊ-ը պետք է պաշտպանի Հայաստանի օդային տարածքը: Էլի նույն հարթության մեջ է դրվում խնդիրը, թե ՀՀ տարածք ասելով՝ ինչ է հասկացվում ՀԱՊԿ-ում և այլ հարթակներում»,- ասաց նա՝ հավելելով, որ հնարավոր զարգացումներն ավելի հեշտ կլինի կանխատեսել՝ նիստի ավարտից հետո:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գործունեությունը քննադատող իշխանությունների կողմից ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու և այդ հարթակում գործակցությունը շարունակելու հնարավորություններին՝ Հրանտ Մելիք- Շահնազարյանը հիշեցրեց, որ հատկապես ՀՀ մերձիշխանական ուժերը պարբերաբար ուղերձներ են հնչեցնում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ գործակցության հարթակ մտնելու վերաբերյալ: Մինչդեռ, ըստ քաղաքագետի, իրականությունը կարող է բացարձակ այլ լինել:
«Այսինքն, ես այստեղ ներքին պայմանավորվածություններ եմ տեսնում Հայաստանի ու Ռուսաստանի միջև, որոնք այս պահին ակնհայտորեն վնասում են ՀՀ շահերին: Եթե ավելի պարզ ասեմ՝ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներն ամեն դեպքում, ինչ-որ երկրորդ պլան ունեն, որն այս պահին դեռևս չի բացահայտվում»,- եզրափակեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նազելի Ստեփանյան