Նիկոլ Փաշինյանն այսօր Արմեն Մելիքբեկյանին կվերանշանակի ՀՖՖ նախագահի պաշտոնում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) այսօր` սկսած 13:00-ից, գաղտագողի նախագահ կընտրեն, ավելի ճիշտ` կնշանակեն։
Երեկ ՀՖՖ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ Արմեն Մելիքբեկյանը, ըստ էության, չի ցանկանում, որ իր վերանշանակման առիթով իրեն կամ իրեն ընտրողներին հարցեր տան։ Հետևաբար լրագրողները պետք է բավարարվեն սոսկ ՀՖՖ յութուբյան ալիքով ուղիղ հեռարձակմանը հետևելով։ Թե ինչից է վախենում նախկին կյանքում լրագրող Արմեն Մելիքբեկյանը, դժվար չէ կռահել։
Արմեն Մելիքբեկյանի մրցակիցն Արաս Օզբիլիսն է` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացողը, եվրոպական ֆուտբոլային կրթությամբ ու կենսագրությամբ ֆուտբոլիստ։
Ուշագրավն այն է, որ Արմեն Մելիքբեկյանն ու նրա տեղակալը` Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանը, չեն բավարարվել միայն իրենց հաղթանակն անհայտ ծագման ակումբների միջոցով ապահովագրելուց։
Հիշեցնենք, այդ թերթի խմբագիրը, ըստ կայքէջի, Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, ով կարողանում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) կուրացիա անել՝ իր «նախկին» աշխատակից Արմեն Նիկողոսյանի միջոցով: Պատահական չէ, որ շատերը նրան ֆեդերացիայի «ստվերային նախագահ» են համարում:
Անգամ այս իրողության պայմաններում Արմեն Մելիքբեկյանը չխորշեց իր մրցակցին թերագնահատելուց` պաշտոնական լրատվամիջոցի՝ «Արմենպրեսի» միջոցով փոխանցելով` Արասը Ֆեդերացիա ղեկավարվելու փորձ չունի։
Երևի ինքն ու Նիկողոսյանն ի ծնե ֆուտբոլային կառույց էին ղեկավարել, այն դեպքում, երբ լրագրողական շրջանակներում նրանց համում էին «մուտիլովկաներ» գրողներ, դե իսկ հենց Արմեն Մելիքբեկյանը հայտնի է պրոադրբեջանական պրոպագանդայի թեզերով աշխատող մեդիայի համահիմնադիր, որի մասին բազմաթիվ նյութեր են հրապարակվել մամուլում:
Ինչևէ, ժամեր անց, թերևս, կամրագրվի Արմեն Մելիքբեկյանի վերարտադրությունը, վերանշանակումը ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Բայց մինչ դա այսօր տեղի կունենա, արձանագրենք` Արմեն Մելիքբեկյանի` ՀՖՖ նախագահի պաշտոնում վերանշանակմանը (իսկ դա է ուզում քաղաքական իշխանությունը, -Գ.Ս.) հրապարակայնորեն դեմ են արտահայտվել ֆուտբոլային հանրության ներկայացուցիչները` մարզիկներ, մարզիչներ, հասարակական հեղինակավոր գործիչներ, ակումբների ղեկավարներ, մարզական մեկնաբաններ։ Նշենք նաև, որ Արաս Օզբիլիսին այսօր իր հրապարակային աջակցությունը, ի թիվս այլոց, հայտնեց նաև հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լեգենդը` Միլանի Ինտերի ու համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Հենրիխ Մխիթարյանը։
Եվ վերջում. ընտրությունն ամեն դեպքում գաղտնի է, և ընտրող ակումբներն, անկախ նրանից, թե ինչ են իրենց խոստացել կամ դեմ տվել, հնարավորություն ունեն վերջնականապես չկործանել հայկական ֆուտբոլը։