Արան ֆանտաստիկ տեմբր ուներ, նման ձայն ոչ ոք չունի…կրիայի պես երբեմն փակվում էր ինքն իր մեջ. Արամո
Այսօր երգիչ, դաշնակահար Արա Մարտիրոսյանի հարազատները, ընկերները և նրա արվեստի երկրպագուները վերջին հրաժեշտը տվեցին երգչին։ Ծափահարություններով Արամ Խաչատրյանի անվան համերգասրահից նրան ճանապարհեցին դեպի հավերժություն։
Արա Մարտիրոսյանի վաղեմի ընկեր, երգիչ Արամոն լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արայի հետ ծանոթացել են Երգի պետական թատրոնում՝ 1995 թվականին։
«Դրանից հետո մեր ինտենսիվ հանդիպումները եղան, «Պիոներ» ակումբ կար, միակ ակումբն էր, որտեղ Արան էլ էր մեզ հետ երգում՝ Էմման, ես, Ֆորշը, Լիաննան, Արմինե Նահապետյանը… Ֆանտաստիկ, հիանալի օրեր են եղել «Պիոներ» ակումբում։
Արայի մասին մեկ բան կասեմ՝ ֆանտաստիկ տեմբր ուներ, հիանալի, թավշյա և բացառիկ պրոֆեսիոնալ էր երգի մեջ, շատ երաժշտական էր ու ճկուն։ Մեր երգիչներին բոլորին սիրում ու գնահատում եմ, բայց կարծում եմ՝ նման ձայնը մի քիչ ուրիշ էր։ Ցավոք, ինքը ֆիզիկապես հեռացավ մեզանից, բայց այս երգերը, որոնք կան, լսում եք, ինչպես մեր սիրելի Հայկոյինը… երկու իսկապես հիանալի արտիստներ հեռացան կյանքից։ Շատ ցավալի է, շատ, բայց մնացին այն երգերը, որոնք մեր հանրությունը լսելու է։ Այսինքն՝ գործ են արել, որը մնալու է, իրենք միշտ մեզ հետ են լինելու, նրանք միայն ֆիզիկապես չկան, միշտ լինելու են մեզ հետ»,- նշեց երգիչը։
Արամոն ասում է՝ հիշողություններով գնում է 1995 թվական, հետո՝ «Պիոներ» ակումբի աշխատանքային օրերը, որտեղ միշտ ներկա է Արա Մարտիրոսյանը։
«Ցավոք, Արան հետո գնաց Միացյալ Նահանգներ, կապն այդպես չէր, այսինքն՝ Միացյալ Նահանգներ-Հայաստան։ Շատ քիչ համերգներ էր լինում, որ մենք հանդիպում էինք, բայց մեր ամեն մի հանդիպումը շատ ջերմ է եղել։ Ցավում եմ, նա, բացի երգիչ լինելուց, ուղղակի հայ մարդ էր, երիտասարդ հեռացավ։ Աստված թող լույսերի մեջ պահի նրան։ Էլի եմ ասում՝ մնացին Արա Մարտիրոսյանի, մեր շատ սիրելի Հայկոյի, Վարդուհի Վարդանյանի, Արմեն Գևորգյանի…
Ամեն մարդ ունի իր ապրելու ժամանակահատվածը, գալիս է ժամը, պահը, որ դու արդեն պետք է լքես, թե երբ է լինելու, դա արդեն տնօրինելու է Աստված։ Վերջիվերջո, ամեն մեկս էլ գնալու ենք, ե՞րբ, չգիտեմ»,- հավելեց Արամոն։
Նրա բնորոշմամբ՝ Արա Մարտիրոսյանը նվիրվող ու բաց մարդ էր և բաց լինելը նրան շատ էր խանգարում։ Նա ամեն ինչին հավատում էր և ուներ բացառիկ հումոր։
«Շատ նվիրված էր և իր աշխատանքին, և ընկերությանը, երաժշտությանը։ Երբ մի բան անում էր, պետք է շատ կոնկրետ լիներ, կիսատ չէր թողնում։ Երբ երգի հետ կապված ինչ-որ բան ցույց էիր տալիս Երգի թատրոնում կամ «Պիոներ» ակումբում, պետք է կատարյալ լիներ։ Ասում եմ՝ շատ հիանալի, թավշյա, ուրիշ ձայն ուներ, կարծում եմ՝ այդ ձայնը միշտ կմնա մեր ժողովրդի ականջների մեջ։
Արան ինքնամփոփ էր, լինում էր, որ կրիայի պես մտնում էր իր կաղապարի մեջ, փակվում էր։ Ես դա նկատել եմ, ինքն իր մեջ առանձնանում էր, ինքն իր հետ կռիվ էր տալիս, ես որքանով փորձել եմ իրեն հասկանալ»,- եզրափակեց Արամոն։
Հիշեցնենք, որ Արա Մարտիրոսյանը մահացել էր դեկտեմբերի 15-ին «Նաիրի» ԲԿ-ում, նա 46 տարեկան էր։
«Նաիրի» բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Աննա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։
«Ի պատասխան լրատվամիջոցների զանգերի` հարգելի գործընկերներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ երեկ`դեկտեմբերի 15-ի, ժամը 16:20-ին սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը: Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ:
Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման: «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում արտիստի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին»,- գրել էր Աննա Ղազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում