Բաժիններ՝

Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 131-ի

Չինաստանում տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 131-ի, վիրավորների թիվը՝ 980-ի։ 16 մարդ անհետ կորած է։ Փրկարարները զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում փորձում են գտնել ողջ մնացածների։

Դեկտեմբերի 18-ին կեսգիշերից առաջ տեղի ունեցած երկրաշարժը մեծ ավերածություններ է արել Գանսուի և Ցինհայի նահանգներում։ Ստորգետնյա ցնցումները վնասել են ճանապարհները և էլեկտրահաղորդալարերը, ավերել ավելի քան 150 000 տուն, առաջացրել սողանքներ։

Չինաստանի տարբեր գերատեսչություններ հազարավոր աշխատողների ուղարկում են երկրաշարժից տուժած լեռնային շրջան՝ գտնելու ողջ մնացածներին և տեղավորելու անօթևան մնացած մարդկանց։

Երկրաշարժից տուժած տարածաշրջանը գտնվում է երկու բարձրավանդակների միջև՝ 1800-ից 4300 մ բարձրության վրա, ինչը բավական բարդ տեղանք է փրկարարական աշխատանքների համար, որոնք նաև դժվարանում են ըստ Ցելսիուսի սանդղակի -15 աստիճան ցրտի պատճառով։

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ -10 աստիճանում փլատակներում մնացած մարդկանց մոտ կարող է հիպոթերմիա զարգանալ, և նրանք ողջ մնալու շանսեր ունեն 5-10 ժամ, եթե վիրավոր չեն։

Գանսուի նահանգի սեյսմոլոգիական կենտրոնից հայտնել են, որ տարածաշրջանում առաջիկա օրերին հնարավոր են նաև մինչև 5 մագնիտուդով հետցնցումներ՝ հաշվի առնելով դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի բնութագրերը, սեյսմիկ ակտիվությունը և այլ գործոններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս