Վրաստանի միջնորդությունը կսահմանափակվի հումանիտար նախաձեռնություններով․ ի՞նչ նկատի ուներ Ղարիբաշվիլին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իր կառավարությունը շահագրգռված է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ և զգալի ներդրում ունի այդ նպատակի իրագործման մեջ։

Ինչպես հաղորդում է վրացական Agenda կայքը, Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ իր կառավարության միջնորդական նախաձեռնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնկրետ արդյունքներ է տվել։ Նա ընդգծել է, որ Վրաստանը բարեկամական հարաբերություններ ունի տարածաշրջանի գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

«Ես կցանկանայի մատնանշել այն, որ որոշ ժամանակ առաջ Վրաստան էին ժամանել Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները։ Մենք՝ երեք երկրների ղեկավարներս, եզակի հնարավորություն ունեցանք միասին հանդիպելու։ Կարծում եմ, որ դա շատ հետաքրքիր նախադեպ էր, որը մենք ստեղծեցինք»,- ասել է Ղարիբաշվիլին։

Այս տարվա հոկտեմբերին Թբիլիսիում անցկացվեց «Մետաքսի ճանապարհի» չորրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցեցին Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները։ Ղարիբաշվիլին այդ օրը վերահաստատեց, որ Վրաստանը պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին՝ կարգավորելու երկարամյա հակամարտությունը։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ համարելով այն խաղաղության օրակարգի կարևոր մաս։ Հոկտեմբերին աշխատանքային այցով Թբիլիսի ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Երևանի հետ։

Կարդացեք նաև

Խոսելով Վրաստանի միջնորդական ներուժի մասին, 168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան, եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ ամենայն հավանականությամբ Ղարիբաշվիլին, որպես կոնկրետ արդյունք, նկատի ունի այն, որ կողմերը սկսեցին սահմանին հանդիպել և խոսել սահմանազատման գործընթացի մասին։ Գուցե, ըստ նրա, Ղարիբաշվիլին նաև նկատի ունի կողմերի տարածած համատեղ հումանիտար բնույթի հայտարարությունը, որն արդեն հետո համաձայնեցվեց, և որին իր մասնակցությունը, ինչպես կարելի է ենթադրել, ունեցավ ամերիկյան կողմը։

«Ակնհայտ է, որ Վրաստանն ամենաշահագրգռված երկրներից է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը լուծեն բոլոր հարցերը, ամենաանկեղծն է այդ ցանկության հարցում, քանի որ անմիջականորեն տարածաշրջան է կիսում Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ինչը նշանակում է, որ գրեթե նույնական են թե մարտահրավերները, թե նաև դրանց հաղթահարումը։ Վրաստանի շահագրգռության առաջին պատճառը դա է, իսկ մյուսը՝ ռեգիոնալ նախաձեռնություններից դուրս չմնալը, քանի որ ռեգիոնում մի շարք երկրներ ակտիվորեն առաջ են մղում հնգակողմ ձևաչափ, հրավիրում են նաև Վրաստանին, որը դրան չի մասնակցում ՌԴ մասնակցության պատճառով։

Ըստ էության, այդ ձևաչափը ձևավորվել է Հարավային Կովկասի և Հարավային Կովկասում անմիջական ազդեցություն ունեցող ռեգիոնալ տերությունների շուրջ, որոնք գուցե ապագայում փորձեն այդ ձևաչափի շրջանակում լուծել Հայաստան-Ադրբեջան որոշ հարցեր։ Եթե Վրաստանը չմասնակցի որևէ կերպ այդ ձևաչափին, ազդեցության կորուստներ կունենա։ Թեև փոքր կորուստ, սակայն Վրաստանում համարում են, որ Վրաստանի առանձին նախաձեռնություններով կարելի է բազմակողմ ձևաչափին չմասնակցելու բացը լրացնել»,- ասաց Գոգոլաշվիլին։

Մյուս կողմից, նրա խոսքով, տեսնում ենք, որ հակամարտությունը միջազգայնացված է աշխարհաքաղաքական այս դիմակայության պայմաններում, ռեգիոնների սահմանները, աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության գոտիները փոխվում են։

«Տեսնում ենք, որ նախկինի համեմատ՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը ուրիշ թափով են աշխատում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Վրաստանը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի մտերիմ գործընկերն է, կիսում է նույն արժեհամակարգը, քաղաքական նպատակները, նշանակում է, որ Վրաստանը Հայաստան-Ադրբեջան քաղաքական կարգավորման գործընթացում չի կարող ավելի ազդեցիկ լինել, քան ԱՄՆ-ը ու ԵՄ-ն։ Ուստի այն, ինչ ներկայումս անում է և գուցե ապագայում անի Վրաստանի կառավարությունը, չեմ կարծում, որ կլինի ավելի ազդեցիկ։ Այս պահին Արևմուտքի համար կարևոր է բարձրաստիճան հանդիպումների կազմակերպումը Բրյուսելում կամ Վաշինգտոնում։ Կարծում եմ՝ Վրաստանն աջակցում է այս օրակարգին»,- ասաց մեր զրուցակիցը։

Իր հերթին՝ վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ Վրաստանը մշտապես ցանկացել է դառնալ բանակցային հարթակ, սակայն դա չի հաջողվել նախկինում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի առկայության պատճառով, իսկ ներկայումս այն փլուզվել է, սակայն հակամարտությամբ զբաղվում են գրեթե նույն երկրները, որը ցույց է տալիս հակամարտության կարևորությունը գերտերությունների համար։

Ըստ նրա, ներկայումս ընկալումն այնպիսին է, որ՝ «երկիրը միջնորդի կողմերին՝ գալ վերջնական համաձայնության, կհաստատի ազդեցություն Հարավային Կովկասում»։

«Դա ինչ-որ տեղ այդպես է։ Սակայն ազդեցությունը սկսվում է մինչ հակամարտության կարգավորումը, եթե այն չկա, միայն միջնորդությամբ ևս ոչինչ հնարավոր չէ ստանալ։ Դա է պատճառը, որ Հարավային Կովկասում, որն ավանդաբար ռուսական ազդեցության գոտին էր, ԵՄ-ն վերջապես սկսեց որոշ ռեսուրսներ ներդնել, քաղաքական որոշումներ կայացնել, որպեսզի ստանա հավելյալ ազդեցություն, հետևաբար՝ միայնակ միջնորդելու հնարավորություն և հետագայում ռեգիոնում ազդեցությունը պահպանելու հնարավորություն։

Մյուս կարևոր հանգամանքը, ըստ իս, այն է, որ երկրների կշիռը, որոնք միջնորդում են, չափազանց կարևոր է։ Նախկինում հակամարտության չկարգավորման պատճառներից մեկը նաև այն էր, որ ԵԱՀԿ ՄԽ դիվանագետների մակարդակը բավարար չէր նման բարդ հակամարտության բանակցային գործընթացի համար։ Այն պահանջում էր ավելի բարձր մակարդակի միջամտություն։ Ներկայումս տեսնում ենք, որ հակամարտությամբ ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում է անձամբ պետքարտուղար Բլինքենը, և նրա միջնորդությունը հնարավոր է դարձնում ուշ-ուշ հանդիպումներ։ Այս ամենը Վրաստանում հասկանում են»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, վրաց իշխանությունները գոհ կլինեն նաև հումանիտար իրավիճակի բարելավման հարցում դերակատարություն ունենալու համար, քանի որ թե՛ պատերազմից, թե՛ վերջերս Ղարաբաղում զարգացումներից հետո բազմաթիվ հումանիտար խնդիրներ կան ռեգիոնում։

«Ուստի կարծում եմ՝ Վրաստանը փոքր քայլերով կմասնակցի գործընթացին, ինչպես և բոլոր այն երկրները, որոնք ունեն շահեր՝ կապված Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Եվ այդ հարցում կարծես մրցակցությունը բավականին թեժ է, թե եվրոպական որ երկիրը կհայտնվի միջնորդության սեղանին՝ ԱՄՆ-ը, թե ԵՄ-ն առաջ կտանեն բանակցային գործընթացը, թե դա կանի Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան կամ շահագրգիռ մեկ այլ երկիր»,- նկատեց Մենաղարիշվիլին։

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, դատելով իրավիճակի բարդությունից՝ իրավիճակի վրա ազդելու ամենամեծ հնարավորությունն ունի Վաշինգտոնը, բայց աշխարհաքաղաքական տուրբուլենտությունն այդ ջանքերն էականորեն թուլացնում է և կարգավորման գործընթացը գցում անորոշության փուլ, որում հիմա է։

«Թեև երկու կողմից էլ խոսում են խաղաղության համաձայնագիր ստորագրելու մասին, բայց միևնույն է՝ կողմերի միջև խնդիրները պահպանվում են, երբեմն՝ սրվում, իրավիճակը սահմանին լարվում է, և այսպես շարունակ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս