Վերին Լարսը եղանակի պատճառով է փակվում, քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ վերին Լարսում հայ տնտեսվարողների համար խնդիրներ առաջանում են միայն եղանակային պայմաններով պայմանավորված։

«Նախկինում եղանակային պայմաններով պայմանավորված՝ տարեկան մինչև 40 օր Լարսը փակ է եղել, իսկ այս տարի միայն 3-4 օր է փակ եղել, կամ մեկ շաբաթ։ Նույնիսկ այս իրավիճակում այն աշխատանքը, որը մենք արել ենք նախորդ տարիների ընթացքում, հանգեցրել է նրան, որ այս տարի Վերին Լարսը բաց է եղել առավելագույն թվով օրեր։

Նույնիսկ Եվրասիական տնտեսական միության հետ առևտուրն անցած տարվա համեմատ աճել է 41 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է և մոտավորապես 5,7 մլրդ դոլարի է հասել, որը էական բարձր թիվ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Քերոբյանը։

Ըստ Էկոնոմիկայի նախարարի, առևտրաշրջանառությունը բոլոր երկրների հետ էլ աճել է, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի հետ, բայց ՌԴ-ի հետ ամենացածր տոկոսն է։

Կարդացեք նաև

«Պարզապես ՌԴ-ն մեր տրադիցիոն առևտրային գործընկերն է, նույնիսկ փոքր աճը մեծ թիվ է կազմում։

Պետք է այնպես անել, որ ցանկացած ուղղության, ցանկացած գործընկերոջ հետ առևտրաշրջանառությունը չգերազանցի 20 տոկոսը կամ արտահանման 20 տոկոսը։ Այդ դեպքում է, որ բալանասավորված ռիսկեր կլինեն։ Պատկերավոր ասած՝ եթե ունենք ռեստորան, որն ունի մեկ հաճախորդ, ապա որքան էլ լավը լինի այդ հաճախորդը, հնարավոր է՝ նա մի օր չգա ռեստորան, և փակվեք։ Այնպես պետք է անել, որ ռեստորան շատ մարդիկ գան, ցանկալի է՝ տարբեր երկրներից»,- շեշտեց Վահան Քերոբյանը։

Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ ԵԱՏՄ նիստին, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ տեղեկություններ չունի։ Կարծում է, որ Հայաստանը բոլոր երկրների հետ պետք է հաստատի սեփական շահերից բխող քաղաքականություն։ Բնականաբար, գլխավոր առևտրային գործընկերների հետ հարաբերությունները պետք է լինեն պատշաճ մակարդակի վրա։

Տեսանյութեր

Լրահոս