Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի մի քանի շրջաններում մարտական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) դադարեցրել է մարտական գործողությունները Գազայի հատվածի հարավի Ռաֆահ քաղաքի առանձին շրջաններում և բացել հումանիտար միջանցք։ Այդ մասին հայտնել է ԻՊԲ արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրային։
«Առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00-ը Ռաֆահի Աս Սալամ թաղամասում մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների տեղային և ժամանակավոր մարտավարական դադարեցում է լինելու՝ մատակարարումների նպատակով», – նշված է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրությունում:
Բացի այդ, Գազայի հատվածի հյուսիսի բնակիչներին կոչ է արվել գնալ ապաստարաններ տեղի ժամանակով ժամը 10:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում։
Ադրային նաև նշել է, որ Գազայի հատվածի հարավի Խան Յունիս քաղաքի շրջանում մարտերը և Իսրայելի պաշտպանության բանակի առաջխաղացումը «թույլ չեն տալիս խաղաղ բնակչությանը շարժվել» Սալահ ադ Դին ճանապարհով։ Ըստ հաղորդագրության՝ Իսրայելի բանակը քաղաքացիական բնակիչներին թույլ կտա հեռանալ այդ շրջանից շրջանցիկ ճանապարհով, որը գտնվում է Խան Յունիսի արևմուտքում։
Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում ոչ միայն Գազայի հատվածի հյուսիսում, այլև հարավում։ Իսրայելական գնդակոծությունների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 18 600-ի, վիրավորների թիվը՝ 50 000-ի։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ Պատանդներից շուրջ 100-ը 7-օրյա հրադադարի ժամանակ փոխանակվել են Իսրայելում բանտարկված շուրջ 240 պաղեստինցիների հետ։ Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդներից մի քանիսը մահացել են։