Պապոյան Գևորգը թարս չափալախ տվեց Փաշինյանին՝ նրա դեմ ցուցմունք տալով. Սուրեն Սուրենյանց

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կայացավ Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես եկավ ելույթով և կրկնելով Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած նախադասությունները՝ հայտարարեց. «Մենք հանձնառու ենք այնքան մոտենալ ԵՄ-ին, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»։

Միրզոյանը նաև ավելի հեռուն գնաց՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը ձգտում է դեպի եվրոպական արժեքներ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ Միրզոյանի վերը նշված ձևակերպումն օրակարգ չունեցող իշխանության  ղեկավարի ձևակերպումն է. հասկանալի չէ, ի՞նչ է նշանակում՝ ԵՄ-ին կմոտենանք այնքան, որքան ԵՄ-ն թույլ կտա։

«ԵՄ-ն ասել է, թե որքան թույլ կտա Հայաստանին. օրինակ, բացահայտ ասել են, որ սպառազինություններ Հայաստանին չեն պատրաստվում մատակարարել, իսկ ավելի պարզ՝ զգուշացնում են՝ անվտանգության հարցով մեզ վրա հույս չդնեք։ Գերմանիայի Բունդեսթագի Պաշտպանության հանձնաժողովի նախագահն էլ հատուկ չհասկացողների համար ավելի մանրամասնում է՝ ասելով՝ Գերմանիան չի կարող Հայաստանին սպառազինություն մատակարարել, որովհետև իրենք արդեն իսկ երկու պատերազմ են սպասարկում»,- ասաց Սուրենյանցը՝ շեշտելով՝ ԵՄ-ն մեզ շատ հստակ ասում է, որ իրենց հետաքրքիր ենք այնքանով, որքանով կլինենք հակաիրանական և հակառուսական երկիր, հետևապես՝ այդքան են թույլ տալու մեզ մոտենալ ԵՄ-ին։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Միրզոյանի՝ Բրյուսելում արած հայտարարության այն հատվածին, թե հայ ժողովուրդը ձգտում է դեպի եվրոպական արժեքներ, Սուրենյանցը նկատեց՝ Միրզոյանի ասածն ընդամենը դատարկ վերնագիր է, ուրիշ ոչինչ։

«Չեմ հիշում, որ «Քաղաքացիական պայմանագիրը» 2021 թվականին ընտրության է գնացել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու խոստումներով։ Ավելին, Փաշինյանը վերընտրվել է՝ խոստանալով հայ-ռուսական խորացող հարաբերություններ, և վերընտրվել է Վլադիմիր Պուտինի աջակցությամբ, հետևապես՝ Միրզոյանը թող մի կողմ թողնի այդ ճռճռան բառերը, որովհետև իրենք մնացել են Եվրամիության հետ ինտեգրման այն շրջանակում, որի հիմքը դրել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսքը ՍԵՊԱ-ի մասին է»,- ասաց Սուրենյանցը՝ հայ ժողովրդին եվրոպական արժեքների ձգտող համարող Արարատ Միրզոյանին հիշեցնելով՝ չի կարող որևէ խելամիտ մարդ հույս կապել ԵՄ-ի, Արևմուտքի որևէ խոստման հետ, որովհետև Ուկրաինան, որն այլևս որպես ծաղկուն պետություն՝ գոյություն չունի, ապացուցում է, որ նրանց հետ հույս կապողն արժանանում է տարածքային և մարդկային մեծ կորուստների։

Ըստ Սուրենյանցի՝ Հայաստանին սպառնում են նոր արհավիրքներ, ծանր է լինելու հատկապես 2024 թվականի գարունը, քանզի Հայաստանի գործող իշխանությունը սպասարկում է Ադրբեջանի շահերը, ինչի հերթական ապացույցն էր Գևորգ Պապոյանի՝ երեկ Ազգային ժողովում արած հայտարարությունը, թե իրենք ռևանշ չեն անելու Ադրբեջանի դեմ։

«Պապոյան Գևորգը երեկ Փաշինյանին թարս չափալախ հասցրեց՝ ասելով, թե Արցախը հանձնել են, կործանել, եկել Հայաստանում են հավաքվում (նկատի ունի Արցախի իշխանությանը)։ Բոլորս գիտենք, թե ո՞վ է ստորագրել Արցախի կործանման ակտը, դա ստորագրել է Փաշինյանը, հետևապես՝ կարող ենք ասել, որ Պապոյան Գևորգը ցուցմունք է տվել Փաշինյանի դեմ»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս