Ադրբեջանի հետ մերձեցումը կամրապնդի Փաշինյանի դիրքերը Հայաստանում, ինչի կարիքն այժմ նա իսկապես ունի. Միլի-մեջլիսի պատգամավոր
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Միլի-մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջուն, անդրադառնալով գերիների փոխանակման հարցին և դրա շուրջ բանակցությունների ընթացքում հայկական կողմի գործողություններին, հատկապես գնահատել է Կլիմայի փոփոխության կոնֆերանսն Ադրբեջանում անցկացնելու հարցում Հայաստանի աջակցությունը` պաշտպանելով այդ երկրի թեկնածությունը:
Պատգամավորը հիշեցրել է մեկ տարի առաջ Լաչինի միջանցքի մոտ, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստների» բողոքի ակցիան, որով, նրա կարծիքով, իրենց հաջողվել է լուծել բնական պաշարների «ապօրինի» շահագործման հարցը։ «Եվ հիմա մենք տեսնում ենք համագործակցություն բնապահպանական հարցերի շուրջ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այս համագործակցությունը կարող է հիմք դառնալ մոտ ապագայում «Խաղաղության պայմանագրի» ստորագրման, և գուցե նույնիսկ հաղորդակցությունների բացման և դիվանագիտական ճանաչման համար»:
Ադրբեջանցի պատգամավորի մեկնաբանությամբ՝ չափազանց շատ արտաքին ուժեր են միջամտել երկու երկրների միջև բանակցային գործընթացին՝ «միտումնավոր բարդացնելով երկրների հարաբերությունները»:
2020 թվականի պատերազմը, Զահիդ Օրուջուի բնորոշմամբ, «աշխարհաքաղաքական հեղափոխություն» էր և, ըստ նրա, երբ Թուրքիան և Ռուսաստանը համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծեցին, նույնիսկ խոսակցություններ կային տարածաշրջանն ազդեցության գոտիների բաժանելու մասին։ Այդ ժամանակ, հարցազրույցում նշում է ադրբեջանցի պատգամավորը, «ԱՄՆ-ը Հայաստանին առաջարկեց 2,6 միլիարդ դոլարի օգնություն՝ նրան իր կողմը գրավելու համար»:
Այս նախաձեռնությունն ադրբեջանցի պատգամավորը «կոռուպցիոն» է համարում՝ ասելով, որ «Արևմուտքը սկզբում Ադրբեջանին առաջարկել է 300 մլն եվրո, սակայն պետության ղեկավարի բողոքից հետո այդ գումարը հասցվել է 2 մլրդ եվրոյի», ապա ավելացում, որ այս ամենն արվում է տարածաշրջանն իր ազդեցության տակ վերադարձնելու համար:
«Ես միշտ համաձայնել եմ, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կբացահայտի գործընթացի իրական թշնամիներին։ Այլևս չեն էլ թաքնվում։ Բոլորը հանել են դիմակները և բաց խաղ են խաղում»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։
Միլի-մեջլիսի պատգամավորի կարծիքով, ստեղծված իրավիճակում Ադրբեջանի հետ մերձեցումը կամրապնդի Փաշինյանի դիրքերը Հայաստանում, ինչի կարիքն այժմ նա իսկապես ունի. «Դրա շնորհիվ վարչապետ Փաշինյանն ազատվում է արևմտյան ազդեցությունից»։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը