Բաժիններ՝

«Գուրջիև» համույթը երաժշտասերներին է ներկայացրել «Զարթիր» սկավառակը

«Գուրջիև» համույթը, որի գեղարվեստական ղեկավարը Լևոն Էսկենյանն է, օրերս երաժշտասերներին է ներկայացրել երրորդ սկավառակը, որը կոչվում է «Զարթիր»: ECM Records-ի թողարկած ալբոմում ընդգրկված են Գեորգի Գուրջիևի տասը ստեղծագործություն՝ Լևոն Էսկենյանի գործիքավորմամբ:

Սկավառակը լսելով՝ հնարավոր է պատկերացում կազմել հայկական ավանդական երաժշտության մասին, քանի որ ներառված են նաև Բաղդասար Դպիրի, Սայաթ-Նովայի, Ջիվանիի գործերը:

«Musika» ասոցիացիայի պրոդյուսեր Անի Գասպարյանի խոսքով՝ սկավառակում ընդգրկված ստեղծագործություններն արդեն հասանելի են «Սփոթիֆայ» և այլ երաժշտական հարթակներում, իսկ հունվարի 27-ին Ժնևի «Ալամպրա» դահլիճում համույթը հանդես կգա համերգային ծրագրով՝ ներկայացնելով «Զարթիր» ալբոմը:

«Համոզված եղեք, որ շատ մեծ հետաքրքություն կա անսամբլի նկատմամբ»,- ըստ «Արմենպրեսի»՝ ասաց Գասպարյանն ու հավելեց՝ համերգը մեծ նվաճում է լինելու, որովհետև բարձր մակարդակով են ներկայացվելու հայ միջնադարյան երգարվեստի փիլիսոփայությունն ու հայկական ազգային գործիքները:

Անի Գասպարյանն ընդգծեց, որ սկավառակի վրա պատկերված է հայազգի ճանաչված ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից մի դրվագ և հիշեցրեց, որ 2024 թվականի հունվարին լրանում է Փարաջանովի 100-ամյակը, ինչի առթիվ հնարավոր է կազմակերպվի հեղինակի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:

Միջազգային ճանաչում ունեցող «Գուրջիև» համույթը կազմված է Հայաստանի առաջատար երաժիշտներից: 2008 թվականին այն հիմնադրել է Լևոն Էսկենյանը` նպատակ ունենալով ներկայացնել հայ մեծանուն փիլիսոփա, պարուսույց և երաժիշտ Գ. Ի. Գուրջիևի երաժշտությունը, այնուհետև ծրագիրն ընդլայնել է Կոմիտասի, հայ հոգևոր և աշխարհիկ, աշուղական, ինչպես նաև ժամանակակից երաժշտությամբ։

Հեղինակավոր ECM Records-ի հրատարակած «Music of Georges.I. Gurdjieff» դեբյուտային ալբոմն արժանացել է մի շարք մրցանակների՝ այդ թվում Նիդերլանդներում լավագույն ալբոմ «Էդիսոն» մրցանակին։ 2015 թվականին թողարկված «Komitas» ալբոմն առաջատար ռադիոկայանների կողմից ընդգրկվել է 10 լավագույն սկավառակների շարքում:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս